«Ներվերս չի դիմանում, որ «Հայր մերն» ասեմ»,- ասում է 3 երեխաների մայրը

18/04/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ալինա Ֆիդանյանի հայացքի խստությունն անմիջապես վերածվում է հոգնածության, երբ սկսում է պատմել իր մենակության ու խնդիրների մասին: Ասում է, որ ինքը պարտավոր է խիստ եւ ուժեղ մայր լինել, այլապես չի կարող երեք երեխաներին ինչպես հարկն է դաստիարակել: «Էլ չեմ կարողանում»,- ասում է նա ու, երբ երեխաների մասին հարցնում եմ` հուզմունքից աչքերն անմիջապես լցնում է: Գեւորգը, Մարիամն ու Աբրահամը սովորում են Զեյթունում գտնվող թիվ 8 գիշերօթիկ դպրոցում, եւ մայրը նրանց տեսնում է միայն շաբաթ-կիրակի օրերին: Ալինան վախենում է երեխաների համար, ամեն ինչ անում է, որ լավ մարդ դառնան: Ասում է` «Է՜հ, ամեն իրիկուն, երբ պառկում ենք քնելու, երեխեքս ձեռքները պարզած «Հայ մերն» են ասում: Հավատում են, որ մեր կյանքը կփոխվի, բայց ես չեմ կարողանում, գիտե՞ս: Ներվերս չի դիմանում: Երբ իրանք սկսում են «Հայր մերն» ասել, ես էլ եմ սկսում, բայց հետո էլ ներվերս չի դիմանում, կեսից դադարում եմ աղոթքը, էլ չեմ ասում: Ախր էս դժվարություններից ներվային համակարգս լրիվ խախտվել ա»: Ալինան իր երեք երեխաների հետ, արդեն 7 տարի է՝ ապրում է Էրեբունի համայնքում գտնվող Վարդաշենի հանրակացարանում: Այդ տարածքը գրեթե ոչնչով չի տարբերվում մեր հեռավոր ու խուլ գյուղերից, իսկ հանրակացարանի շենքը տեղակայված է սարերի ու ամայի տարածության մեջ: Փոքրիկ մի սենյակում, ուր ոչ խոհանոց, ոչ զուգարան, ոչ էլ ինչ-որ կոմունալ հարմարություններ կան, բավականին կոկիկ ու նրբաճաշակ դասավորված են մի քանի իրեր: Ալիսան սկսում է ապ ու պապերով երդվել, որ իրականում ինքը ոչինչ չունի եւ սենյակում առկա կահույքը քրոջ տանից է բերել` ժամանակավոր օգտագործման համար: Հարցնում եմ` «Ամուսին չունե՞ք»: «Չէ՛,- պատասխանում է,- ամուսնուն պե՞տք է, որ 3 երեխայի հոգս քաշի էս ծանր պայմաններում: Տղամարդիկ վախկոտ են դարձել, գիտե՞ք, հենց խնդիրների մեջ են հայտնվում՝ փախնում են»: Ալինան մշտական աշխատանք չունի, իսկ օրվա եկամուտը կախված է ուրիշների բնակարանները մաքրելու պահանջարկից: Երազկոտ հայացքով ասում է` «Շատ կուզենայի, որ ուրիշների տները մաքրելու փոխարեն՝ մի աշխատանք լիներ, որ առավոտյան գնայի` երեկոյան տուն վերադառնայի: Ինքս ինձ էլ կհարգեի, երեխաներս էլ իմ աշխատանքը կհարգեին, ու ստիպված չէի լինի նրանց գիշերօթիկ դպրոց ուղարկել»: Այս ընտանիքը նույնպես ընդգրկված է «Փարոսի» նպաստառուների ցանկում, եւ նրանց ամսական տրամադրվում է 17.000 դրամ նպաստ, որը ստանալուն պես Ալինան տալիս է խանութպանին, քանի որ ամբողջ ամիս պարտքով են գոյատեւում: «Երեկ «Փարոսի» աշխատողը եկել, ասում է` Պուրտոյան Արմենին կընտրեք: Ես կուտ ուտողներից չեմ, ով որ մեզ կօգնի, ձեռք կմեկնի` նրան էլ կընտրեմ: Ես ասել եմ ու էլի կասեմ` որ թեկնածուն իրա ջիպով լայեղ կանի մեր շենքի դիքը բարձրանալ ու բարձրանալու համար կցեխոտի իրա ջիպը, նրան էլ կընտրեմ: Էն օրը մեր շենքից մի հատ պապիկ մահացել էր: Շտապօգնության մեքենան եկավ ու ասեց, որ չի կարա էդ ցեխերի ու փոսերի միջով դիքը բարձրանալ: Ստիպված մարդու դիակը ձեռքերով իջեցրին մինչեւ մեքենա»,- ասում է նա: Ալինայի երեխաները հոգեբանորեն ճնշվում են գիշերօթիկում եւ հաճախ լաց լինելով մորը խնդրում են իրենց չտանել այդ դպրոց, սակայն մայրն ասում է, որ հնարավորություն չունի ամբողջ շաբաթվա սնունդի հարցերը լուծել: «Բացի դա, հանրակացարանում մի քիչ ուրիշ է: Օրինակ` շաբաթ-կիրակի որ գործ է լինում, գնում եմ տուն մաքրելու` գալիս, տեսնում եմ բակում մեկի հետ վեճի են բռնվել: Էստեղ երեխաների դաստիարակությանը շատ ուշադրություն չեն դարձնում, ու երեխաները շեղվում են ճանապարհից: Երբ կռվում են` ստիպված իրենց եմ պատժում, վախենում եմ, որ անդաստիարակ կմեծանան, շատ խիստ եմ: Կանգնում, ասում են` մամա, սրա ձեռքը մարոժնի կա, նրանը էս կա… Հետո էլ, երբ ճանապարհում եմ դասի` լաց լինելով եմ քնում, խիղճս տանջում է, որ անմեղ տեղը երեխեքիս պատժել եմ»,- ասում է նա ու վստահեցնում, որ երեխաների հագուստը հիմնականում քույրն է տալիս: Ալինան երանի է տալիս այն օրվան, երբ Գեւորգի եւ Աբրահամի զորակոչային տարիքը կգա. «Գոնե կգնան բանակ, 2 տարի հանգիստ կլինեմ: Հետո ես հայրենասեր եմ, ուզում եմ, որ երեխեքս սիրեն իրենց երկիրը, ծառայեն բանակում: Չնայած մի տղաս լեզվական թերություն ու աղիքային հիվանդություն ունի, բայց կապ չունի, նորմալ մարդու պես կգնա պարտքը կկատարի»: Ալինան ասում է, որ օրերով քաղցած է եղել, բայց որեւէ մեկից օգնություն չի խնդրել կամ հարեւանի դուռը չի թակել: «Ես մի քիչ նամուսի ու պատվի մեռած եմ, էլի: Երբեք ցույց չեմ տա, որ նեղության մեջ եմ: Ուղղակի ներվերս էլ չեն դիմանում»,- ասում է Ալինան ու նեղսրտած հիշում իրենց անցկացրած Ամանորը. «Անկեղծ եմ ասում, դեկտեմբերի 31-ին բոլոր հարեւանները բաժակներն առած իրար դուռ էին թակում, շնորհավորում ու ուրախանում էին: Մենք լույս չունեինք, դուռը փակել, նստել, լաց ենք եղել»: Ալինայի սենյակը 5-րդ` վերջին հարկում է: Օրեր առաջ շենքի կիսաքանդ տանիքից անձրեւաջրերը լցվել են սենյակ ու ամբողջ պատերը խոնավացրել: «Երբ տղամարդ չկա, կինը նման հարցերում շատ անպաշտպան է: 35 տարեկան եմ, բայց ոնց որ ծեր լինեմ, էնքան եմ հոգնել էս կենցաղային պրոբլեմներից: Ամուսինս «Երազ» գործարանից մաս էր գողացել, որ ծախեր, փող աշխատեր: Բռնեցին, դատեցին, ու ինքը ոնց որ ճիշտ ճանապարհով աշխատելուն չէր ձգտում, իսկ ես քրտինքով աշխատանքն եմ սիրում: Պապաս ասեց` կամ ես, կամ ինքը: Տենց էլ ինքը չուզեց ուղղվեր, ու ես էլ չընդունեցի իրա էդ քայլերը, բաժանվեց: Երբ սոված ես՝ կարա՞ս ամուսնուդ լավ աչքերով նայել»,- պատմում է Ալինան, ով 7 տարի առաջ երեխաների հետ միասին հեռացել է հայրական տանից, քանի որ այնտեղ իրենցից բացի բնակվել են 11 հոգի: «Մենք 5 երեխա ենք, դե՛, հիմա էլ ընտանիք ունեն, էլ հնարավոր չէր: Իմ նման տանջանքով ապրող մարդ երեւի չկա, ուղղակի ես չեմ կարողանում իմ մեջ եղածը ցույց տալ: Լացելու հատկություն չունեմ, ուղղակի հիմա ոնց որ սիրտս թեթեւացնեմ, հանգստանամ, թե չէ՝ էլի չէի պատմի: Սկեսուրս միշտ ինձ ասում էր` դու աղքատ-հպարտ ես»: Հարցնում եմ` «Սկեսուրդ չէ՞ր օգնում»: «Չէ՛,- ասում է,- ինձ ասում էր՝ ջահել ես, գնա ման արի, փող աշխատի, երեխեքիդ պահի»: Ալինան իրեն բախտավոր կին է համարում, որովհետեւ ամենածայրահեղ իրավիճակներում անգամ չի դիմել վատ քայլերի: Իսկ հանրակացարանի փոքրիկ սենյակի համար էլ ամեն օր փառք է տալիս Աստծուն, որովհետեւ` «Հիմա դրդող չունեմ, որ սենց արա, նենց արա, որ փող աշխատես, երեխա պահես»: