Պոլիտեխնիկ. անդառնալի սեր

10/05/2005

Հիշողությանս մեջ այսպիսի արտահայտություն է մնացել. «88-ի շարժումը Պոլիտեխնիկից ու Մերգելյան ինստիտուտից սկսվեց»: Դե, Մերգելյանում էլ, ասում էին, հիմնականում Պոլիտեխնիկի կադրերն էին: Հիմա Պոլիտեխնիկը, ճիշտ է, առաջվա «պրիստիժը» չունի, ու Ճարտարագիտական համալսարան է կոչվում, բայց «պոլիտեխնիկ» բառը մեր ոչ հեռու պատմական անցյալից «պրիստիժնի» հուշեր է արթնացնում շատերի մեջ: Հատկապես` այժմյան քաղաքական շրջանակներում:

Պոլիտեխնիկն արդեն 72 տարեկան է: Օրերս երբեմնի եւ ներկայիս պոլիտեխնիկցիները նշեցին բուհի ծնունդը: Բուհին վերադարձրին նախկին անվանումը: Ոչինչ, որ այն կգրվի փակագծերի մեջ՝ Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), միեւնույն է՝ դրանից նրա արժեքը չի նվազի: Հարազատ բուհի հոբելյանը նախատեսել էին նշել անցած գարնանը՝ իր ծննդյան ճիշտ օրը՝ մարտի 1-ին, բայց նախագահական ընտրությունները խանգարել են: Հետո որոշել են հետաձգել աշնանը: «Վարչապետը` նկատելով համընկնումը գարնան առաջին օրվա եւ Պոլիտեխնիկի ստեղծման օրվա, առաջարկեց դարձնել բարի ավանդույթ՝ ամեն տարի գարնան առաջին օրը նշել Պոլիտեխնիկի ծնունդը»,- ասաց ՀՊՃՀ Հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Գայանե Մարկոսյանը: Չնայած` վարչապետն այդպես էլ չեկավ բուհի հոբելյանական հանդիսությանը: Իսկ հավաքարարները միջոցառումից 5-10 րոպե առաջ էլ դեռ լվանում ու լվանում էին միջանցքները: Փոխարենը` եկավ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը եւ շատ ջերմ շնորհավորեց պոլիտեխնիկցիներին՝ համարելով նրանց կրթական բարեփոխումների առաջամարտիկներ: Պոլիտեխնիկցիներին շնորհավորեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը, ում թեեւ մի քանի տարի է բախտ վիճակվել սովորել այստեղ, բայց նա իրեն իսկական պոլիտեխնիկցի է համարում, նրան ՀՊՃՀ Շրջանավարտների միության գործադիր տնօրեն Էդվարդ Սանդոյանն անգամ հարկ համարեց իր ողջույնի խոսքում անդրադառնալ՝ ասելով. «Ֆադեյ Տաճատիչը՝ մեր ժամանակների մեծագույն հայը, ով այնպիսի բարձունքների է հասել, որից այնկողմ միայն արեւն է»։ Վերջապես բոլորին շատ ջերմ շնորհավորեց բուհի ռեկտորը՝ Յուրի Սարգսյանը՝ համեստ տանտիրոջ կեցվածքով շատ չմանրանալով իրենց ձեռքբերումների ու հաջողությունների վրա: Որովհետեւ հաղորդավարներն արդեն մանրամասն ներկայացրել էին բուհի արժանիքները, ավելացնելու բան չէին թողել, միայն՝ երբ ֆինանսական հաջողությունների շարքում բեմից բարձրաձայն հայտարարեցին, որ բուհի դասախոսների աշխատավարձը բարձրացվել է մինչեւ աննախադեպ 57.000 դրամի սահմանին, դահլիճից ուսանողներից մեկը մի փոքրիկ լրացում արեց՝ «Միայն դասախոսների աշխատավարձը չի բարձրացել, մեր վարձավճարն էլ է բարձրացել»:

Բայց, միեւնույն է, բոլորը շատ ուրախ էին: Ասում էին՝ «Ծառը իր պտուղով է ճանաչվում», ու փորձում հիշել՝ կառավարական որ էշելոնում քանի պոլիտեխնիկցի կա: Նշենք, որ երեկոյին իր նվերն էր մատուցել Պոլիտեխնիկի շրջանավարտ Կամերային թատրոնի ռեժիսոր Արա Երնջակյանը՝ «Կաբարե» ներկայացումով:

Ն. Ա.