ԱԺ առաջիկա ընտրության քարոզարշավը պաշտոնապես արդեն մոտ 10 օր է, ինչ մեկնարկել է, ուստի պաշտոնական քարոզարշավի սկիզբն արդեն կարելի է անցած համարել ու փորձել ամփոփել, թե ընտրությանը մասնակցող 25 քաղաքական միավորներից որն ինչպես է փորձում ներկայանալ հանրությանը (գոնե սկզբնական շրջանում):
«Ազգային ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային համաձայնությունը», Արամ Գ. Սարգսյանի Դեմկուսը, «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը», «Հայաստանի երիտասարդական կուսակցությունը», «Հայաստանի առաջադիմական կուսակցությունը» եւ «Միացյալ ազատական ազգային կուսակցությունը» բավականին պասիվ են սկսել քարոզարշավը եւ առայժմ այդ նպատակով օգտագործում են միայն Հ1-ի եթերը: Այս կուսակցությունների համեմատ ակտիվ քարոզարշավ է սկսել Արտաշես Գեղամյանի «Ազգային Միաբանությունը», որն ավելի շատ «աշխատում է» մարդկանց հույզերի վրա. եթերն ԱՄ-ն առայժմ օգտագործում է իր ղեկավարի միջոցով հասարակության տարբեր շերտերին «հուզիչ» «բաց նամակ»-ներ հղելու համար: Խիստ ակտիվ է քարոզարշավը սկսել «Բարգավաճ Հայաստանը»: Ամեն քայլափոխի կարելի է հանդիպել այս կուսակցության նախընտրական պաստառներին, թեեւ այդպես էր նաեւ մինչ քարոզարշավի մեկնարկը: ԲՀԿ-ն արդեն մի քանի հանրահավաքներ է անցկացրել, որոնց ընթացքում շեշտը դրվում է համերգների ու հրավառության վրա: Սամվել Բաբայանի «Դաշինք» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցություններն էլ քարոզարշավի շեշտը դրել են իրենց առաջնորդների անցյալի վրա: «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը Մանուկ Գասպարյանի ու Արշակ Սադոյանի գլխավորությամբ ապավինում է «սիրելի ռադիոլսողներին»: ԺՈՒԿ-ի քարոզչությունն ամենապասիվներից չէ, բայց աչքի էլ չի ընկնում առանձնակի ակտիվությամբ: Կուսակցության քարոզչությունը կառուցված է այն խոստման վրա, որ Ահարոն Ադիբեկյանը մայիսի 12-ից հետո այլեւս սոցիոլոգիայով չի զբաղվի, քանզի, ԺՈՒԿ-ը 0,8%-ից ավելի ձայն կստանա (Ադիբեկյանը խոստացել էր այդ դեպքում այլեւս չզբաղվել սոցիոլոգիայով): Ակտիվ ու գործնական քարոզարշավ է սկսել «Իմպիչմենտ» դաշինքը: Այն պարբերաբար կազմակերպում է հանրահավաքներ, որոնց մասնակիցների քանակը սկսել է նկատելիորեն ավելանալ: Դաշինքը ներկայանում է գործող վարչակարգի իմպիչմենտի խոստմամբ: Բավականին ակտիվ է նաեւ ՀՅԴ-ի քարոզարշավը: «Պաստառային պայքարում» այս կուսակցությունը զիջում է թերեւս միայն ԲՀԿ-ին եւ ՀՀԿ-ին: Կուսակցությունը հանդիպումներ է ունենում նաեւ մարզերում, օգտվում դաշնակցական «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ընձեռած հնարավորություններից ու Հ1-ի եթերից: ՀՅԴ-ն քարոզչական մի «հնարք» է ներմուծել՝ փողոցներում կախված սպիտակ փուչիկները, որոնց վրա գրված է ՀՅԴ-ի կարգախոսը: Ինչպես միշտ, այս կուսակցության քարոզչությունը կառուցված է մարդկանց հույզերի ու զգացմունքների վրա: Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ն էլ է համեմատաբար ակտիվ սկսել քարոզարշավը (մարզային հանդիպումներ, պաստառներ, Հ1-ի եթեր), սակայն, ինչպես եւ նախկինում, այս կուսակցությունը հաճախ է հիշատակում Կարեն Դեմիրճյանին ու փորձում է ներկայանալ որպես «սկզբունքային եւ արժանապատիվ կուսակցություն»: Իսկ կոմունիստների խիստ պասիվ քարոզարշավն առայժմ սահմանափակվում է միայն մի կարճատեւ ու բավականին լկտի տեսահոլովակով, որը կառուցված է բացառապես կարոտախտի հիմքի վրա: Այդ տեսահոլովակում անկախ Հայաստանի դժվարություններից ու 1988-ի ղարաբաղյան շարժման հանրահավաքներից հատվածների ցուցադրմանը զուգահեռ հայտարարվում է, թե «եկան սեւ օրերը»: Մարքսիստ Դավիթ Հակոբյանի քարոզարշավն էլ պասիվ է, բայց միաժամանակ՝ նաեւ զվարճալի, ինչպես Տիգրան Կարապետիչի «Ժողովրդական կուսակցությանը»: ՀՀԿ-ն փորձում է ներկայացնել իր կառավարման տարիների հաջողությունները, իսկ խոստումներ տալիս էլ համեմատաբար չափավոր է: ՀՀԿ-ն եւս բավականին ակտիվ է սկսել քարոզարշավը, որը ներառում է նաեւ համերգահրավառային բաղադրիչ: Իսկ ահա ՀՀՇ-ն առայժմ իրականացնում է թերեւս «ամենաչոր» ու ամենաանդեմ քարոզարշավը: Այդ կուսակցության ներկայացուցիչները հայտնվում են հեռուստաէկրանին ու մանրամասն ներկայացնում իրենց ծրագիրը, մոտավորապես այնպես, ինչպես դա անում են նորմալ երկրներում: Միաժամանակ այդ ամենն արվում է մի տեսակ անհավես. կարծեք թե ինչ-որ մեկն իրենց ստիպել է մասնակցել այս ընտրություններին, ու իրենք էլ չուզելով անում են դա: Բավականին ակտիվ ու բազմահազարանոց հանրահավաքով է սկսել իր հանրահավաքը «Հանրապետությունը», որի քարոզարշավի մեխը գործող իշխանություններին հեռացնելն է: Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ն ասում է, որ ուզում են այն, ինչ ամենքս: Իսկ այդ կուսակցության նախընտրական տեսահոլովակն էլ կառուցված է այն առանցքի վրա, որ Գ. Արսենյանը, չգիտես ինչու, «մուննաթով» հայտարարում է, որ իրենք սիրում են իրենց երկիրը: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունից էլ առայժմ ձեն-ձուն չկա: «Օրինաց երկիրն» ինչպես միշտ պոպուլիզմի հերն անիծում է, իսկ «Նոր Ժամանակների» քարոզարշավն էլ ունի հետեւյալ բովանդակությունը. ՆԺԿ-ի առաջնորդ Արամ Կարապետյանը Հ1-ի ուղիղ եթերում ներկայացնում է մեր պաշտոնյաների կենսագրությունները՝ ուշադրություն հրավիրելով դրանց մութ դրվագների վրա: Երեկ մեզ հետ զրույցում Ա. Կարապետյանը վստահեցրեց, որ այս «շքերթը» շարունակելու է: Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 2-ին ՆԺԿ առաջնորդը հայտարարել էր, թե «Հայաստանում կան կուսակցություններ, որ աշխատում են ընդդիմություն, վճարվում են գործարքային»: Կարապետյանը խոստացել էր նաեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում տալ այդ կեղծ ընդդիմադիրների անուններն ու հիմնավորել իր ասածները: Երեկ մենք Ա. Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ե՞րբ են լինելու խոստացված բացահայտումները: Նա նշեց, թե ընդդիմադիրների հետ կապված բացահայտումները կանի քարոզարշավի վերջում: «Որովհետեւ, ես այն ժամանակ էլ եմ ասել, պետք է տեսնեմ, թե իրենք ինչ են անում: Եթե պայքարի մեջ են եւ ընդդիմություն են, ցույց են տալիս, որ իրենք ընդդիմություն են եւ չեն խաղում, ուրեմն՝ համարում ենք, որ լրիվ նորմալ է: Այն, ինչ ես տեսնում եմ, ընդդիմությունը, հատկապես արմատական ընդդիմությունը, արմատական իր ասելիքն առաջ է տանում: Դեռ ասելիք ես չունեմ, միայն վերջում կկարողանամ դա կոնկրետ ասել»,- նշեց նա: Սակայն արդեն այսօր ՆԺԿ առաջնորդը, ով ներկա էր «Իմպիչմենտ» դաշինքի վերջին հանրահավաքներին, հայտարարում է, որ «Իմպիչմենտին» «խաղեր տալու մեջ» չի կասկածում: «Ոչ միայն չեմ կասկածում, ես «Իմպիչմենտի» մեջ եղող մարդկանց եմ ճանաչում, հատկապես Վահագին Խաչատրյան, եւ հստակ գիտեմ, որ այդ մարդիկ որեւէ կերպ որեւէ պայմանավորվածության իշխանության հետ չեն գնա: Ես նկատի չունեմ, որ դա վատ բան է. պայմանավորվածությունների միշտ կարելի է գնալ միայն մի պայմանով, որ իշխանությունը հանձնվի նոր մարդկանց: Ես կարող եմ ասել, որ մեր քաղաքական ծրագրի առաջին կետն էլ իմպիչմենտն էր, դրա համար այս գործընթացը մենք իրար հետ ենք անում»,- ասաց Ա. Կարապետյանը: Ամփոփելով նկատենք, որ արդեն ակնհայտ է, որ քարոզարշավի ընթացքում գաղափարների պայքար գոյություն չունի, եւ հիմնականում առաջարկվում է ընտրություն կատարել համերգների, հրավառությունների, խնամի-ծանոթ-բարեկամի խորհրդի եւ «հայերեն մի քիչ վատ խոսողների» կողմից առաջարկվող գումարների չափի միջեւ: