Թիվ 19 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, երեւանցի Հակոբ Հակոբյանը, ում հայցադիմումի հետեւանքով ընտրապայքարից դուրս մղվեց էջմիածինցի Հակոբ Հակոբյանը, երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի բացառել, թե նույն բախտին կարող է արժանանալ նաեւ մյուս թեկնածու Սեյրան Սարոյանը, եթե հանկարծ իր նախաձեռնող խմբի անդամները նրա փաստաթղթերում էլ կեղծիքներ հայտնաբերեն: Հ. Հակոբյանը երեկ տեղեկացրել է, որ այժմ իր շտաբի անդամները զբաղված են իր միակ մրցակից Սեյրան Սարոյանի փաստաթղթերի ուսումնասիրությամբ, եւ եթե հանկարծ նման կեղծիքներ գտնեն, ապա ինքն անկասկած դիմելու է դատարան: «Իսկ ինչո՞ւ՝ ոչ»,- ասել է Հակոբյանը, ում ընտրապայքարից դուրս մնացած Հակոբ Հակոբյանը երեկ մեղադրել է Ս. Սարոյանի պատվերներն իրականացնելու մեջ: Ի դեպ, պատգամավոր Հակոբյանը երեկ նաեւ հայտարարել է, որ ինքը պաշտպանելու է Հակոբյան Հակոբի թեկնածությունն ու իր ընտրազանգվածին կոչ է անելու քվեարկել նրա օգտին: Հակոբյանն իր այդ քայլով ցանկանում է վրեժխնդիր լինել Սեյրան Սարոյանից:
Երեկ կեսօրին լուրեր էին տարածվել, թե Հ. Հակոբյանն, ով մեղադրվում է իր նախաձեռնող խմբի անդամի հոր առեւանգման մեջ, ձերբակալվել է: Սակայն ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ պատգամավոր Հակոբյանը ոչ թե ձերբակալվել է, այլ` հրավիրվել է Արմավիրի դատախազություն` բացատրություն տալու իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում: