Գայանե Ադիբեկյանի ամեն օրվա լույսը բացվում է՝ իր հետ բերելով նոր փորձություններ ու դժվարություններ: Արդեն երեք ամիս է, ինչ նա երեկոյան ժամերից սկսած՝ անքուն սպասում է լուսաբացին, որովհետեւ էլեկտրականությունից զրկված է: 45-ամյա այս կինը հասկանում է, որ էլեկտրիկն իրավունք չունի 49.000 դրամ պարտք ունեցող բաժանորդի լույսը միացնել: Հասկանում է նաեւ, որ իր ծանր վիճակի համար իրավունք չունի որեւէ մեկին մեղադրել: Տիկին Գայանեն կոկորդը սեղմած է խոսում, իսկ պարանոցի երակներն այնպես են ջղաձգվել, որ թվում է՝ ուր որ է կպայթեն: «Շատ անելանելի վիճակում եմ: Փակուղի է: Չեմ կարողանում էս պրոբլեմների լուծման համար ձեւ գտնել ու մի քիչ հանգիստ ապրել»,- ասում է նա: Իր ամենօրյա խնդիրների մասին խոսելիս լաց է լինում: Առաջին անգամ է այդ մասին բարձրաձայն խոսում: Տիկին Գայանեն ապրում է Էրեբունի համայնքում գտնվող Արհեստագործական ուսումնարանի հանրակացարանի մի փոքրիկ սենյակում, ուր մենակությունից պարզապես գժվել կարելի է: Սենյակում տեղադրված իրերը դեն գցելու են, սակայն նա դրանք մաքրել, կարգի է բերել եւ շուրջը կոկիկ դասավորել: Ինչ էլ կա՝ ուրիշների չօգտագործած ու աղբանոց նետած իրերն են: «Սրանք բոլորը զիբիլանոցի ապրանք են, ուղղակի ես մաքրություն սիրող կին եմ: Ամբողջը մաքրել, տեսքի եմ բերել»,- ասում է նա: Հարազատներ, երեխաներ չունի, իսկ ամուսինը վաղուց իրեն լքել է, որովհետեւ` «Երբ հղիացա՝ առողջական պրոբլեմներ առաջացան: Վիժեցի ու ողնաշարս ծռվեց, ողերս խախտվել են: Ամուսնուս որպես կին հիասթափեցրի, սկսեց ինձ ծաղրել, թե՝ կուզիկ ես, տգեղ ես: Էլ հնարավոր չէր ապրել, չէի դիմանում էդ ծաղր ու ծանակին: Բաժանվեցինք, ինքն ամուսնացավ, հեռացավ, ու էլ իր մասին տեղեկություն չունեմ»,- անկեղծանում է ու վիրավորանքից երեսը թեքելով՝ հուզվում: Ասում է, որ խոսելու-կիսվելու կարոտ է, դրա համար էլ ամեն երեկո ինքն իր հետ է խոսում, կիսվում, կռվում ու լաց է լինում: «Իմ միակ ընկերը, հարազատը իմ բարձն է, պառկում, բարձս գրկում ու սկսում եմ լաց լինել, հետը կռվել»,- ասում է նա: Երեք ամիս խավարի մեջ ապրող այս կինը վստահեցնում է, որ պահեր են եղել, երբ մտածել է, թե խելագարվում է: Ասում է, որ ամիսներ առաջ դռան փականը գողացել-տարել են ու բաց դռնով է գիշերներն անցկացրել: «Վախից ոտքերս թուլանում էին, սարքելու հնարավորություն չունեի, չէի կարող նոր զամոկ առնել: Հանկարծ որ մի թրխկոց էի լսում` սարսափում էի: Դե՛, պատկերացրե՛ք, որ լույս չկա, խավարի մեջ՝ բաց դռնով, ու ես էլ՝ մենակ, ոչ ոք չունեմ: Հանրակացարանում էլ հազար տեսակի մարդ է ներս ու դուրս անում: Վախից ինձ թվում էր՝ գժվել եմ: Իմ վիճակն անտանելի է, ախր սկի էն մութ տարիներին ինձ նման ապրող չկար: Մարդիկ գոնե 1 ժամով լույս էին ունենում»,- ասում է նա ու հավելում, որ գոյատեւում է պարտքերով: Տիկին Գայանեն ողնաշարի հիվանդության պատճառով ֆիզիկապես հնարավորություն չունի ինչ-որ աշխատանք կատարելու: Արդեն երկրորդ տարին է, ինչ չի աշխատում: Թոշակ նշանակելու համար էլ պետք է հիվանդանոցում պառկի, բուժվի, որից հետո նոր միայն հնարավոր կլինի նրան հաշմանդամության կարգ տալ եւ հաշմանդամությանը համապատասխան թոշակ նշանակել: Ասում է, որ հիվանդանոցում պառկելու եւ բուժվելու համար գումար է անհրաժեշտ, դրանից բացի, անգամ տրանսպորտի փող չունի հիվանդանոց հասնելու համար: «Հիվանդանոցում պառկելու համար անալիզների գումար է պետք: Հասկանո՞ւմ եք, ոնց պտտվում՝ պատ եմ տեսնում, ոչ մի ելք չունեմ: Աշխատանք չունեցող եւ թոշակ չստացող մարդու վիճակը ո՞նց կլինի: Առաջ գոնե կարողանում էի թեթեւ գործեր անել, բայց հիմա ուսերս էլ են ինձ ցավից մաշեցնում, թուլանում եմ էդ ցավերից, ուժասպառ եմ լինում: Ես ոչ մի եկամուտ չունեմ ու ներկա դրությամբ ողջ եմ, որովհետեւ դեռ պարտքով հաց տալիս են»,- ասում է նա, ում «Փարոսի» նպաստառուների ցանկ չեն ընդգրկում` պատճառաբանելով, որ նա թոշակառու չէ: Գայանեն հերթով թվարկում է, թե ում՝ որքան գումար է պարտք: 38.000 դրամ տան վարձ, 49.000 լույսի վարձ, 56.000 խանութներին է պարտք, եւ այդպես շարունակ: Ասում է, որ ստիպված դիմել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրենց տարածքային մասնաճյուղ, որպեսզի ձեռք մեկնեն իրեն: «Դե՛, որ էդքան ասում են, թե իրենք օգնում են աղքատ մարդկանց` ես էլ հույս ունեի, որ մի բանով կօգնեն: Ես իրենցից ոչ մի կոպեկ չեմ ուզել: Խնդրեցի, ասեցի` ի՞նչ կլինի, միջամտեք գոնե թող լույսս միացնեն, խելագարվում եմ, չեմ դիմանում էդ խավարին: Ասեցին, մենք իրավունք չունենք, դա էլեկտրացանցի խնդիրն է: Է՛, բայց տեսան, չէ՞, ինչ վատ վիճակում եմ, կարող էին չէ՞ օգնել: Սուտ է, անուն, ազգանուն ու հասցե գրեցին, բայց հետո չարձագանքեցին: Եթե բարեգործի անուն են հանել՝ ինչո՞ւ չօգնեցին, ինձնից ավելի անելանելի վիճակում գտնվող մարդ կա՞: Լրիվ անարխիա ա: Էնքան էի լսել, որ հավատում էի՝ գոնե իրենք կօգնեն, բայց ստից անուն են հանել»,- ասում է տիկին Գայանեն: Զայրույթից աչքերն արյուն են լցվում: Հարցնում եմ` «Աչքերի խնդիր է՞լ ունեք, ինչո՞ւ է կարմրում»: Պատասխանում է` «Չէ՛, ներվերից զոբ ա աճել: Հենց ներվայնանում եմ` աչքերս արյուն են լցվում, ու կոկորդս խեղդում է: Շատ եմ նեղվում ու չեմ արտահայտվում, մարդ էլ չկա, որ սիրտս թեթեւացնեմ, մեջս եմ խեղդում»: Տիկին Գայանեն ասում է, որ հարեւաններն այնքան խղճով մարդիկ են, որ կարողանում են գոնե մոմով օգնել իրեն: «Գալիս, տեսնում են՝ մթի մեջ նստած եմ, ազդում է իրենց վրա, մեկ էլ տեսնում եմ՝ մի մոմ առած եկան: Մեկ-մեկ էլ կանչում են հեռուստացույց նայելու: Էս 2 տարի կլինի՝ չգիտեմ, թե աշխարհում ինչ է կատարվում»:
Տիկին Գայանեն ամեն խոսքից հետո ասում է` «Ելք չկա», ու ակնկալում է մի պատասխան, որը գոնե մի քիչ իրեն կմխիթարի ու ուժ կտա դժվարությունները հաղթահարելու համար: Նրա տանը սարսափելի ծանր ու ճնշող մթնոլորտ է, այնպիսի տպավորություն է՝ կարծես ինչ-որ դժբախտություն է տեղի ունեցել: Գայանեի սենյակում անգամ գարնանային պայծառ կեսօրը դարձել էր գորշ ու մութ երեկո: