Մեզանից հեռացավ Հերբերտ Բաղդասարյանը

15/04/2007

Երեկ 69-ամյա հասակում վախճանվեց լուսանկարիչ, «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Հերբերտ Բաղդասարյանը: Մարդ, ով տարիներ շարունակ մեծ սիրով ու նվիրումով կատարել է իր կյանքի գործը, լուսանկարել ու լուսանկարներով ամբողջացրել է Հայաստանի պատմությունը: Հերբերտ Բաղդասարյանը հիանալի մարդ էր. մեծ պրոֆեսիոնալ ու խստապահանջ քաղաքացի, սիրում էր գեղեցիկն ու գնահատում ազնվությունը: Նա այն մարդկանցից էր, ում կարելի է վիթխարի դարաշրջանից մեր օրերին որպես նվեր հասած «վերջին մոհիկան» անվանել: Նա հանրագիտարանային գիտելիքների տեր մարդ էր, կարողանում էր շատ հակիրճ ու դիպուկ բնութագրել մարդուն ու իրադարձությունը: Ե՛վ իր խոսքերի, եւ՛ իր լուսանկարների նկատմամբ շատ բծախնդիր էր: Խորհրդային տարիների ֆոտոարխիվն ու մեր այսօրվա կյանքի ֆոտո-լրահոսը միշտ նրա «ձեռքի» տակ էին: Նա դեռ շատ բան ուներ անելու ու մեզ սովորեցնելու: «Եթե նույնիսկ աշխարհն ուզում է փուլ գալ, մենք պետք է ամեն օր գանք աշխատանքի ու անենք մեր գործը շատ լավ»,- բարի ժպիտով հաճախ ասում էր նա: Մեր խմբագրակազմը խորին ցավակցություն է հայտնում Հ. Բաղդասարյանի հարազատներին ու «Ֆոտոլուրի» բոլոր լուսանկարիչներին: Մենք բախտ ենք ունեցել գրեթե ամեն օր շփվել նրա հետ, զրուցել անցյալի մասին ու լսել կշռադատված ու հումորով լի նրա պատմություններն ու կանխատեսումները: Նա միշտ պատրաստ էր խորհրդով ու ինֆորմացիայով օգնել մեզ, իսկ երբ խնդրում էինք իր հետ հարցազրույց անել, խորամանկ ժպիտով նայում էր ու ասում. «Հարցազրույցի ժամանակը չէ, դեռ շուտ է…»: Հ. Բաղդասարյանը կանխատեսում էր, որ ուժով օժտված մարդկանց դարաշրջանը շուտով ավարտվելու է եւ գալու է ինտելեկտով օժտվածներին իրապես գնահատելու ու մեծարելու ժամանակը: