«Հայաստանյան պղտոր քաղաքականությունը». ահա այսպիսի վերնագրով հոդված է հրապարակվել «Economist» պարբերականում, ուր բրիտանական «Economist Intelligence Unit»-ի մասնագետները մանրամասն անդրադարձել են Հայաստանի քաղաքականությանը: «Ռոբերտ Քոչարյանը նախագահական լիազորությունների ավարտից հետո էլ մտադիր է առանցքային դեր խաղալ Հայաստանի իշխանական համակարգում»,- գրել են մասնագետները` ընդգծելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները մեծ նշանակություն ունեն հատկապես նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանի համար: «Նրանք պատրաստվում են խորհրդարանում զգալի մեծամասնություն ստանալ` կեղծիքների, ընտրողների կաշառման ու լրատվամիջոցների նկատմամբ սահմանած հսկողության միջոցով: Սա է պատճառը, որ շատերը բավական թերահավատորեն են գնահատում իշխանավորների այն պնդումները, թե այս ընտրություններով վերջ կդրվի հայաստանյան քվեարկությունների կեղծման հետխորհրդային պատմությանը»,- ասված է հոդվածում: «Economist Intelligence Unit»-ի մասնագետներն ընտրությունների հնարավոր ելքի մասին գրել են, թե` «մի իրավիճակում, երբ հանրային կարծիքի հետազոտության հավաստի արդյունքներ գործնականում գոյություն չունեն, դժվար է գնահատել խորհրդարանի տեղերին հավակնող թեկնածուների շանսերը: Բայց նույնիսկ ժողովրդականություն վայելելը հաջողության երաշխիք չէ: Եթե խոսենք առավելագույն թվով քվեներ հավաքելու կարողության մասին, ապա միանձնյա առաջատարն այս առումով, իհարկե, Հանրապետական կուսակցությունն է»: Հիշեցնելով Ռ. Քոչարյանի հայտնի հայտարարությունը, թե ինքը չի ցանկանում դառնալ Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն, «Economist Intelligence Unit»-ի մասնագետները գրում են. «Ավելի հաճախ են խոսում, որ նա կհավակնի վարչապետի պաշտոնին: Իր քաղաքական ապագան Ռոբերտ Քոչարյանը փորձում է ապահովագրել` հովանավորելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Փորձագետներն առայժմ վիճում են` «Բարգավաճ Հայաստանը» ստեղծվել է որպես հակակշի՞ռ Հանրապետական կուսակցությանը, թե՞ արդեն գոյություն ունեցող իշխանական ճամբարի հավելյալ մի հզոր հատվածն է»:
Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա «Economist Intelligence Unit»-ի հետազոտողների հավաստմամբ, երեք հիմնական ընդդիմադիր ուժերը «ղեկավարում են Քոչարյանի 2003 թվականի հիմնական հակառակորդներ Ստեփան Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանը, ինչպես նաեւ՝ ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը»: «Ընդդիմադիրները զգացողություն ունեն, թե «բավարար ժողովրդականություն են վայելում, որպեսզի ընտրություններին միայնակ մասնակցեն»,- նշում են մասնագետները` հավելելով, թե 5 տոկոսանոց արգելքը հաղթահարելու հնարավորություն ունեն նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» ու Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունները: «Economist Intelligence Unit»-ի մասնագետները նաեւ փորձել են կանխատեսումներ անել, թե ինչ դիրքորոշում կորդեգրի Արեւմուտքը, եթե Հայաստանում ընտրություններն, այնուամենայնիվ, անցնեն ընտրակեղծիքներով: Սակայն նրանց, այսպես ասած, կանխատեսումները դժվար է կանխատեսում անվանել, քանի որ նրանք պարզապես հիշեցրել են ԱՄՆ եւ Եվրամիության նախազգուշացումները Հայաստանին, թե ընտրակեղծիքների դեպքում կարող են բացասական հետեւանքներ լինել:
ՀՀ ներքաղաքական կյանքի մասին «կանխատեսումներ» անելուց հետո, «Economist Intelligence Unit»-ի մասնագետներն անցնում են ԼՂՀ հիմնահարցին: Այս անգամ էլ` նրանք՝ վկայակոչելով բանակցություններին մասնակցող ամերիկացի եւ մյուս երկրների դիվանագետների հայտարարությունները, թե կողմերը կարող են խաղաղ համաձայնագիր մշակել Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո` մինչեւ 2008 թվականի հայաստանյան, ապա` ադրբեջանական նախագահական ընտրությունները, գրում են. «Հաշվի առնելով Ղարաբաղում խաղաղության հասնելու այս շանսը, Վաշինգտոնը կարող է խոչընդոտներ չհարուցել Քոչարյանի վարչակազմի համար»: