Հենց որ Հայաստանում դոլարն արժեզրկվում կամ արժեւորվում է, անմիջապես ասպարեզում հայտնվում է Էդուարդ Աղաջանովը:
Ինքն էլ է զարմանում, որ դոլարի կուրսի ու երկրի տնտեսության վատ վիճակի մասին իրենից բացի ուրիշ ոչ մեկը չի խոսում. «Ես չեմ հասկանում՝ այս կոլխոզում ուրիշ կենդանի շոֆեր չկա՞, Աղաջանովից բացի ուրիշ տնտեսագետ չկա՞»,- երեկ վրդովված ինքն իրեն հարցնում էր Աղաջանովը: Նա իր մասնագիտական ու մարդկային պարտքն է համարում ահազանգելու, թե որքան մեծ վնաս են կրում մեր տնտեսությունը, մեր քաղաքացիները: Հերթական անգամ դոլար-դրամ հարաբերակցությունը սկսել է տատանվել, այս անգամ, սակայն, դոլարի օգտին: Անցած 6-7 օրերի ընթացքում դոլարը թանկացել է մոտ 10 դրամով: Է. Աղաջանովը կարծում է, որ դա անմիջականորեն կապ ունի առաջիկա ընտրությունների հետ՝ «Տղերքը ընտրակաշառք բաժանելու համար փող են հավաքում»: Իսկ թե որքան կբարձրանա դոլարի կուրսը՝ կախված է տղերքի ախորժակից: «Կուզեն՝ մինչեւ 400 դրամ կբարձրացնեն, կուզեն՝ 420 դրամ,- ասում է պարոն Աղաջանովը: -Ես չգիտեմ, թե որքան է նրանց ախորժակը: Ժամանակին 360 դրամով դոլար են առել, կուտակել, հիմա էլ դոլարը թանկացնում են, որ իրենց հավաքածը փոխեն ու շատ դրամ ունենան: Ամեն մի դոլարի մեջ եթե 50-60 դրամ ավելի ստանան, 1 մլն դոլար փոխելիս՝ 50-60 մլն դրամ ավելին ետ կստանան: Ու իրենց ընտրակաշառքն էլ ձրի կլինի»: Տնտեսագետը համոզված է, որ դոլարը դեռ կշարունակի արժեւորվել եւ մայիսի սկզբին կհասնի իր «պիկին», իսկ ընտրություններից հետո նորից կսկսի արժեզրկվել: Անցած տարիներին, երբ դոլարը ամսեամիս ու օրեցօր արժեզրկվում էր, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը պարզաբանումներ էր տալիս, թե՝ ուրեմն ՀՀ-ի տնտեսությունը զարգանում է, արտասահմանյան երկրներից մեր հայրենակիցները ավելի շատ օգնություն են մեզ ուղարկում, եւ մեր երկիր ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում: Այսինքն՝ Հայաստան դոլար շատ է մուտք գործում, մարդիկ ուզում են դրամի վերածել ու ծախսել: Դրամի պահանջարկն ավելանում է, դրա համար էլ արժեւորվում է: Ըստ այդ տրամաբանության, եթե դրամն արժեզրկվել է, ուրեմն ՀՀ տնտեսությունն անկում է ապրել, օտար-ամայի ափերում բնակվող մեր բարեկամները սնանկացել են ու մեզ այլեւս դոլար չեն ուղարկում, եւ Հայաստան զբոսաշրջիկ չի մտնում: «Ոչ, հարգելի ընկերներ,- ասում է Է. Աղաջանովը: -Մեր բարեկամները մեզ փող էլի ուղարկում են, զբոսաշրջիկներն էլի գալիս են այնքան, որքան մինչեւ հիմա եկել են: Պարզապես տղերքին փող է պետք»: Է. Աղաջանովի կարծիքով՝ մեր տնտեսության մեջ լինում են իրավիճակներ, որոնք անտրամաբանական են եւ տնտեսական ոչ մի օրինաչափության շրջանակներում չեն տեղավորվում: Վերջին 2-3 ամիսներին ամբողջ աշխարհում դոլարն արժեզրկվել է 6-7 տոկոսով, սակայն Հայաստանում հակառակ պրոցեսն է տեղի ունեցել՝ արժեւորվել է: Տնտեսագետի կարծիքով՝ ՀՀ տնտեսությունը վերջին մի քանի տարիներին գրանցել է մի քանի ռեկորդներ, որոնք Գինեսի գրքին արժանի ձեռքբերումներ են: «Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը անցած երեք տարիներին աննախադեպ աճ է ունեցել՝ ներմուծումը 2,2 անգամ գերազանցում է արտահանմանը,- ասում է Է.Աղաջանովը: -Այսքան ժամանակ ոչ մի երկիր նման բան չի ունեցել: Այդ ի՞նչ ղեկավար պետք է լինի, որ նման վիճակների հասցնի»: Է. Աղաջանովը չի վստահում անգամ միջազգային տնտեսական կառույցներին, ովքեր գալիս են Հայաստան, երկրին ծանոթանում են ՀՀ իշխանությունների տրամադրած տվյալներով եւ նրանց հետ համաձայնում, թե մեր տնտեսությունը երկնիշ աճ է ապահովում: Դեռ մի բան էլ ավելի՝ նրանք մեր տնտեսությանը «Կովկասյան վագր» են անվանում: «Ես հազար եմ ասել, վագր չէ, փիսիկ է, փիսիկ»,- ասում է Աղաջանովը: