ԼՂՀ նախագահի երկու թեկնածու կա

18/04/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ղարաբաղում կարծես թե նախընտրական շրջանի «ջրերը պարզվում են»: 2007թ. հուլիսի 19-ին նախատեսվող ԼՂՀ նախագահական ընտրություններում իրենց թեկնածության առաջադրումը չեն բացառել արդեն երկու հոգի: Առաջինն ապրիլի 6-ին այդ մասին հայտարարել է ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Իսկ ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Բակո Սահակյանն ապրիլի 14-ին «Ազատ Արցախ» թերթին տված ճեպազրույցում ասել է, որ իր առաջադրվելու հավանականությունը բավական մեծ է: Հանրապետության նախագահի հավանական թեկնածուների մասին խոսելով, Բ. Սահակյանը նշել է, որ դա շատ պատասխանատու որոշում է յուրաքանչյուր մարդու համար, ով գիտակցում է, որ նախագահի պաշտոնը ոչ այնքան քաղաքական առավելություն է, որքան` հսկայական պատասխանատվություն մարդկանց եւ պետության ճակատագրի հանդեպ: «Վերջին ժամանակներս շփումներ ենք ունեցել ազդեցիկ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների առաջնորդների հետ: Համագործակցության առաջարկությամբ ինձ են դիմել նաեւ մտավորականության եւ երիտասարդության ներկայացուցիչներ, աշխատանքի, Հայրենականի եւ Արցախյան պատերազմի վետերաններ: Այդ հանդիպումների ընթացքում ես զգացել եմ անկեղծ աջակցություն եւ արդեն կարող եմ ասել, որ նախագահի թեկնածու առաջադրվելուս հավանականությունը բավական մեծ է»,- նշել է Բակո Սահակյանը:

«Դուք ԼՂՀ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցում քաղաքական ուժերի հետ արդեն պայմանավորվածությո՞ւն եք ձեռք բերել» հարցին ի պատասխան՝ նա ասել է. «Ես ասացի, որ դրա համար կան օրենքով սահմանված ժամկետներ: Այսօր խոսքը վերաբերում է միայն խորհրդատվություններին: Ավելին, եթե վերջնական որոշում կայացնեմ, ապա ես նախապատվությունը կտամ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրվելու տարբերակին` որպեսզի չվիրավորեմ որեւէ կուսակցության, որոնց ես անխտիր հարգանքով եմ ընդունում եւ որոնց աջակցության կարիքն, անկասկած, կունենամ»:

Ղարաբաղում արդեն մի քանի ամիս շրջանառվող ԼՂՀ նախագահի հավանական թեկնածուների անունները հաստատվում են: Քաղաքական ուժերը դեռ չեն կողմնորոշվել եւ շարունակում են իրենց բանակցություններն այլ ուժերի հետ: Իսկ բանակցությունները հիմնականում ընթանում են միասնական թեկնածուի շուրջ: Ղարաբաղում գործող կուսակցություններից միայն «Ազատ Հայրենիքն» է կողմնորոշվել, որի նախագահության անդամ Հովիկ Ջիվանյանը հայտարարել է, որ կուսակցությունն ընտրություններում կսատարի Բակո Սահակյանին. «Առաջին հերթին մենք գնահատում ենք նրա կենսագրությունը, անցած ճանապարհը, անձնական որակները, որ լիովին հիմք են տալիս Բակո Սահակյանին համարելու բավական արժանավոր թեկնածու: Մեր կուսակցության ղեկավարության հետ նրա շփումները մեզ հնարավորություն են տվել ծանոթանալու ԼՂՀ հետագա զարգացման վերաբերյալ նրա պատկերացումներին, որ մեծամասամբ համահունչ են ԱՀԿ նախանշումներին: Մենք գտնում ենք, որ ներկա փուլում Արցախին անհրաժեշտ է հենց նման ղեկավար, որը կկարողանա մեր հասարակությանը համախմբել ստեղծարար ակտիվ դաշտում, երկրին հուզող առանձին կարեւորագույն հարցերում նա ի զորու կլինի իրագործել արմատական բարեփոխումներ, ընդհանրապես բարեփոխումներ կնախաձեռնի շատ ոլորտներում: Նաեւ այն կարծիքին ենք, որ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը ԼՂՀ մասնակցության լավագույն ակտիվ տարբերակ կապահովվի Բ. Սահակյանի մոտեցմամբ: Բացի դրանից, նա լայն կապեր ունի դրսի մեր հայրենակիցների հետ, ինչի շնորհիվ զգալիորեն կընդարձակվի ԼՂՀ-արտերկիր համագործակցության շրջանակը»,- ասել է Հ. Ջիվանյանը:

Հիշեցնենք, որ ի թիվս այլ կուսակցությունների՝ «Ազատ Հայրենիքն» էլ էր հայտարարել, թե բանակցություններ են վարում միասնական թեկնածուի շուրջ: Քաղաքական մյուս ուժերը դեռ որոշում չեն կայացրել: Վերլուծաբանների կարծիքով, տրամաբանական ու ճիշտ կլիներ, եթե նախագահի սեփական թեկնածու առաջադրեր վերջին 10 տարում իշխող՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, այլապես նա կգցի իր վարկանիշը: Ավելի հավանական է, որ ոչ մի կուսակցություն չի առաջադրի իր թեկնածուին, այլ պարզապես կսատարեն քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված որեւէ թեկնածուի: ԼՀՂ նախագահի թեկնածուների առաջադրումը կմեկնարկի ապրիլի 20-ից եւ կավարտվի մայիսի 5-ին: