ՀՀ դատական համակարգն ամբողջովին անկախ դառնալու համար երկար ճանապարհ ունի անցնելու: Եվ այդ ճանապարհին հիմնական դժվարություններից մեկը հասարակության մոտ համակարգի նկատմամբ վստահություն ստեղծելն է: Ինչպես երեկվա մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը, անվստահության օբյեկտիվ պատճառները խորհրդային տարիներից հասարակության ժառանգած բարդույթներն են, բացասական վերաբերմունքը դատական համակարգի գործունեության նկատմամբ: Սուբյեկտիվ պատճառներից Հ. Մանուկյանը կարեւորեց դատավորի կերպարի` առայժմ կատարյալից հեռու լինելը: Հ. Մանուկյանը հավաստիացրեց, որ Դատական օրենսգիրքը սահմանել է դատավորի բարոյական բոլոր չափորոշիչները, էթիկայի կանոնները, որոնց պետք է ենթարկվեն անխտիր բոլոր դատավորները: Նրանց համար սահմանված բարոյական չափանիշները շատ ավելի խիստ են ու բարձր հասարակական բարոյականության մակարդակից, եւ «հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ պետք է խարսխված լինի դատավորի բարձր բարոյական չափանիշների վրա»: Օրենսգիրքն, օրինակ, սահմանափակում է դատավորի` նվերներ ստանալու իրավունքը, եւ ցանկացած նվեր ստանալիս դատավորը պարտավոր է հաշվետու լինել դատավորների ինքնակառավարման մարմնին` դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին, նվերի արժեքի, այն ստանալու աղբյուրների մասին: Այդ սահմանափակումները վերաբերում են նաեւ դատավորների մերձավոր ազգականներին: Դատավորներն օրենսգրքով պարտավոր են եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնել ոչ միայն հարկային մարմիններին, այլեւ դատավորների ինքնակառավարման մարմնին: Հ. Մանուկյանն այս ամենի հետ մեկտեղ խիստ կարեւոր է համարում դատավորների աշխատավարձերի բարեփոխման իրականացումը: «Հասարակությունը կարող է ունենալ այն մակարդակի դատական համակարգ, ինչ մակարդակի նյութական վարձատրություն այդ համակարգը կստանա նույն հասարակությունից: Մարդիկ պետք է գիտակցեն, որ դա անհրաժեշտ է կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար»,- ասաց Վճռաբեկ դատարանի նախագահը: Այսօր դատավորների միջին աշխատավարձը մոտ 250 հազար դրամ է: Հ. Մանուկյանի խոսքերով` այն մոտ 10 անգամ պետք է բարձրացվի: Բայց արդյոք աշխատավարձի բարձրացումը կնպաստի՞ դատական համակարգի եւ դատավորների կոռումպացվածության նվազեցմանը: Ո՞վ չգիտի, որ դատավորն իրավունք չունի նվեր կամ կաշառք ստանալ, դատավորներից լավ ոչ ոք չգիտի, թե օրենքն ինչ պատժամիջոցներ է նախատեսում նման դեպքերի համար, բայց դրանից կոռուպցիան չի նվազում: