2007թ. գյուղատնտեսական տարվա սկիզբը մտահոգում է թե՛ գյուղացիներին, թե՛ ոլորտի պատասխանատուներին: Ապրիլ ամսին անընդհատ գրանցված տեղումները, մեղմ ասած, ցանկալի չեն գյուղատնտեսության բոլոր ճյուղերի՝ բուսաբուծության, պտղաբուծության, նույնիսկ անասնապահության համար:
Այս օրերին առատ ձյուն է տեղում հանրապետության բարձրադիր վայրերում, իսկ Արարատյան դաշտավայրում անդադար անձրեւում է: Բացի այդ, այս ամիս ջերմաստիճանը բավականին ցածր է եղել, գիշերները երբեմն գրանցվել է 0-ից ցածր աստիճան: Եվ անընդհատ տեղումներն ու ցածր ջերմաստիճանը կարող են պատճառ դառնալ, որպեսզի այս տարի եւս բերքատվությունը որոշ չափով ցածր լինի: Սակայն Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը խորհուրդ է տալիս չշտապել եւ ժամանակից շուտ գնահատականներ չտալ: Մանավանդ, որ այս ընթացքում ծաղկել են միայն ծիրանենիները: «Մեկ շաբաթից հետո նոր կարող ենք ռեալ գնահատական տալ՝ ապրիլյան տեղումներն ու ցածր ջերմաստիճանը վնաս տվե՞լ են արդյոք ծիրանենիներին,- ասում է պարոն Պետրոսյանը: – Ծիրանենիները սովորաբար ծաղկում են ապրիլի 1-ի կողմերը, սակայն այս տարի ցածր ջերմաստիճանի պատճառով մոտ մեկ շաբաթով ետ ընկան: Հիմա բեղմնավորման, փոշոտման պրոցեսն է: Ամսի 25-ից հետո, երբ այդ պրոցեսն ավարտվի, նոր կիմանանք՝ ծիրանենիները վնասվե՞լ են, թե՞ ոչ»:
Այս օրերին գյուղմթերքի շուկաներում կարելի է հանդիպել տրտնջացող գյուղացիների, ովքեր մտահոգված են, թե ցուրտը տարել է իրենց ծիրանենիները: Չնայած Գյուղնախարարության մասնագետների գնահատականներին, նրանք համոզված են, որ այս տեղումներն ու ցածր ջերմաստիճանն անպայման իրենց վատ հետեւանքը թողնելու են: Եթե նույնիսկ այսուհետ եղանակը բարենպաստ լինի, գյուղացիները համոզված են, որ իրենց ծիրանի այգիները առաջին հարվածն արդեն ստացել են: «Ցերեկվա համեմատաբար բարձր ջերմաստիճանից ծառերը հասցրեցին ծաղկել,- ասում է ԳՈՒՄ-ի շուկայում միրգ վաճառող աշտարակցի Տիգրանը: -Բայց գիշերներն էնքան ցուրտ է լինում, որ ծաղիկները ցրտահարվում են: Հիմա, որ օրերը տաքանան ու եղանակը բարենպաստ լինի, մեկ է, Արարատյան դաշտավայրի ծիրանիներն ամբողջ թափով բերք չեն տալու, արդեն մի թափ իրենց վնասը կրեցին: Արարատյան դաշտը փոս տեղ է, ցուրտը որ վրա է տալիս, ոնց որ թե լցվում է ու դուրս չի գալիս: Մնում է՝ հետո գոնե կարկուտ չգա»:
Հայպետհիդրոմետը Գյուղատնտեսության նախարարությանը հատուկ նամակ-զգուշացում է ուղարկել, որ առաջիկա օրերին հնարավոր է՝ տեղումները շարունակվեն եւ ջերմաստիճանն էլ ավելի իջնի: Ըստ Գ. Պետրոսյանի՝ 0-ից թեկուզ մեկ աստիճան ցածր ջերմաստիճանի դեպքում էլ ծիրանենիները կցրտահարվեն: Եթե այդ ցածր ջերմաստիճանը կարճ տեւի, ասենք՝ 15-20 րոպե, ապա հնարավոր է, որ ցրտահարություն չլինի, իսկ եթե ավելի երկար տեւի, ապա ցրտահարությունն անխուսափելի կլինի: Պարզապես հիշեցնենք, որ Արարատյան դաշտավայրի տեղանքն այնպիսին է, որ ցուրտը եւ շոգը երկար է տեւում: Ինչպես աշտարակցի Տիգրանը կասեր՝ «փոս տեղ է, ցուրտը որ լցվեց, էլ դուրս չի գա»: Դա հաստատում է նաեւ Գ. Պետրոսյանը, ով նույնպես մտահոգված է Հայպետհիդրոմետի նախազգուշացումից: «Եթե բարձրադիր վայրերում մթնոլորտային հոսանքները արագ են շարժվում՝ գալիս են ու շուտ անցնում, ապա Արարատյան դաշտավայրում հակառակ պատկերն է,- ասում է պարոն Պետրոսյանը: -Եթե այս օրերին եղանակը պարզվի, ապա երեկոյան ու գիշերային ժամերին ջերմաստիճանը կիջնի»:
Իսկ եթե ջերմաստիճանն իջնի, ապա ցրտահարությունն անխուսափելի է: Համենայնդեպս, օդերեւութաբանները ջերմաստիճանի իջեցում դեռ կանխատեսում են: Այնպես որ, վտանգը մեծ է, թե ծիրանի «գործով» զբաղվողներն այս տարի էլ կտուժեն: Իսկ ծիրանի «հարցերն» այս տարի քննարկվել են ամենաբարձր մակարդակով: Անցյալ շաբաթ Հայաստանում էր Ռուսաստանի վարչապետի առաջին տեղակալ Սերգեյ Իվանովը, ում հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը զրուցել էր նաեւ ծիրանի թեմայից: Ամեն տարի Հայաստանից արտահանվում է 8-10 տոննա ծիրան, եւ դրա գերակշիռ մասն արտահանվում է Ռուսաստան: Ծիրանը շուտ փչացող ապրանք է, այդ պատճառով հարմար է, որ այն տեղափոխվի ավտոմոբիլային տրանսպորտով: Իսկ Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո ծիրանի արտահանումը բավականին դժվարացել է: Փոթի նավահանգստով տեղափոխելը բավականին երկար է տեւում, եւ այդ ընթացքում բերքի մի մասը փչանում է: Ս. Իվանովը լսել է, որ ծիրանը Հայաստանի համար ազգային արժեք է, գիտի, որ Ռուսաստանում այն մեծ պահանջարկ ունի, եւ խոստացել է բերքահավաքի ժամանակ ավտոմոբիլային բեռնափոխադրումները կարգավորելու համար ելքեր գտնել: Անցած տարիներին ծիրանի արտահանումը բավականին եկամտաբեր բիզնես էր դարձել, այնքան եկամտաբեր, որ արդեն մոնոպոլացման միտում էր նկատվում: Խոշոր ու արտոնյալ արտահանողները ոչ բոլորին էին թույլ տալիս «ծիրանի գործ» անել, նույնիսկ վրացի առեւտրականներին թույլ չէին տալիս այգիներ մտնել: Այնուամենայնիվ, դեռ վաղ է կանխատեսել, թե եղանակի քմահաճությունները որքան կտեւեն եւ դրանից որքան կտուժի ծիրանի բերքատվությունը: «Մյուս ծառատեսակներն ու բանջարաբոստանային կուլտուրաները չեն տուժել,- հավատացնում է Գ. Պետրոսյանը: -Ճիշտ է, Հայաստանի հյուսիսային շրջաններում գրեթե ամեն օր ձյուն է գալիս, բայց աշնանացանը չի ցրտահարվել: Կարտոֆիլի ծիլը դեռ այնքան դուրս չի եկել, որ ցուրտը տարած լինի: Եթե նույնիսկ ծիլերը ցրտահարված էլ լինեն, ապա բերքատվությունը դրանից առանձնապես չի տուժի, որովհետեւ սերմը հողի մեջ չի ցրտահարվել եւ նորից ծիլեր կտա»:
2006թ. երաշտից հետո Գյուղնախարարությունը փոքր-ինչ մեղմել է գյուղացու հոգսերը: Անհատույց կարգով մոտ 3500 տոննա աշնանացանի սերմացու է բաժանվել: Բաժանել է նաեւ 1300 տոննա գարնանացանի սերմացու, 100 տոննա եգիպտացորենի եւ 50 տոննա էլ կորնգանի սերմացու: Գ. Պետրոսյանի հավաստմամբ՝ իրենց հատկացրածը թեեւ պահանջարկի շատ փոքր մասն է բավարարել, բայց եղել է էլիտար կարգի սերմացու: Գյուղնախարարության պաշտոնյան չգիտեր սակայն՝ իրենց հատկացրած սերմացուն ամբողջությամբ հասե՞լ է գյուղացուն, թե՞ մնացել է կես ճանապարհին: «Ցավոք սրտի, այդպիսի խնդիր կա, եւ մենք չենք կարող լիարժեք վերահսկողություն սահմանել,- ասում է Գ. Պետրոսյանը: -Հատկացումների ցուցակները կարող ենք տրամադրել բոլոր նրանց, ում հետաքրքրում է: Եվ բոլորն էլ կարող են ստուգել, թե որ համայնքին որքան սերմացու է հասել: Դրանով նաեւ կօգնեն մեզ»: