– «Հզոր Հայրենիք» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ընթացքում պաշտպանելու է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Ինչո՞ւ որոշեցիք աջակցել ՀՀԿ-ին:
– Մենք համարում ենք, որ «Հզոր Հայրենիք» կուսակցությունն իրական ներուժ ունի, որպեսզի հաղթահարի 5 տոկոսի արգելքը: 2003 թվականի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ մենք հասնում ենք սահմանագծին, սակայն ինչ-որ բան խանգարում է այդ սահմանագիծը հաղթահարելուն: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, քաղաքական խնդիրներ, այդ թվում՝ Ջավախքի հետ կապված հարցեր: Մեր կուսակցության առաջնահերթ խնդիրներից մեկը հենց Ջավախքի հիմնախնդիրները լուծելն է: Այսպես կոչված` ներքին սփյուռքի` հայաշատ երկրամասերի հետ կազմակերպված հարաբերություններ ունենք: Նրանց խնդիրների էությունը լավ ենք պատկերացնում եւ գիտենք, թե ինչ պետք է անի պետությունն այդ գաղթօջախների առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Մեզ անհրաժեշտ է պրակտիկ քաղաքականության մեջ մտնել, որպեսզի կարողանանք օգտակար լինել մեր ծրագրերով, գաղափարներով եւ առաջարկած մեխանիզմներով՝ Հայաստանի քաղաքացիներին եւ հայկական գաղթօջախներին:
– Իսկ ի՞նչն է խանգարում միայնակ հաղթահարելու 5 տոկոսի արգելքը:
– Մենք այնպիսի ծրագրեր ու գաղափարներ ունենք, որ չցանկացանք վտանգել` եւս մեկ անգամ միայնակ մասնակցելով ընտրություններին: Կարծում եմ, 2003 թվականին մենք հաղթահարել էինք 5 տոկոսի արգելքը, պարզապես չկարողացանք տեր կանգնել մեր ձայներին:
– Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելը խորհրդարանում հայտնվելու համար առավել դյուրի՞ն տարբերակ է:
– Մինչ այս պահը մենք շատ ենք համագործակցել Հանրապետական կուսակցության հետ: Իշխանական կուսակցություն է, եւ մենք անմիջապես աշխատել ենք Անդրանիկ Մարգարյանի ու կառավարության ներկայացուցիչների հետ: Լուծել ենք խնդիրներ, որոնք չէին լուծվի, եթե կառավարությունը դրանք չցանկանար լուծել: Մեր ներկայացրած ծրագրերին ու առաջարկներին ընթացք է տրվել:
– Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում «Հզոր Հայրենիք» կուսակցությունից միայն Դուք եք ընդգրկված: Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Երբ չունես առանձին խմբակցություն, ապա կընդգրկվի մե՞կ, թե՞ երկու ներկայացուցիչ, այնքան էլ էական չէ: Մանավանդ, պետք է հաշվի առնել, որ Հանրապետական կուսակցությունն անձերի հսկայական պաշար ունի: Եվ եթե դու նրանց ցուցակում տեղ ես զբաղեցնում, ապա հաշվի ես առնում, որ Հանրապետականում կան քեզ համարժեք բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր կարող էին տեղ զբաղեցնել այդ ցուցակում: Օգտագործելով խորհրդարանի ամբիոնը` մեզ անհրաժեշտ է Հանրապետական կուսակցության հետ համագործակցության շրջանակներում լուծել մեր քաղաքական խնդիրները: Իսկ խորհրդարանում կլինի մեկ թե երկու ներկայացուցիչ` արդեն երկրորդական է դառնում:
– Գաղափարախոսական տարբերություններ Ձեր եւ Հանրապետական կուսակցությունների միջեւ չե՞ն ծագել:
– Հանրապետական կուսակցությունը դավանում է պահպանողական գաղափարախոսությանը, մերը` տնտեսական դաշտում լիբերալ լինելն է: Հանրապետականներն էլ են տնտեսության մեջ լիբերալիզմի կողմնակիցը: Մենք գաղափարախոսական հակասություններ չունենք, ընդհակառակը, ունենք որոշակի ընդհանրություններ: Հանրապետական կուսակցությունն այն բացառիկ քաղաքական միավորներից է, որի պահպանողականությունն ազգային երանգներ ունի: «Հզոր Հայրենիք» կուսակցության գաղափարախոսության մեջ ազգայինն առաջատար դեր ունի:
– Ինչպե՞ս եք իրականացնում քարոզարշավը` ՀՀԿ-ի՞ հետ, թե՞ առանձին:
– Մեր ներկայացուցիչները Հանրապետական կուսակցության քարոզչական խմբերի հետ կայցելեն մարզեր: Դրանից զատ` «Հզոր Հայրենիք» կուսակցությունը կազմակերպում է առանձին քարոզչական աշխատանքներ, որին մասնակից կլինեն Հանրապետականի ներկայացուցիչները: Մեր համակիրների եւ անդամների հետ հանդիպման ընթացքում մենք հորդորում ենք իրենց ձայնը տալ ՀՀԿ-ին:
– Ինչպե՞ս է ծավալվելու «Հզոր Հայրենիք» եւ Հանրապետական կուսակցությունների համագործակցությունն արդեն խորհրդարանում:
– Խորհրդարանում իրականացնելու ենք «Հզոր Հայրենիք» կուսակցության ծրագրերը` Հանրապետականի հետ սերտ համագործակցության շրջանակում: Բնականաբար, ընդունելու ենք Հանրապետական կուսակցության խմբակցության որոշումները:
– Ի՞նչ նախընտրական ծրագիր եք առաջարկելու ընտրողներին: ՀՀԿ-ի ծրագրի հետ համեմատած կա՞ն էական տարբերություններ:
– Մենք որոշ սկզբունքային հարցադրումներ ունենք, որոնք անպայման կբարձրացվեն եւ կպաշտպանվեն Հանրապետական կուսակցության կողմից: Դրանք հիմնականում ջավախահայության խնդիրների լուծման համակարգային փոփոխությունների հետ են կապված: Անձերի փոփոխության հետ խնդիր չի լուծվի, պետք են համակարգային փոփոխություններ: Տնտեսական հարցերում մենք հիմնականում համակարծիք ենք, այնպես որ` չներկայացնելով առանձին ծրագիր, մեր շատ դրույթներն ընդգրկված են Հանրապետական կուսակցության քարոզչական նյութերում:
– «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը եւս իր առաջնահերթ ծրագրերից է հռչակել վիրահայերի խնդիրների լուծումը: Նրանք եւս պաշտպանելու են Հանրապետական կուսակցությանը: Համագործակցություն կա՞ ձեր կուսակցության եւ այդ կազմակերպության միջեւ:
– Վրաստանում ապրող բոլոր հայերի շահերը նույնը չեն: Ջավախահայության շահերը էականորեն տարբերվում են Վրաստանի այլ հատվածներում ապրող հայերի խնդիրներից: Երբ ջավախահայությունը բարձրացնում է սոցիալ-տնտեսական, քաղաքական խնդիրներ, Վրաստանի մյուս շրջանների հայությունը վատ է արձագանքում դրան` վտանգ տեսնելով իր գոյության համար: Թիֆլիսահայության, աբխազահայության, աջարահայության խնդիրները շեշտակիորեն տարբերվում են: Ջավախքն ունի գիտակրթական, կրթամշակութային եւ, ինչո՞ւ ոչ` քաղաքական խնդիրներ: Այդ խնդիրների կոնկրետ լուծումը բխում է ջավախահայության շահերից: Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ այսօր պաշտպանում են Հանրապետական կուսակցությանը, ենթադրում եմ, որ այդ կազմակերպությունները պետք է իրար հետ համագործակցեն եւ հնարավորությունների սահմանում աջակցեն ՀՀԿ-ին: Մենք մեր տեսակետները հստակ ներկայացրել ենք եւ ասում ենք, որ Ջավախքն ունի քաղաքական հիմնախնդիրներ: Եթե այդ ձեւակերպումներին որեւէ կազմակերպություն կողմ է, թող գա եւ կանգնի մեր կողքին:
– Մեկ շաբաթից ավելի է, ինչ ընթանում է պաշտոնական քարոզարշավը: Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:
– Քարոզարշավը խաղաղ եւ նորմալ է ընթանում: Հետեւելով ԶԼՄ-ներին, գործիչների պահվածքին` ամեն ինչ նորմալ է ընթանում: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակների պայթեցումներին, ապա, ես վստահ եմ, որ կազմակերպողները հայատյաց մարդիկ են: Կարծում եմ, այդ քայլն ուղղված է երկրի վիճակի ապակայունացմանը: Լավ է, որ դատապարտվեց այդ երեւույթը, եւ պատրաստակամություն դրսեւորվեց պայքարելու դրա դեմ:
– Միջազգային դիտորդների գնահատականն առաջիկա խորհրդարանական ընտրություններին վճռորոշ է համարվում, իսկ այս ընտրությունների արդար անցկացումը` բախտորոշ Հայաստանի միջազգային վարկի համար: Ձեր կարծիքով, այս ընտրություններն իսկապես այդքան վճռորո՞շ են լինելու:
– Կարեւոր են բոլոր ընտրությունները: 2003 թվականին էլ էին նույնը հայտարարում: Իմ կարծիքով, 2003 թվականին եղան ընտրախախտումներ, որից երկիրը տուժեց: Որեւէ ընտրություն առանձնացնել չի կարելի: Պետք է հասնենք այն գիտակցության, որ հասկանանք. ցանկացած ընտրություն պետք է համարել կարեւորագույն քաղաքական միջոցառում պետության եւ քաղաքացիների կյանքում:
– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի նոր խորհրդարանը:
– Ես վստահ եմ, որ Հանրապետական կուսակցությունը դառնալու է մեծամասնություն: Այդ կուսակցությունն ունի բավական լուրջ պոտենցիալ եւ ռեսուրս: Բացի այդ, տեսանելի է երկրում գրանցված կայունությունն ու տնտեսական աճը: Հանրապետական կուսակցությունը խոստանում է առաջիկայում էլ շարունակել այդ քաղաքականությունը: Կարծում եմ, ռեալ է, որ «Հզոր Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը տեղ կգտնի պառլամենտում: