Նոր երկրում նոր կյանք սկսել ցանկացող մարդիկ սովորաբար պատրաստ են լինում զբաղվել հորիզոնին հայտնվող յուրաքանչյուր գործով, որպեսզի կարողանան ոտքի կանգնել եւ, բառիս բուն իմաստով` ուտելու բան ունենալ: Հաճախ նրանց ընտրությունը լայն չի լինում, եւ սկսելով իրենց տեղը որոնել, շատերը մոռանում են երազանքների մասին, քանի որ իրականությունը երազելու տեղ չի թողնում: Սակայն քանդակագործ Վիգեն Ավետիսյանը` առաջին անգամ իտալական Ֆլորենցիայում հայտնվելով, մեկ վայրկյանում հասկացավ, որ ուզում է ապրել արվեստով հագեցած այդ քաղաքում ու զբաղվել միայն արվեստով: «Այնպիսի տպավորություն էր, որ աշխարհում ուրիշ բան գոյություն չունի, բացի ինձանից ու այդ քաղաքից»,- ասաց նա անցյալ տարի, երբ կարճ ժամանակով հայրենիք էր եկել:
Գրեթե 20 տարի առաջ Ֆլորենցիայում ապրելու որոշում ընդունած Վիգենը դժվար ճանապարհ է անցել, բայց միշտ համոզված է եղել, որ իր արվեստը տեղ կգտնի Ֆլորենցիայում: Ճարտարապետ Հրաչ Վարդանյանը մի քանի տարի առաջ այցելելով Ֆլորենցիա՝ զարմանքով տեսել է քաղաքի ամենագեղեցիկ կենտրոնական կամրջի վրա (որտեղ գտնվում են փոքրիկ խանութները) ծածանվող Հայաստանի հսկայական դրոշը: Իսկ երբ ծանոթացել է Վիգենի հետ, ով իր մի քանի քանդակները վաճառքի էր դրել ոսկերչական խանութներից մեկում, հասկացել է, որ հայկական դրոշը հայ քանդակագործին դիմանալու ու դիմակայելու ուժ էր տալիս: «Վիգենը նման էր խեղճացած, տխուր թռչնակի, որը չի կարողանում լայն բացել իր թեւերը»,- պատմում է Հ.Վարդանյանը: Սակայն այդ վիճակը երկար չտեւեց: Վիգեն Ավետիսյանը նկատվեց ու գնահատվեց Ֆլորենցիայում, քաղաքն օգտագործեց հայ քանդակագործի վարպետությունն ու հայացքը: Հիմա նա վստահ է, որ արվեստին հավատարիմ մնալով ու այլ գործերով չզբաղվելով՝ հնարավոր է բարձունքների հասնել: Նրան վստահվեց 14-րդ դարի Սան Կարլո եկեղեցու խորանի պատրաստումը, իսկ հետո Վիգենը քաղաքապետարանի կողմից հայտարարած մրցույթի հաղթողը դարձավ ու իր քանդակներով ու հարթաքանդակներով ձեւավորեց հյուրանոցի վերածված հին պալատի մի հատվածը: Վիգենի համար դա անսպասելի էր, քանի որ Իտալիայում, ինչպես մեզ մոտ, աշխատում է «ծանոթության» սկզբունքը, եւ պաշտոնյաները դժվարությամբ են աշխատանք տալիս օտարներին, այն էլ՝ օտարերկրացիներին: Սակայն այս դեպքը եզակի չէ, քանի որ Ֆլորենցիան այն քաղաքներից է, որն ամեն գնով ցանկանում է պահպանել իր պատմահուշարձանային դիմանկարն ու մթնոլորտը ու գործի է դնում լավագույն ուժերը: Զարմանալի չէ, որ լավագույն ուժը հայ քանդակագործն է, զարմանալին այն է, որ քաղաքը դա ընդունում է: Եվ Ֆլորենցիայի կենտրոնում, որտեղ նոր շինարարություն սկսելն արգելված է, Վիգեն Ավետիսյանին պատվիրում է ավարտել Վերածննդի դարաշրջանում սկսված շինարարական աշխատանքները, որոնք քաղաքը նախընտրել է անավարտ թողնել, քանի որ չի գտել այդ աշխատանքներն ավարտելու համարժեք մոդելը:
«Ֆլորենցիայի ճարտարապետական ավանդույթների համաձայն` շենքերի պատերը հարթ քարով են պատում, ներսի ձեւավորումն ու կահավորումը ավարտում, հետո միայն մտածում երեսպատման մասին»,- պատմում է Հ.Վարդանյանը:
Ֆլորենցիայի գլխավոր` Հանրապետության հրապարակում գտնվում է Սան Լորենցո եկեղեցին, որին կից գործում է Լաուրենթիանոսի գրադարանը: Գրադարանը, որը 16-րդ դարում նախագծել է հանճարեղ Միքելանջելոն, հայտնի է իր անսովոր պլաստիկ ու համարձակ աստիճանային համակարգով: Մարմարյա մոնումենտալ աստիճանները սկսվում են շինության երկրորդ հարկում գտնվող ընթերցասրահից ու ներքեւ են սուրում նեղ ցայտերով` ավելի ու ավելի լայնանալով, երեք թեւ ստեղծելով ու նմանվելով ծովի ալիքների ընթացքին: Աստիճանների ռիթմը կարծես գրադարան մուտք գործել ցանկացողից որոշակի ուժ ու կամք է պահանջում, քանի որ այցելուն ալիքների հոսանքին հակառակ է բարձրանում: Այդ աստիճաններն ու գրադարանի արտաքին ձեւավորումը երկար տարիներ չեն ստացել իրենց ավարտուն տեսքը: «Իտալացիները որոշել են, որ հիմա հասունացել է Միքելանջելոյի նախագծած գրադարանի աստիճաններն ավարտելու պահը: Եվ հիմա մեր տղան զբաղվելու է Միքելանջելոյի էսքիզների ուսումնասիրությամբ ու կազմակերպելու է վերականգնողական աշխատանքները: Դա կարծես թե այն դեպքը լինի, երբ ես կամ դուք գնանք Գարրի Կասպարովի տուն ու նրա հետ հավասարի պես շախմատ խաղանք: Արվեստով շնչող քաղաքում մեր Վիգենը կարողացել է արվեստով զբաղվել ու Միքելանջելոյի նման մեծության աշխատանքն է ավարտելու»,- հպարտությամբ ու հիացմունքով ասում է Հ.Վարդանյանը:
Առանց որեւէ օգնության` պետական, ֆինանսական կամ բարոյական, անպաշտպան թիկունք ունեցող Վիգեն Ավետիսյանը հասել է իր երազանքին` արվեստով է զբաղվում արվեստների քաղաքում: Գլոբալացման դարում դա շատ հետաքրքիր օրինակ է: Հայերը հարմարվող ու ասիմիլացվող ազգ են, սակայն երբ գալիս է գնահատելու պահը` առաջին հերթին գնահատվում են մեր կարողություններն ու արժանիքները: Եվ արվեստով զբաղվող հայ անհատներն անպայման իրենց տեղը գտնում են, եթե համառ են լինում ու չեն դավաճանում իրենց սկզբունքներին: