Լավ ընկերոջ համար անգամ …

15/04/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովի՝ Հայաստան կատարած այցի ամենահիշարժան միտքը, որն անխտիր ցիտում էին բոլոր ԶԼՄ-ներն, այն էր, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ նրա բարեկամության արմատները սկիզբ են առել տակավին նախորդ դարից: Առհասարակ, միջպետական հարաբերություններում ընդունված ժեստ է, երբ մի երկրի առաջին դեմքը կամ բարձր աստիճանավորը հեռուստախցիկների առաջ բարեկամաբար ժպտալով հիշատակում է, թե ինքն ու տվյալ երկրի ղեկավարը լավ ընկերներ են: Երբ աշխարհի բոլոր լրատվամիջոցների ներկայությամբ Պուտինը լարված տոնով ԱՄՆ-ին խորհուրդ տվեց իր արժեքային համակարգը չպարտադրել աշխարհին, հաջորդ օրն եւեթ Բուշն ու, համապատասխանաբար, Պուտինը հեռակա սիրալիրություններ փոխանակեցին եւ վկայեցին, թե իրենք կապված են ընկերության ամենամաքուր կապերով: Էակա՞ն գործոն է պետությունների ղեկավարների անձնական բարեկամությունը տվյալ երկրների փոխհարաբերություններում: Քանի որ Հայաստանի դեպքում դժվար է վկայակոչել մեր եւ որեւէ այլ երկրի ղեկավարների այնպիսի հավասար ընկերական հարաբերություններ, որոնց ջերմությունից կշահեր Հայաստանի տնտեսական կամ քաղաքական կյանքը, հետեւաբար այս թեմայով ՀՀ փոխարտգործնախարար, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Բայբուրդյանի հետ մեր նախաձեռնած զրույցը տեսական հարթության վրա է: «Միջազգային, ինչպես նաեւ քաղաքական հարաբերությունների բնագավառում, անձնական հարաբերություններն իսկապե՛ս դերակատարություն ունեն: Շատ պարզ է, որ պետական, դիվանագիտական աշխատանքի ընթացքում տարբեր մակարդակներում, տարբեր ձեւերով մարդիկ մտնում են փոխհարաբերությունների մեջ: Սակայն այդ փոխհարաբերությունների առաջին մղիչ ուժը տվյալ անձի կողմից ներկայացվող երկրի շահերն են: Այդ շահերն են առաջնորդում նրան»: Դիվանագիտական աշխատանքի մեծ ստաժ ունեցող Արմեն Բայբուրդյանը վկայում է, որ երկրների ղեկավարների, դիվանագիտական հանրության ներկայացուցիչների միջեւ շփումների պարագայում ձեւավորվում են որոշակի անձնական հարաբերություններ: Եվ այդ անձնական փոխհարաբերությունները որքան ջերմ, խորքային են, այնքան դյուրին է դառնում տվյալ պաշտոնատար անձի աշխատանքը, եւ դրանից, բնականաբար, շահում է երկիրը: «Անձնական հարաբերությունների այդ դրույթը, սակայն, ունի նաեւ իր սահմանը: Այդ հարաբերությունների սահմանն այնքան է, քանի դեռ չեն հատվում պետական շահերին: Հետեւաբար, չենք կարող ակնկալել, որ անձնական հարաբերություններն ամենազոր են եւ խնդրի լուծման միակ բանալին են»: Դրա օրինակ է այլ երկրներում դիվանագիտական կորպուսում աշխատող հայ եւ թուրք դիվանագետների շփումը. «Կամա թե ակամա շփումներ պարբերաբար լինում են, բայց գործնականում թուրք դիվանագետների հետ շփումները եղած հարաբերությունների հենքի վրա խիստ սահմանափակ են»: Արմեն Բայբուրդյանը` որպես դիվանագետ, աշխատել է Միացյալ Նահանգներում, Հնդկաստանում: «Ասեմ, որ, օրինակ` Հնդկաստանում, շատ արժեքավոր է համարվում այն հանգամանքը, թե տվյալ դիվանագետն ինչ խորությամբ է տիրապետում այդ երկրի պատմությանը, փիլիսոփայությանը, կրոնին, հասարակական կյանքին եւ այլն: Իմ փորձը թույլ է տալիս եզրակացնել, որ այն դիվանագետները, որոնք խորությամբ ճանաչում են երկիրը եւ սիրով են լցված այն երկրի հանդեպ, ուր կոչված են աշխատելու, ուրույն ձեւով են ընկալվում հյուրընկալ երկրի կողմից, քան, երբ պարզապես կատարում են իրենց պարտականությունները: Կարեւոր է նաեւ այդ երկրի հանդեպ դրական վերաբերմունքը»: Քանի որ պարոն Բայբուրդյանը նշեց, որ դիվանագետը, կոնկրետ` դեսպանը, իր բարեկամական, զգացմունքային վերաբերմունքն ի պաշտոնե չի կրող ստորադասել այն երկրի շահերին, որը ներկայացնում է, հետաքրքրվեցինք, թե այդ կոնտեքստում կարելի՞ է եզրակացնել, որ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը ստորադասեց իր երկրի շահերը, ասենք այսպես` պատմական արդարությանը: «Էվանսը, ինչպես ցանկացած դիվանագետ, առաջին հերթին առաջնորդվում է իր պետական շահով: Այլ բան, որ այդ հարցի կապակցությամբ նա այլ մոտեցում դրսեւորեց: Ի վերջո, այո՛, ԱՄՆ վարչակազմը որոշակի քաղաքականություն է վարում, սակայն չմոռանանք, որ ԱՄՆ գործադիր մարմնին զուգահեռ՝ աշխատում է նաեւ օրենսդիր մարմինը, որն այժմ քննարկումների շրջանում է: Եվ շուտով մենք կտեսնենք, թե խնդիրն ինչ զարգացումներ կունենա: Էվանսի դեպքում նշենք, որ մարդկային փոխհարաբերությունները զգացական ֆոն են առաջացրել, եւ նա դա դրսեւորել է հայտնի ձեւով: Իր աշխատանքի ընթացքում Էվանսը որոշակի եզրակացությունների է հանգել եւ դրանք նա արտահայտել է` ի տարբերություն շատ այլ դիվանագետների, որոնք նախապատվությունը տալիս են լռությանը»:

Օրերս ռուսաստանյան հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները` դեմքը թթվեցնելով, ներկաներից հետաքրքրվում էր, թե արդյո՞ք նրանց հաճելի է Իրանի նախագահի արտաքինը, հատկապես իր մահու չափ ձանձրացրած եւ թարմությամբ աչքի չընկնող բաճկոնով: Նույն ձեւով ամերիկյան թերթերը քննարկման թեմա են դարձնում` գեղեցի՞կ են արդյոք ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի ոտքերը, թե՞ ոչ: ՀՀ նախագահի արտաքինն եւ պահվածքը ներկայացնելիս` ռուսաստանյան լրատվամիջոցները գործածում են «արիստոկրատ» բառը` ակնհայտորեն հայ ժողովրդի պատմությունը շփոթելով Հին Հունաստանի պատմության հետ: Եթե անձնական բարեկամությունը միջպետական հարաբերություններում կարեւոր գործոն են, արդյոք նույնքան կարեւոր դերակատարություն ունի՞ անձնական հակակրանքը: Եթե հասարակական այլեւայլ շերտեր կարող են իրենց թույլ տալ զննել, թե քանի օր չի սափրվել Իրանի նախագահը, պատշաճից երկար կարող են աչքերը հառել Ռայսի ոտքերին, դիվանագիտության մեջ, ինչպես Արմեն Բայբուրդյանն է նկատում, ամեն բան շատ հստակ է` կա հստակ վարքականոն, ուր տեղ չունեն երկրի առաջին դեմքի, դիվանագետի անձնական նախապատվությունները: Եվ այդ վարքականոնը ձեւավորվել է դարեր առաջ եւ առավել հղկվել է դեռեւս Վերածննդի դարաշրջանում. «Վերածննդի շրջանում, օրինակ, դեսպանի առաջ դրվում էին այնպիսի պահանջներ, որ այսօր ողջ աշխարհում չես հանդիպի նման չափանիշներին համապատասխանող դիվանագետի: Այն ժամանակ դիվանագետը ոչ միայն հրաշալի պետք է իմանար միջազգային հարաբերություններ, պատմություն, փիլիսոփայություն, երաժշտություն (պետք է հրաշալի նվագեր, երգեր), պետք է խորությամբ իմանար կենսաբանություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, աստվածաբանություն: Այսօր աշխարհում շատ քիչ դիվանագետներ կան, որոնք փայլուն տիրապետում են աստվածաբանությանը: Իսկ այն ժամանակ դա պարտադիր պայման էր»:

Ֆիզիկայի, աստվածաբանության, երգելու եւ հատկապես պարելու ասպարեզներում հայ դիվանագետների մասին թեեւ պատմությունը լռում է, սակայն Արմեն Բայբուրդյանը վստահեցնում է, որ մեր ժամանակակից դիվանագիտական դպրոցը «բավական ուժեղ» է, եւ դա նաեւ այլոց կարծիքն է: Մեր զրույցի վերջում նա նաեւ հանգստացրեց շարունակաբար մեկուսացող Հայաստանի ապագայով մտահոգ մարդկանց (իսկ ինքը` Արմեն Բայբուրդյանն իրեն նման մարդկանց շարքին չի դասում), որ հնարավոր աշխարհաքաղաքական զարգացումների դեպքում աշխարհի չորս ծագերում սփռված մեր դիվանագետներն ի զորու են իրենց դիվանագիտությունը ծառայեցնել Հայաստանի շահերին: