Հայաստանից ԱՄՆ մեկնողների վայրի ընտրության մեջ նոր միտում է նկատվում: Հայաստանցիներն այլեւս ԱՄՆ արեւմտյան ափ չեն մեկնում: Լոս Անջելեսն իր բազմահազարանոց համայնքով նոր գաղթողների համար դարձել է անհրապույր: Սա, իհարկե, օրինաչափություն չէ ու ոչ էլ հստակ վիճակագրության վրա հիմնված եզրակացություն, այլ ընդամենը դիտարկում է` արված Միացյալ Նահանգների արեւելյան ափում ապրող հայերի հետ զրույցներից:
Նրանցից Նարինեն 28 տարեկան է: ԱՄՆ-ում է արդեն երկու տարի: Այստեղ է եկել ուսանողական ծրագրով երեք ամիս աշխատելու համար: Երրորդ ամսում որոշել է հաստատվել Նյու Յորքում: «Սկզբում շատ դժվար է: Այն էլ՝ Նյու Յորքում: Բայց կարողացա գլուխ հանել: Ընդունվեցի քոլեջ, ձեռք բերեցի ուսանողական վիզա, հիմա աշխատում եմ նաեւ ապահովագրական ընկերությունում»,- ասում է Նարինեն, որն, ի դեպ, հասցրել է ամուսնանալ: Ամուսինը նյույորքաբնակ ամերիկացի է, որին վճարել է իր հետ ամուսնանալու համար: Բայց բախտը չի բերել: Ամուսինը հասցրել է այս ընթացքում բանտ ընկնել գողության մասնակցելու պատճառով: Սակայն Նարինեն իրադարձությունների այդպիսի զարգացումից դժգոհ չէ. «Ամերիկյան քաղաքացիություն ձեռք բերելու համար պետք է ապացուցես, որ կեղծ ամուսնություն չէ: Ցույց տաս լուսանկարներ, համատեղ բնակարան ու բանկային հաշվի համար: Հիմա Ջոնը (ամուսինը.- Ա.Ա.) բանտում է, ամեն ամիս այցելում եմ, վճարում եմ նրա հարկերը, նոր հագուստ եմ գնում: Ջոնին մնացել է ընդամենը երեք ամիս, դրանից հետո կդիմեմ քաղաքացիության համար: Արդեն ունեմ բավարար ապացույցներ, որ «հավատարիմ ու սիրող» կին եմ»:
«Սթարբաքս» սրճարանում հանդիպեցի փոքրամարմին, ցածր ձայնով ու մելամաղձոտ աչքերով Հասմիկին: Հեռախոսով խոսելիս լսելով հայերենս՝ «չիզ քեյք» հյուրասիրեց: Սպասեցի` մինչեւ աշխատանքն ավարտի: 22 տարեկան է, քոլեջի ուսանողուհի: Փոխանակման ծրագրով եկել եւ մնացել է: Ապրում է տատիկի հետ, որը պատահաբար «Գրին-քարտ» էր ստացել. «Մնալու տեղս ապահովեցի: Հիմա մտածում եմ՝ ինչպես օրինականացնեմ կարգավիճակս»: Հասմիկը, չնայած իր տարիքին, մինչեւ Բրոնքսում հաստատվելը, արդեն մի քանի քաղաք է փոխել: Մինչ այդ ապրել է Վիսկոնսինում, Սոլթ Լեյքում, Լոս Անջելեսում: Հատկապես դժգոհ էր Լոս Անջելեսից. «Հայերն այնտեղ ինչպես գետտոյում ապրեն: Երկու տեսակի են լինում` թմրամոլ կամ գավառամիտ: Ու անընդհատ մտածում են օրենքը խախտելով կամ պետությանը խաբելով՝ փող աշխատելու մասին: Մի անգամ, աչքիս առաջ, երկու հայ տղա գրեթե իրար սպանեցին մարիխուանայի համարգ Ընդ որում, նրանց մեծ մասն անգլերեն էլ չգիտի: Ինչպե՞ս սովորի, եթե խանութում, սրճարանում, աշխատավայրում բոլորը հայեր են: Դրա համար որոշեցի գալ այստեղգ»:
Հասմիկն Ամերիկայում ինքնուրույնություն է սովորել` ծրագրում է իր անելիքը, առաջիկա հինգ տարվա համար պլաններ է կազմել: Հայաստան վերադառնալ «մտքով անգամ» չի անցնում. «Արի անկեղծ լինենք: Գնամ այնտեղ՝ ի՞նչ անեմգ Այստեղ ստանում եմ որակյալ կրթություն, վաղը-մյուս օրը կդառնամ քաղաքացի, դեռ ջահել եմ, կարող եմ կարիերա անել ու հասնել բարձունքների, որոնց մասին Հայաստանում անգամ չէի էլ կարող երազել»,- ասում է նա:
Ավելի ուշ պարզվեց, որ Նարինեն ու Հասմիկը նույն քոլեջում են սովորում, թեեւ տարբեր ֆակուլտետներում են: Երկուսի խոսքերով, այսօր իրենց միակ խնդիրն անձնական կյանքն է` գտնել մեկին, որի հետ կարող ես կիսել դժվար օրերդ ու ամերիկյան հաջողություններդ: «Կնախընտրեի հայ տղայի հետ ամուսնանալ` որ նույն կուլտուրայի կրողը լիներ: Թեեւ դա պարտադիր էլ չէ` ցանկալի է»,- ասում է Հասմիկը: Նարինեի ու Հասմիկի ծնողները Երեւանում են ապրում: Ամեն շաբաթ հեռախոսով խոսում են: Սկզբում Ամերիկայում հաստատվելու լուրը շոկ է առաջացրել հարազատների մոտ: Հիմա` արդեն աջակցում են, ինչպես կարող են: Ի դեպ, հայաստանյան լուրերից տեղյակ էին: Ասում են` դրանց տեղեկանալով՝ ավելի են համոզվում իրենց ընտրության ճշմարտացիության մեջ: «Իմ հասակակիցները, մեր երիտասարդությունն իրականում շատ բանից են կտրված: Հիմա որ հետ եմ նայում, հասկանում եմ, թե որքան թերզարգացած է իմ հայրենիքը: Ամենացավալին այն է, որ Հայաստանն այսօր հեռանկարային չէ ոչ մեկի համար: Իմ ընկերներն այսօր նույն գործով են զբաղված, ինչ երկու տարի առաջ` ոչինչ նրանց կյանքում չի փոխվել: Ու առաջիկայում էլ ոչինչ չի փոխվելու: Հիմա, ընդհակառակը, ասում են` եթե չվատանա, սենց էլ լավ է: Երբ տեսնում ես, թե աշխարհում ի՞նչ է կատարվում, ապրում ես ուրիշ ռիթմով, կյանքի այլ որակով, նույնիսկ ամբիցիաներդ են փոխվում: Ու հասկանում ես, որ Հայաստանը քո համար անդառնալիորեն կորած է: Վերադառնա՞լ`գուցե մի օր, բայց միայն՝ որպես զբոսաշրջիկ»,- ասում է Հասմիկը:
Երեքով ընթրում ենք նյույորքյան «The View» ռեստորանում, որը «Marriot» հյուրանոցի ամենավերեւի հարկում է: Կլոր ռեստորանը պտտվում է իր առանցքի շուրջն` այդպիսով հնարավորություն տալով վայելել գիշերային Մանհեթընը բոլոր կողմերից: Նյույորքյան բոլոր հայտնի կոկտեյլները փորձելուց հետո, արդեն կիսագինովցած Նարինեն եզրափակում է մեր զրույցը. «Չեմ ասում՝ միայն նյութական բարիքների կամ լավ ռեստորանում ընթրելու համար ենք մնացել: Չէ, ուղղակի այստեղ հնարավորություն կա ազնիվ ու քրտնաջան աշխատանքով ինչ-որ բանի հասնելու: Դե, իհարկե, նաեւ այստեղ կարող ես վայելել կյանքը: Ո՞վ է մտքովդ անցնում` օրինակ Քրիստինա Ագիլերայից մինչեւ Մադոննա` կարող ես տոմս գնել ու վայելելգ»:
Հ.Գ. Աղջիկների խնդրանքով նրանց անունները փոխված ենք նշում: Չբացատրեցին՝ ինչո՞ւ, ասացին՝ նախ` անհանգստանում են ծնողների համար, որ հանկարծ երկիրը քննադատելու համար հարազատները պրոբլեմներ չունենան, հետո էլ` որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն: «Ամաչելու բան չունենք, բայց դե, հայ ենք, չէ՞, մի բան կգտնեն բամբասելու»,- Հասմիկի զգուշավորության հետ համաձայնեց Նարինեն: