«Ազատության» հրապարակում երեկ կայացավ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության («Իմպիչմենտ» դաշինքի) հերթական հանրահավաքը:
Այն կայացավ Թումանյանի արձանի հարեւանությամբ, քանզի հրապարակի կենտրոնում ինչ-որ բեմ էր տեղադրված: Հանրահավաքի սկզբում Վահագն Խաչատրյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ թեեւ մեր երկրում ընդամենը նախընտրական շրջան է, սակայն հեռուստատեսությամբ հաղորդվող լուրերը կարծեք ռազմաճակատից լինեն. պայթյուն, մահափորձ եւ այլն: Աղասի Ենոքյանն էլ իր խոսքում հիշեցրեց, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը Ռոբերտ Քոչարյանին 2003 թվականին ՀՀ նախագահի ընտրությունից հետո շնորհավորեց «երդման միջոցով ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու համար»: Նա հիշեցրեց նաեւ, որ 1999-ի նոյեմբերին Ռ. Քոչարյանը Ստամբուլում ստորագրեց ԵԱՀԿ Ստամբուլի խարտիան, որով ՀՀ-ն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Ոչ լեգիտիմ իշխանության ստեղծած ամեն ինչը ոչ լեգիտիմ է»,- հայտարարեց Ա. Ենոքյանը: Այնուհետեւ Վ. Խաչատրյանն անդրադարձավ այն իրողությանը, որ մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը կազինոներում խոշոր գումարներ են տանուլ տալիս, եւ բերեց կոնկրետ օրինակ, որի մասին մամուլում արդեն գրվել է. այս տարի Ֆրանսիայի Նից քաղաքում հայ-ֆրանսիական տարվա շրջանակներում տեղի ունեցած միջոցառումներից հետո մեր երկրի որոշ պաշտոնյաներ տեղի կազինոներում մոտ 1,2 մլն դոլար են տանուլ տվել: Այս ամենը լսելուց հետո հավանաբար այդ պաշտոնյաների որոշ «գեղցի» (չշփոթել գյուղացու հետ) հարազատներ անարգանքի սյունին կգամեն «Իմպիչմենտ» դաշինքին, որը ոչ մի կերպ չի ուզում դրական բան տեսնել եւ խոսում է միայն վատի մասին: Ա՛յ, օրինակ, մի՞թե երբեք այնպես չի լինում, որ մեր պաշտոնյաները կազինոներում ոչ թե խոշոր գումարներ տանուլ տան, այլ շահեն: Լինում է, չէ՞: Իսկ «Իմպիչմենտը» խոսում է միայն վատի մասին՝ տանուլ տալու մասին, ինչի արդյունքում նենգափոխում է իրականությունը, ու մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե մեր այդ պաշտոնյաները խաղալ չգիտեն (ինչն, անշուշտ, ստոր հերյուրանք է): Բայց վերադառնանք «Իմպիչմենտի» հանրահավաքին, որի մոտ 4-5 հազար մասնակիցների շարքերում կային ՀՀՇ, «Նոր Ժամանակներ», «Հանրապետություն» եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Հանրահավաքին ներկա էին նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը եւ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Ի դեպ, ՆԺԿ-ն դիմել է ԿԸՀ-ին, որպեսզի քաղաքական ուժերին օրենքով վերապահված քարոզարշավի ժամը հանրային հեռուստատեսությամբ սկսվի ոչ թե ժամը 17:15-ին, այլ ավելի դիտվող ժամի՝ 19:00-ին: «Իմպիչմենտը» երեկ միացավ ՆԺԿ-ի այս նախաձեռնությանը: Ինչեւէ, հանրահավաքի ընթացքում Նորիկ Նորիկյանը հայտարարեց, թե հասարակության որոշակի զանգվածի մոտ թյուրընկալում կա, թե «Իմպիչմենտ» դաշինքը քննադատում է ընդդիմությանը: «Մենք ասում ենք՝ ոչ եւ հազար անգամ՝ ոչ: Իրական ընդդիմության հետ մենք խնդիր չունենք ու պատրաստ ենք հանուն բոլորիս հաղթանակի՝ ոչ միայն համագործակցել, այլ՝ դառնալ դաշնակիցներ: Թող հասկանալի լինի. մեզ համար այն խմբակները, ովքեր մտածում են, թե ընտրությունների միջոցով հնարավոր է փոխել այս իշխաններին, ովքեր հրաժարվելու են իմպիչմենտի գաղափարից, ովքեր կխոչընդոտեն իրական ընդդիմության համախմբման հաղթական ծրագրի իրագործմանը, մենք հայտարարում ենք, որ այդ ուժերն ընդդիմություն չեն ու չեն կարող լինել»,- նշեց նա: Իսկ «Իմպիչմենտի» ներկայացուցիչ, «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե «իմպիչմենտը պետք է օլիգարխիայի վերջը տա»: Նա հարցրեց, թե ինչո՞ւ ընդդիմությունն այսօր միասնական չէ: «Ընդդիմությունն այսօր իրար հետ չէ, վաղը կլինի: Մենք չենք մրցակցել եւ չենք մրցակցի»,- հայտարարեց Ն. Փաշինյանը: Հանրահավաքը եզրափակվեց երթով՝ դեպի ԳԱԱ շենք, դեպի այն վայրը, որտեղ ճիշտ երեք տարի առաջ՝ 2004-ի ապրիլի 12 լույս 13-ի գիշերը ոստիկանությունը ջրցան մեքենաներով, մահակներով ու էլեկտրաշոկերով ԱԺ տարածքից հարձակվեց խաղաղ ցուցարարների վրա: Երեկվա ցուցարարների ձեռքերին կային պլաստիկե դատարկ շշեր, որոնց վրա գրված էր. «Իմպիչմենտ», «Հեռացնենք միասին»: Այդ շշերը խորհրդանշում էին ցուցարարների բողոքը: Հիշեցնենք, որ 2004-ի ապրիլի 12 լույս 13-ի գիշերը մի ցուցարար պլաստիկե դատարկ շշով զինված ոստիկանին ինքնապաշտպանության նպատակով հարվածելու համար դատապարտվեց երեք տարվա ազատազրկման: Երեկվա հանրահավաքի եւ ցույցի ընթացքում լուրջ միջադեպեր տեղի չունեցան: