«Նաիրիտին» վնասեցին ագահությունն ու ամբիցիաները

20/04/2007

«168 Ժամի» նախորդ համարներից մեկում՝ «Նաիրիտ». Այստեղ իրենց փողերը հաշվել գիտեն» հոդվածի հրապարակումից հետո խմբագրությունն էլեկտրոնային փոստով մի նամակ է ստացել, որը մեզ է ուղարկել «Նաիրիտի» նախկին կառավարիչ, «Նաիրիտ տրաստ» ընկերության տնօրեն Սամվել Մուրադյանը: «Նաիրիտ տրաստը» «Նաիրիտ» գործարանում կառավարիչ է եղել 2003-2004թթ.: Ս. Մուրադյանի հետ կապվելու մեր ջանքերն իզուր էին, քանի որ վերջինս բնակվում է Մոսկվայում: Ստորեւ ներկայացնում ենք Ս. Մուրադյանի նամակի ռուսերենից թարգմանված տեքստը, որը բավական հետաքրքիր տեղեկատվություն է պարունակում:

Շնորհակալություն «Նաիրիտի» մասին հոդվածի համար: Վերջին ժամանակներս շատ քիչ հավաստի տեղեկատվություն կարելի է ստանալ «Նաիրիտի» մասին: Կարծում եմ, որ «Նաիրիտի» մասին պետք է հաճախակի գրել: Ձեր հոդվածում, սակայն, կար մի փոքր սպրդում, որն իհարկե չի փոխում խնդիրը, եւ իսկապես, ի՞նչ է լինելու «Նաիրիտի» հետ, եւ ո՞վ է գործարանի տերը: Իմ տեղեկություններով՝ «միստեր X»-ին ոչ ոք գործարանում չի տեսել: Կարծում եմ, որ նա ընդհանրապես գոյություն չունի: Ինչ վերաբերում է Անդրե Նարսիսյանին, նրան պարզապես խնդրել են «միստեր X»-ի փոխարեն ժամանել Հայաստան եւ հանդես գալ հանրության առաջ, քանի որ նա Ֆրանսիայի քաղաքացու անձնագիր ուներ: Լենինյան կոմսոմոլի ոգով կազմակերպված PR արշավը կազմակերպվել է այն մարդկանց կողմից, որոնց մասին դուք հիշատակել էիք ձեր հոդվածում:

Մի քանի խոսք «Նաիրիտ տրաստի» եւ «Հայկապբանկի» հետ պայմանագիրը խզելու մասին: Կաուչուկի շուկայում ես աշխատում եմ 1998թ.-ից: 2002թ. դեկտեմբերին Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունից «Նաիրիտի» համար ներդրողներ գտնելու առաջարկ ստացա: Իրավիճակը «Նաիրիտում» շատ բարդ էր: «Ռանսաթը» թողել էր գործարանը, մի քանի ամիս աշխատավարձ չէր վճարել, եւ, որ ամենակարեւորն է, այդ ամենը կատարվում էր Հայաստանում նախագահական ընտրությունների նախօրեին: Եթե հիշում եք՝ գործարանի աշխատողների մասսայական ցույցեր եղան կառավարության եւ ԱԺ շենքերի առջեւ: Մի խոսքով, իրավիճակը լավերից չէր: Նման իրավիճակում ներդրողներ փնտրելն անիմաստ էր: Եվ արդեն որոշված էր ֆինանսական միջոցներ գտնել «Նաիրիտի» վերագործարկման համար` իրավաբանական տեսքի բերելով գործարանի ողջ փաստաթղթերը, ինչը ենթադրում էր, որ ներդրողն ինքը կհայտնվեր:

«Նաիրիտ տրաստը» մինչեւ 2004թ. ապրիլը անգամ չի էլ լսել «Վոլգաբուրմաշի» մասին: Ես չեմ խոսի գործարանում տիրող իրավիճակի մասին. երբ մենք առաջին անգամ ոտք դրեցինք այնտեղ, այդ ժամանակ 2003թ. մարտն էր: Միայն ասեմ, որ այն մարդիկ, ում առաջնորդել էի գործարան եւ որոնցից ֆինանսական միջոցներ էի խնդրել, ուղղակի «շոկի» մեջ էին: Նրանք թերահավատ էին, որ նման իրավիճակում հայտնված գործարանը հնարավոր է վերագործարկել: Գործարանը չուներ որեւէ իրավական փաստաթուղթ, ամբողջ արտադրանքը պահեստավորված էր եւ անգամ առաջիկա տարվա արտադրության համար նախատեսված միջոցները գրավ էին դրված վարկատուների մոտ: «Ռանսաթը» չէր վերադարձրել «Հայկապբանկի» բաժնետոմսերը, ուստի գործարանի բոլոր բանկային հաշիվները հայտնվել էին կալանքի տակ: Իրավիճակը ռիսկային էր այն առումով, որ նախ՝ հարկավոր էր համոզել մարդկանց, որ փող տային, եւ երկրորդ՝ համոզել, որ ի վիճակի ես այդ գումարը ետ վերադարձնել: Այս ամբողջ պատասխանատվությունը «Նաիրիտ տրաստը» վերցրեց իր վրա: «Նաիրիտ տրաստը» գործարանում ներդրել է 4մլն դոլար, որոնք առաջնահերթ ուղղվել են երկու ամիս չվճարված աշխատավարձի մասով պարտքի մարմանը, մասնակի վճարվել է էներգակիրների, հումքի համար եւ նաեւ գործարանում կատարվել են վերանորոգա-վերականգնողական աշխատանքներ:

«Նաիրիտ տրաստի» համար այն ժամանակ շատերն էին «աղոթում» եւ, առաջին հերթին՝ «Հայկապբանկը», որը երջանիկ պատահականությամբ դարձել էր «Նաիրիտի» ածանցյալը: Հավատարմության մասին երդումները հօդս ցնդեցին, երբ կրկեսի հարթակում հայտնվեց «Վոլգաբուրմաշը»: Մեր ընկերությանը եւ գործարանի կոլեկտիվին մոտիկ չէին թողնում բանակցային գործընթացին, անգամ կնքված պայմանագրի ժամկետների մասին ես տեղեկացել եմ օրեր հետո, իսկ ՀՀ նախագահի եւ «Վոլգաբուրմաշ» ընկերության ղեկավարների հանդիպման մասին տեղեկացել եմ հեռուստալուրերից: Բոլոր դեպքերում՝ ես ուրախ էի, որ նման մեծ արտադրական կազմակերպություն է մուտք գործում գործարան, եւ «Նաիրիտի» առողջացման ծրագիրն իրագործվում է: Արդեն 2004 թվին «Նաիրիտ տրաստի» գլխին ամպեր էին կուտակվում, եւ իմ միակ խնդիրն էր՝ գոնե վարկատուներին վերադարձնել ներդրած գումարների կեսը: Նշեմ, որ մեր կառավարման ժամանակաշրջանում իմ կազմակերպությունը ոչ գործարանից եւ ոչ էլ սեփականատերերից ոչ մի ցենտ չի ստացել: Հիշեցնեմ, որ 2001 թվից սկսած «Նաիրիտը» կառավարող բոլոր կազմակերպություններն էլ ապաշնորհ կառավարման համար ամսական մոտ 50 հազար դոլարի պարգեւատրում են ստացել: Ներկայիս սեփականատերերի` «Rhinoville»-ների աշխատավարձը 700 հազար դրամ է կազմում, իսկ գործարանում միջին աշխատավարձը 35 հազար դրամ է: Վերջին տասնամյակում գործարանում աշխատավարձը բարձրացվել է միայն «Նաիրիտ տրաստի» ժամանակներում:

2004թ. սեպտեմբերին «Վոլգաբուրմաշի» խնդրանքով «Հայկապբանկը» դադարեցրեց «Նաիրիտ տրաստի» գործունեությունը: Երկու ամիս հետո «Վոլգաբուրմաշը» հրաժարվեց գործարքից, թեպետ բաժնետոմսերն արդեն գնված էին: Այն, ինչ կատարվեց հետո, արդեն օրինաչափություն էր: Մեծ պարտատերերը ստանձնեցին գործարանի կառավարումը, եւ բաժնետոմսերը հայտնվեցին այնտեղ, որտեղ պետք է լինեին` պետության ձեռքում:

Իմ գնահատականով մեծ էր Միջպետական բանկի դերը: Նա գործարանին հնարավորություն տվեց 2 տարի անընդմեջ աշխատել: Միջպետական բանկի կողմից է ստեղծվել «Ինտերկաուչուկ» ընկերությունը, որի ղեկավարն էր Սերբկովա Տատյանա Գենադիեւնան, ով մեր տեղական կաուչուկը միջազգային շուկայում ներկայացնելու ուղղությամբ ահռելի աշխատանք է կատարել: Այն, որ մեր կաուչուկի համար հերթի են կանգնում, դա նրա աշխատանքն է:

Դուք գիտեք, որ ագահությունն ու ամբիցիաները սահման չունեն: 2007թ. «Նաիրիտի» բաժնետոմսերը գնելուց հետո «Rhinoville Property Limited» ընկերության վստահելի անձինք, ովքեր Միջպետական բանկի չինովնիկներ են, աշխատողներին փողոց շպրտելով, դադարեցրին «Ինտերկաուչուկի գործունեությունը», եւ ներկայումս «Rhinoville»-ը սեփականատիրոջ իրավունքով ինքն է միանձնյա իրականացնում կաուչուկի իրացումը: Սակայն, թե ինչո՞ւ է սեփականատերն իջեցնում գինն ու ավելացնում գործարանի պարտքերը՝ պարզ չէ: Թերեւս դա նոր բիզնես ոճ է, բայց դա երեւի միջակ ուղեղների համար չէ:

«Նաիրիտի» կաուչուկի գնի մասին կարող եմ ասել, որ «Ռանսաթի» ժամանակ գինը տատանվում էր 1500 դոլարի շրջանակներում, եւ այն էլ այդ փողերը երբեք գործարան չէին մտնում: Մեր ժամանակներում մենք վաճառում էինք 2150-2450 դոլարով: Ներկայիս իրավիճակին դուք լավ եք տիրապետում:

Կարծում եմ, դուք պետք է պնդեք, որ գործարանից հավաստի ինֆորմացիա տրամադրեն: Այդպիսով դուք «Նաիրիտին» անգնահատելի օգնություն ցուցաբերած կլինեք: Վստահորեն կարող եմ ասել, որ «Նաիրիտ» գործարանին ոչ ոք հարկավոր չէ. ոչ օֆշորները, ոչ սնանկացած բանկերը եւ ոչ էլ այն թափթփուկները, ովքեր տասնամյակ շարունակ պտտվում են «Նաիրիտի» շուրջ: Գործարանը կարող է կառավարության հսկողության ներքո ինքնուրույն դուրս գալ ստեղծված իրավիճակից, դա գործարանի ուժերից վեր չէ: Իսկ այն կազմակերպությունները, որոնք կարող են աջակցել գործարանին, այս շրջանում «Նաիրիտի» վերածնման քաղաքականություն կիրականացնեն: Կարծում եմ, որ այդպես էլ լինելու է:

Հարգանքներով՝

«Նաիրիտ տրաստ» ՍՊԸ
տնօրեն՝ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ