53-ամյա Սիմելա Կեռասովան ազգությամբ հույն է, ով ծնվել ու ապրում է Հայաստանում: Նրա ամուսինը հայ է` Արեւմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքից: Տիկին Սիմելայի 2 աղջիկների անձնագրերում ազգային պատկանելության տողի տակ նշված է՝ «հույն»: Սա ինքնակամ որոշման արդյունք է, ոչ պարտադրանք, սակայն ոչ Սիմելան, ոչ էլ նրա 2 աղջիկները երբեք չեն մտածել Հայաստանը լքելու մասին: «Հայրս 1938թ. եղել է Հանքավանի կոլխոզի նախագահ, հետո՝ գյուղսովետի նախագահ, նաեւ՝ Կոմկուսի վետերան, նա ասում էր, որ հայերն ու հույները հարազատ եղբայրներ չեն, այլ` հարազատ հորեղբոր որդիներ»,- հայերի եւ հույների դարավոր բարեկամությունն այսպես է բնութագրում Սիմելան, ով «Պոնտի» հասարակական կազմակերպության անդամ է եւ մոլեռանդ հայրենասեր:
Հայ-հունական հարաբերություններն ունեն պատմական խոր ակունքներ: Բացի քաղաքական անցյալից, հայ-հունական հարաբերություններն ունեցել են եւ ունեն միջէթնիկ շփումների պատմականություն: Ամենատարբեր դարաշրջաններում հույներ ապրել են Հայաստանում, եւ հակառակը` հայեր են ապրել Հունաստանում: Օրինակ, միայն 20-րդ դարում Թուրքիայի ազգահալած քաղաքականությունը տարածվելով թե՛ հայերի, թե՛ հույների վրա, լրացուցիչ պատճառ է դարձել բազմահազար հայերի` Հունաստանում ապաստան փնտրելու, որոնք արժանացել են մարդասիրական ընդունելության: Նույն կերպ հույները Հայաստանի ամենատարբեր հատվածներում մշտապես ապրել են, եւ պատմությունը հայ-հունական առճակատման միջադեպ չի հիշատակում: Եթե Արեւմտյան Հայաստանի տարածքում հույներն ապրել են վաղնջական ժամանակներից, ապա Հայաստանի Հանրապետության տարածքում հույներն ապաստանել են 17-րդ դարի երկրորդ կեսերից: Թուրքիայից արտագաղթած հույների առաջին խմբերը հաստատվել են Լոռու մարզի Ախթալայի տարածքում. վերջիններս հայտնի են որպես լեռնաարդյունաբերությամբ զբաղվողներ` հանքագործներ, շինարարներ: 1763թ. հույների մոտ 800 ընտանիք (մոտավորապես 2000 մարդ) Թուրքիայից` Գյումուշխանայից տեղափոխվել է ՀՀ ու հիմնել Լալվարի (ներկայումս` Ալավերդի) պղնձահանքի գործարանը: Ավելի ուշ` արդեն 19-րդ դարի սկզբներին նրանց մի մասը տեղափոխվել է Սյունիք եւ ներկայիս Կապանի հարեւանությամբ հիմնադրել լեռնաարդյունաբերական այլ գործարան: Հույները մասնակցել են նաեւ Հանքավանի, Քաջարանի, Ագարակի նույն կարգի գործարանների հիմնադրման աշխատանքներին: Ներկա դրությամբ հույների ամենամեծ համայնքն Ալավերդիում է:
Հանքավան` հույների երկրորդ հայրենիք
Կոտայքի մարզի Հանքավան գյուղը մինչեւ անցյալ դարի 90-ական թվականներն ամբողջովին բնակեցված է եղել հույներով: Սիմելա Կեռասովայի հոր պատմելով, իր նախնիները Պոնտոսից թուրքի յաթաղանից մազապուրծ Հանքավան են հասել Ղարսով: «Մեր ազգանունը Հունաստանում կոչվում է Կեռասիդիս, բայց այստեղ ստալինյան ռեպրեսիայի տարիներին վերափոխվել է Կեռասովայի: Սալոնիկ քաղաքում նույնիսկ կա Կեռասանդոս անունը կրող փողոց»,- ասում է Ս. Կեռասովան: Հույների էթնիկ հայրենիք Հունաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո ընդունել է աշխարհի բոլոր ծայրերում սփռված իր ազգակիցներին` նրանց տալով մեծ արտոնություններ: Ընձեռված նման հանգամանքներում 1990-ականների Հայաստանի հույն ազգաբնակչությունը մասսայական լքել է Հայաստանը: Եթե 1979թ. ՀՀ-ում գրանցված հույների ամենամեծ թիվը հասել է 5.653 մարդու, ապա 2001թ. մարդահամարի տվյալներով՝ նրանց թիվը կտրուկ նվազել է` հասնելով 1176-ի, որոնցից 853-ը քաղաքաբնակ են: Ակնհայտ է, որ ՀՀ-ի գյուղաբնակ հույներն առաջիկայում ավելի կնվազեն: Ս. Կեռասովան հիշում է, որ միայն Հանքավանի բնակիչները մեկ օրվա ընթացքում Հունաստանից ուղարկված հատուկ 2 ինքնաթիռով անվճար մեկնել են Հունաստան: ՀՀ-ից մեկնածներն արդեն իրենց հայրենիքում ապահովված են բնակարաններով, սակայն նրանցից եւ ոչ ոք չի հանդգնում վաճառել Հանքավանի տները. դրանք ամռան ամիսներին ծառայում են որպես հանգստավայրեր. հույներն այցելում են նաեւ իրենց գերեզմանները: Հանքավանում հիմա բնակվում են նաեւ Ադրբեջանից բռնագաղթած հայ ընտանիքներ, որոնք միեւնույն գերեզմանատանն են թաղված: Տիկին Սիմելայի մայրը, ով երկար տարիներ բնակվել է ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքում, մահանալուց առաջ ցանկություն է հայտնել մահանալ եւ թաղվել հայրենի հողում, այսինքն` Հանքավանում:
Հունական տոները
Հայաստանում բնակվող արդեն իսկ փոքրաթիվ հույները, հավատարիմ մնալով իրենց էթնիկ խմբի ակունքներին, միշտ էլ հիշում, փնտրում են իրենց պատմությունը, մշակույթը: «Անգամ միմյանց հետ զրուցելիս, մենք մեծ հպարտությամբ ենք խոսում մեր հին մշակույթի մասին, որն ամբողջ Եվրոպայի մշակութային օրորոցն է: Մենք հպարտանում ենք մեր անտիկ գրականությամբ` Հոմերոսով, հույն գիտնականներով: Մեր պապերը 150 տարուց ավելի ՀՀ-ում ապրել են, բայց մենք պահպանել ենք մեր հունական ակունքները, մանավանդ՝ անվանումները»,- նկատում է Կեռասովան: Հույները հայերի նման Նոր տարին մեծ շուքով եւ առատ սեղաններով են դիմավորում: Նրանք ծննդյան տոնը նշում են դեկտեմբերի 25-ին, որը կոչվում է Քրիսիտիանիդի: Կառնավալային հանդերձներով հույն ազգաբնակչությունն այցելում է յուրայիններին` հետն անպայման տանելով նվերներ. ի դեպ, հույները դատարկ ձեռքով ոչ ոքի չեն այցելում: Առանձնահատուկ արարողակարգով եւ հավատարիմ մնալով հունական կենցաղին, Հանքավանում բնակվող հույները հունվարի 6-ին նշել են Ֆոտան: Նրանք նախօրոք սառույցից պատրաստել են խաչեր, 1914թ. հիմնված Սուրբ Յակով եկեղեցում այն օրհնվել է, որից հետո գյուղի ողջ բնակիչները` կին թե տղամարդ, մոտեցել են գյուղի վերջնամասում գտնվող գետին, որտեղ խաչը նետվել է ջուրը: Ֆետոյի իմաստն այն է, թե ո՞վ առաջինը կկարողանա պաղ ջրից որսալ խաչը, որը մեկ շաբաթ պահվում է «հաղթողի» տանը, գետից վերցրած սուրբ ջուրը նույնպես մեկ շաբաթ պահվում է հույների բնակարաններում: Խաչին տիրանալու պայքարը հիմնականում ընթանում է երիտասարդների միջեւ: Օրացուցային հաջորդականությամբ Ֆետոյից հետո Զատիկն է` Պասկան, որի ժամանակ հույների մեծամասնությունը պաս է պահում: «Երբ փոքր էի, Ծաղկազարդին Հանքավանում բոլորն իրենց փռերում թխում էին կուլիչներ` հատուկ երեխաներին բաժանելու համար: Տուն չկար, որ փուռը չվառվեր ու կուլիչի խմորը չհունցվեր»,- հիշում է Կեռասովան: Ս. Յակով եկեղեցին հիմա չի գործում, բայց այն կանգուն է, չնայած Ս. Կեռասովան խոստովանում է, որ ուղղափառ եկեղեցին հարդարանքի կարիք ունի: Եկեղեցու տերն ու տնօրենը հիմա Նատալյա անունով մի կին է, որն առիթների դեպքում բացում է եկեղեցու դռները: «Զատիկին նախորդող ուրբաթ օրը Քրիստոսի թաղման օրն է, շաբաթ օրը` հարության: Օրինակ, պասից դուրս եկող հայերը ժամը 19-ից հետո կարող են ուտել չամիչով փլավը, ձուկը, ձուն, բայց հույները դա կարող են անել միայն առավոտյան: Քանի որ հունական եկեղեցի չունենք Երեւանում, մենք այցելում ենք Քանաքեռի ռուսական եկեղեցի, որտեղ գիշերվա ժամը 12-ից հետո սկսվում է պատարագը: Տերտերն ասում է՝ «Խրիստոս անեստիս», մենք էլ պատասխանում ենք՝ «Խրիստոս ալիֆինոանիս»,- պատմում է Ս. Կեռասովան: Հետաքրքիր եւ օրինակելի կենցաղավարության կանոններ ունի հույն ժողովուրդը, որոնք երբեք չի խախտում: Օրինակ, նրանք եկեղեցում չեն խոսում, հազվադեպ` շշուկով: Եվ երբ ինչ-որ մեկը փորձում է Աստծո տանն աղմկել, հույներն ասում են` հայկական եկեղեցի են դարձրել: Հույներն այսպիսի մի ավանդույթ էլ ունեն, նրանք սուրճը հյուրասիրում են մի բաժակ սառը ջրով եւ նույնն էլ իրենք են ակնկալում: Իսկ ժամադրվելիս 10 րոպեից ավելի չեն սպասում: Նրանք բացարձակ չեն կարեւորում նաեւ իրենց ծննդյան օրերը: Դա կապված է հունական այն ավանդույթի հետ, որ աշխարհի հնագույն քաղաքակրթության եւ անտիկ մշակույթի անմիջական ժառանգներն ունեն սուրբ անունների հետ կապված տոներ` Ս. Սիմելա, Ս. Մարիա, Ս. Վարվառա, Ս. Զոյի, Ս, Ֆոտինի, Ս. Աֆինա: Իսկ այն հույները, որոնց անունները սրբերին չեն առնչվում, միահամուռ իրենց ծննդյան օրը նշում են հունիսի 25-ին` Յորտիսին. բոլորն իրար շնորհավորում են, նվերներ ուղարկում: Ընդունված է այդ օրը միմյանց նվիրել զամբյուղներով ծաղիկներ, խմորեղեն, խմիչք: Օրինակ, Սիմելա սուրբը բնակվել է ներկայիս Թուրքիայի տարածքում` Պոնտոսում` Կեռասունդայում: Կեռասունդայում եղել է մի տաճար, որի սրբապատկերի անունը եղել է Սիմելա: Ավանդույթի համաձայն, պոնտիները պաշտել են այդ սրբին, եւ, երբ երկրին վտանգ է սպառնացել, սրբի աչքերից արցունքներ են հոսել: «Երբ սկսել է Պոնտոսի ջախջախումը, մի հոգեւորական սրբապատկերը թաքցրել է հողում, որպեսզի թուրքերը չպղծեն այն: Տարիներ անց արժեքավոր սրբապատկերը տեղափոխվել է Հունաստան` Սալոնիկի հարեւանությամբ Իվերիա բնակավայր»,- պատմում է Սիմելան: Համապատասխանաբար, նրա ծննդյան օրը բոլոր հույն Սիմելաների հետ միասին նշվում է օգոստոսի 15-ին: Այդ օրը, որը համընկնում է խաղողօրհնեքին, Իվերիայում մարդկանց մեծ բազմություն է հավաքվում, գառները կարմրացնում են, գինի ըմբոշխնում, ինչն էլ ուղեկցվում է ուրախ համերգներով: Հանքավանի նախկին խոշոր հունական համայնքը շրջապատին ժամանակին զարմացրել է իր հախուռն եւ հանդուգն ազգային պարերով, պոնտիական երգերով: Հունական պարերն էլ ունեն նախապատմություն, օրինակ, հզոր Աստված Յուպիտերը` Քրոնոսը, իր փառքը երբեւէ չկորցնելու մոլուցքով տարված՝ միշտ իր ժառանգներին կերել է: Առասպելի համաձայն, երբ ծնվել է Աստվածների Աստված Զեւսը, նրա մայրը մի հնարք է գտել որդուն պահպանելու համար. որպեսզի երեխայի լացի ճիչերը չհասնեն Յուպիտերի ականջներին, հսկող պահակախումբը ոտքերով հարվածել է շղթային եւ դողալով, մի կերպ նրան պահել: Այդտեղից ծնվել է տրոմախտա` դողալով պարը:
Իմ չաղ հունական հարսանիք
Հույների էթնիկ առանձնահատկությունները պահպանվում են նաեւ նրանց հարսանիքների ժամանակ. նրանք հարսանիքների ժամանակ մեծ պատրաստություն են տեսնում, որովհետեւ վստահ են, որ կրկնակի հյուրեր են ընդունելու: «Մեզ մոտ այլ ավանդույթ էլ կա. նշանդրեքից հետո փեսան անպայման հարսի տուն պետք է ուղարկի հարսանիքի միսն ու խմիչքը: Անպայման մեծ սկուտեղով թխվում է ընկույզի միջուկով 2 հատ գաթա, մեկը` քավորի համար, մյուսը` հարսի, որն անպայման 3 անգամ խաչ են անում հարսի գլխին, հետո կտրատում են, հարսանյաց զգեստ հագցնողն էլ գաթան պետք է համտեսի ու ասի` հարսը բախտավոր լինի: Ողջ հարսանիքի ընթացքում հարսը պետք է ցուցաբերի հնազանդություն»,- ասում է «Պոնտի» հ/կ-ի ներկայացուցիչը: 600-700 հոգանոց հարսանիքներում պոնտական ավանդույթները ներկայումս էլ լիովին պահպանվում են` եւ՛ Հունաստանում, եւ՛ այլուր: Ի դեպ, «չաղ հարսանիք» դարձվածքն իր օրիգինալ տարբերակով վերաբերում է հենց հունական չաղ ու շքեղ հարսանիքներին: Հայերն այն փոխառել են: Անկասկած, հունական խոհանոցը եւս օժտված է իր յուրահատկություններով, որտեղ գերակշռում են մսից պատրաստված կերակուրներն ու համեղ խմորեղենները: Օրինակ, Զատիկին պարտադիր թխվում է քուլուրիա: Վաղ ժամանակներից մինչ օրս հույները պատրաստում են նաեւ 40 շերտանի փախլավա` ընկույզով եւ մեղրով:
Սիմելան ասում է, որ հույներն ընդգծված հայրենասեր են, որն արտահայտվում է նաեւ ծնված երեխաներին բուն հունական անուններ տալու հատկությամբ: Հայերից հույները նաեւ դրանով են տարբերվում: Ինչպես Սիմելան է ասում, հայերը սիրում են տուրք տալ օտարամոլությանը` իրենց երեխաներին Դեւիդ եւ Էլենա անուններ շնորհելով: Իսկ հույնը որտեղ էլ ապրելիս լինի, նա կամ Մուխայիլ է, կամ Դեմիս, կամ էլ Լեոնիդ: Բացառությամբ. Սիմելայի 7 տարեկան թոռան անունը Անդրանիկ է, եւ նա ուզում է, որ տղան Անդրանիկ փաշային հավասար զինվոր դառնա Հայաստանի համար: Այսօր Երեւանի 2 դպրոցներ` 132 եւ 74 հանրակրթական օջախները հունական թեքումով են, որտեղ առաջինից մինչեւ 8-րդ դասարան դասավանդվում է հունարեն լեզու. հույների հետ միասին դպրոց հաճախում են նաեւ հայեր: «Մեզ շատ հաճելի է, որ մեր լեզուն եւ դրոշը ճանաչում է մեր կողքի ազգը»,- ասում է Սիմելան, ով իր բնակարանում սուրբ մասունքի պես պահպանում է հունական դրոշը: Մոլեռանդ հայրենասերը համոզված է, որ կգա մի օր, երբ Կ. Պոլիսը կլինի հույներինը, իսկ Մասիսը` հայերինը: «Ես շատ եմ սիրում Հայաստանն ու Մասիս լեռը: Հատկապես, երբ գնում ենք Հանքավան ու հասնում ենք լճին, տաք ջրերին, մեզ թվում է, թե ամեն ինչ մեզ է պատկանում: Անգամ հույներ կան, ասում են, որ թոշակի անցնեն՝ գալու են Հայաստան, որովհետեւ նրանց հոգին Հայաստանում է»: