Երկար սպասված կարճատեւ ասուլիս

15/04/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այն ընթերցողները, ովքեր բռնցքամարտի երկրպագուներ են, հավանաբար լսել են այս անեկդոտը։ Բռնցքամարտի սիրահար ամուսինը գարեջուր ու խեցգետին վերցրած տուն է գալիս, արագ հագնում տնային շորերն ու հարմար տեղավորվում բազկաթոռի մեջ՝ որպեսզի դիտի աշխարհի չեմպիոնության մենամարտը։ Առաջին ռաունդի մեկնարկից մեկ րոպե չանցած, երբ նա դեռ չէր էլ հասցրել բացել գարեջրի առաջին շիշը, բռնցքամարտիկներից մեկը նոկաուտի է ենթարկում մյուսին։ Խեղճ մարդը (երկրպագուն) շշմած նայում է արդուկ անող կնոջ դեմքին՝ աչքերով արտահայտելով՝ «տեսա՞ր ինչ եղավ»։ Իսկ կինը քմծիծաղով ասում է՝ հիմա երեւի դու ինձ հասկանում ես…

Այդ մարդուն եւ նրա կնոջը թերեւս շատ լավ կհասկանան այն լրագրողները, ովքեր երեկ ներկա էին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Իվանովի համատեղ ասուլիսին։ Այն նշանակված էր ժամը 13։05-ին, լրագրողներին խնդրել էին ներկայանալ 25 րոպե շուտ՝ 12։40։ Թվում է, կարելի է հասկանալ րոպեների մակարդակով մանրանալու այս անհրաժեշտությունը. դե՛, զբաղված մարդիկ են, կարեւոր գործեր ունեն։ Սակայն ասուլիսը սկսվեց 13։30, եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները մոտ մեկ ժամ ոտքի վրա սպասում էին բանախոսներին։

Ոտքի վրա, որովհետեւ ասուլիսի համար ընտրված էր 6 մետրը 5-ի վրա մի փոքրիկ տարածք, առանց աթոռների։ Բարձրախոսները մերթընդմերթ անհասկանալի ձայներ էին հանում, իսկ ակուստիկան խանգարում էր նորմալ հասկանալ հարցերն ու պատասխանները։ Իսկ այդքան չարչարանքների դիմաց գոնե իրենց հարցերին պատասխան ակնկալող լրագրողների հույսերն այդպես էլ չարդարացան։ Ասուլիսը տեւեց ընդամենը 15 րոպե, հարց տալու հնարավորություն ունեցան 3-4 հոգի։ Իսկ մյուսներին մնաց այդ հարց ու պատասխանը կողքից լուսաբանելու բարձր պատիվը։

Բուն թեման, ինչպես հասկացաք, առանձնապես ծավալուն չէ։ Երկու կողմերն էլ գոհունակություն արտահայտեցին «Կավկազ»-Փոթի լաստանավային ուղու գործարկման առնչությամբ, նշելով, որ դա կնպաստի երկկողմ հարաբերություններին։

Ս. Սարգսյանն ու Ս. Իվանովը գոհ էին նաեւ երկու երկրների տնտեսական հարաբերություններից։ Մասնավորապես, Ս. Իվանովը նշեց, որ Ռուսաստանը ներդրումների ծավալով վստահորեն զբաղեցնում է մեր երկրում առաջին տեղը (եթե հիշում եք, բոլորովին վերջերս ՌԴ նախագահ Վ. Պուտինն այդ մասին արտահայտվել էր «ամոթալի երրորդ տեղ» բառերով)։ Իսկ ներդրումները կրում են ոչ թե, այսպես ասած, «էթնիկ» բնույթ, այլ խոշոր եւ լուրջ ներդրումներ են՝ մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի բնագավառներում։

Այդուհանդերձ, ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալը նշեց, որ, իհարկե, որոշ խնդիրներ կան. «Մենք դրանք այսօր քննարկել ենք, բայց մենք դրանից չենք խուսափում, դրանք պետք է լուծել: Բայց հավատացնում եմ, որ դրանք վերջին տարիներին լուծվում են, չնայած Հայաստանի իրադրության ամբողջ բարդությանը։ Առաջին հերթին նկատի ունեմ տրանսպորտը»,- ասաց Ս. Իվանովը։

Ս. Սարգսյանն ավելացրեց, որ բացի երկաթուղային ուղուց, շատ կարեւոր է լուծել նաեւ ավտոմոբիլային տրանսպորտային փոխադրումների խնդիրը։ Կան ապրանքներ, օրինակ՝ ծիրանը, որ Ռուսաստան են տեղափոխվում միայն ավտոմոբիլային ճանապարհով։ Բանախոսները հավաստիացրին, որ այդ հարցի լուծման շուրջ նույնպես խոսել են։

Այն երջանիկներից մեկը, ում հաջողվեց հարց տալ, հետաքրքրվեց, թե Ս. Իվանովն ինչպես է վերաբերվում Ս. Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելուն։ Այս հարցին ի պատասխան՝ Ս. Իվանովը հիշեցրեց, որ իրենք Ս. Սարգսյանի հետ ծանոթ են «դեռ անցյալ դարից»։ «Ծանոթ ենք տարբեր կարգավիճակներից, թե՛ որպես անվտանգության խորհուրդների քարտուղարներ, թե՛ որպես պաշտպանության նախարարներ, իսկ այժմ՝ բացառապես որպես քաղաքացիական անձինք»,- ասաց Ս. Իվանովը՝ ավելացնելով, որ այդ ժամանակահատվածում իրենց մոտ ձեւավորվել են ոչ միայն գործնական փոխհարաբերություններ, ինչը բնական է, իրենք ծանոթ են վաղուց եւ հանդիպում են տարին առնվազն մի քանի անգամ: Նա նաեւ նշեց, որ քաղաքացիական կարգավիճակում այս առաջին այցը ոչ միայն որեւէ խնդիր չի առաջացնում, այլ հակառակը՝ անցյալում ձեւավորված մարդկային կապիտալը թույլ է տալիս շատ հարցեր քննարկել «ուղիղ, անկեղծ, առանց մեծ դիվանագիտական տարրերի»։