ԼՂՀ ԱԺ քաղաքական ուժերի հայտարարությունը

20/04/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

2007թ. հուլիսի 19-ին կայանալիք ԼՂՀ նախագահական ընտրություններին նախապատրաստվելու շրջանակներում ԼՂՀ խորհրդարանի քաղաքական ուժերը` Արցախի ժողովրդավարական, «Ազատ Հայրենիք», Արցախի ՀՅԴ եւ «Շարժում-88» կուսակցությունները նախաձեռնել եւ անցկացրել են խորհրդատվական քննարկումներ, որոնց արդյունքում կողմերը համաձայնության են եկել:

Նշված կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «ԼՂՀ հռչակումից ի վեր երկրում լուրջ քայլեր են ձեռնարկվել անկախ պետականության հիմքերը դնելու, տարբեր տարիների նախագահական, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով իշխանության օրինական եւ արդյունավետ գործող համակարգ, մարտունակ բանակ ստեղծելու, երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու եւ ժողովրդի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ, ինչի շնորհիվ հաջողվել է կանխել երկրի բնականոն զարգացումը խաթարելու վտանգը եւ որդեգրել ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, քաղաքացիական հասարակության ձեւավորման ու մարդու իրավունքների գերակայությունը ճանաչելու ուղեգիծ, հաջողվել է ապահովել տնտեսական որոշակի առաջընթաց, իրականացնել սոցիալական բազմաթիվ ծրագրեր, արմատավորվել են շուկայական ազատ տնտեսությունը խթանելու օրենսդրական հիմքեր, ինչը զգալիորեն նպաստել է ներդրումների աճին: Անկախ պետականության փորձը եւ նրա զարգացման միտումներն ամրագրվել են հանրաքվեով ընդունված ԼՂՀ Սահմանադրության մեջ:

Այդուհանդերձ, Հանրապետությունում առկա են մի շարք չլուծված հիմնախնդիրներ: Քննարկելով իրավիճակը, կողմերը գտնում են, որ միակամ են հետեւյալ առաջնահերթությունների հիման վրա մոտակա տարիների համար սույն օրակարգի ձեւավորման հարցում.

* ԼՂՀ անկախության միջազգային ճանաչում,

* սահմանադրությունից բխող օրենսդրական բարեփոխումներ,

* կառավարման համակարգի հետագա ժողովրդավարացում, իշխանության թեւերի տարանջատման, զսպման եւ հակակշիռների մեխանիզմների խորացում, իշխանությունների նկատմամբ հանրային վերահսկողության ինստիտուտների կայացում,

* սոցիալական հասցեագրված քաղաքականության եւ աղքատության հաղթահարման պետական ռազմավարական ծրագրի մշակում,

* տնտեսության զարգացումը խթանող ֆինանսավարկային քաղաքականության նոր հայեցակարգի մշակում եւ ներդրում,

* ժողովրդագրական իրավիճակի բարելավում` վերաբնակեցման եւ գյուղերի ամրապնդման միջոցով»:

Կողմերը գտնում են, որ այս համաձայնության հիման վրա կարող են պաշտպանել ԼՂՀ նախագահի միասնական, այդ թվում` քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված թեկնածուին, վերջինիս նախընտրական ծրագրի հիմնադրույթների եւ վերոհիշյալ առաջնահերթությունների շուրջ փոխադարձ պայմանավորվածության հիմքով: Հայտարարությունը բաց է քաղաքական մյուս ուժերի համար` դրան միանալու ցանկության դեպքում: