«Լսելիքը վարժվել է ասելիքին»

15/04/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

2006 թվականը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից «խորը վերլուծվել է»: Ըստ այդմ, ամբողջ 1-1,5 տարի քաղաքական դաշտում չէին լռում հայհոյանքները, իսկ դեկտեմբեր ամսին դրանք վերածվեցին քաղաքական հիստերիայի:

Երեկ «Փաստարկ» ակումբում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա հիշեցրեց, որ նշված իրադարձությունների կապակցությամբ ՀՀԿ-ն խոստացել է պատասխանը տալ նախընտրական շրջանում: «Կարծում եմ՝ եւ՛ դուք, եւ՛ հասարակությունն այդ բոլոր խնդիրների պատասխանները կստանաք հենց մեր ծրագրերից»,- դիմելով լրագրողներին՝ նշեց նա: Գ. Սահակյանի խոսքերով՝ այսօր քաղաքական դաշտում «բարի մթնոլորտ» է ստեղծվել: Իհարկե, ըստ նրա, քարոզչության ընթացքը կունենա իր «կուլմինացիոն կետերը, որտեղ կփորձվի վերագրումներ կատարել»: «Քաղաքական ակտիվությունն առայժմ ցածր է, որովհետեւ ժողովրդի լսելիքը վարժվել է մեր ասածներին»,- բացատրում է ՀՀԿ-ական պատգամավորը: Իսկ մի՞թե «բարի մթնոլորտի» վկայություն է այն, ինչ այս օրերին կատարվում է Էջմիածինը ներառող թիվ 19 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում բանն արդեն հասել է կրակոցների, հրկիզվել է թեկնածուներից մեկի շտաբը, մրցապայքարից դատարանի որոշմամբ հեռացվել է ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը, իսկ ՀՀԿ-ն էլ այդ ընտրատարածքում սատարում է գեներալ Սեյրան Սարոյանին: Այս կապակցությամբ Գ. Սահակյանը նշեց, թե Հ. Հակոբյանն իր ընկերն է ու, չնայած որոշակի անկանխատեսելիությանը, բավական լուրջ քաղաքական գործոն է ու բիզնեսի լուրջ ներկայացուցիչ: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաեւ նշեց, որ պետք չէ պատկերացնել, թե քաղաքականություն կարելի է իրականացնել միայն խորհրդարանում: Հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն պաշտպանեց ոչ թե իր անդամին, այլ անկուսակցական գեներալին, Գ. Սահակյանը պատասխանեց, թե մարդկանց պետք է գնահատել միայն իրենց անցած ճանապարհով: «Այդ անցած ճանապարհի մեխը նա է, որ կարող էր այսօր Սեյրան Սարոյանը զոհված լինել: ՀՀԿ-ն գնահատում է այդ կշիռը»,- նման ուշագրավ, հետաքրքիր ու յուրօրինակ պարզաբանում տվեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Վերջինս երեկ նաեւ հիշեցրեց, թե իրենք միշտ ասում էին, որ ՀՀԿ-ն ԱԺ առաջիկա ընտրության արդյունքում կաշխատի ունենալ այնքան պատգամավոր, որքան այսօր է, եւ մի բան էլ՝ ավելին: Ինչպես հայտնի է, Գ. Սահակյանի մտքերը երբեմն շատ բարդ է լինում հասկանալ, որովհետեւ պարզապես դրանցում գերակշռում են հասկանալու համար դժվարընկալելի ձեւակերպումները, որոնք լինում են մոտավորապես այնպիսին, ինչպիսին վերջերս Հ. Հակոբյանի գործի հետ կապված ասել էր նույն Գ. Սահակյանը. «Մեզ համար ընդունելի է Հակոբ Հակոբյանի գործառույթը»: Սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավարի երեկվա խոսքից հասկանալի էր դառնում, որ ՀՀԿ-ում «զգում են», որ ավելի մեծ պատասխանատվության բեռ պետք է վերցնեն: «Ինչո՞ւմն է կայանում խնդիրը: Թվում է, թե այսպես կանխավարկածային մի բեւեռ է գտել քաղաքական դաշտը եւ փորձում է վերագրումներ կատարել ամբողջ վատն այդ կանխամտածվածին եւ վերագրումներ կատարել՝ դրականը դեպի իրենց: Զգում ենք, որ դա մեզ է վերաբերվում: Եվ պիտի ասեմ, որ, այո, տարիները ցույց տվեցին, որ վերջում պատասխան տվողը մենք ենք լինում եւ այսօր էլ չենք խուսափում պատասխանատվությունից եւ չենք խուսափում նաեւ այն բեռից, որը որդեգրված պիտի տանենք»,- նշեց Գ. Սահակյանը: Ակնարկն ակնհայտորեն վերաբերում էր ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին, որը, թեեւ իշխանության մաս է կազմում, բայց հանդես է գալիս ընդդիմության դերում ու, բացի այդ, հենց նրանց իշխանությունների կատարած ապօրինությունների ու խախտումների վերաբերյալ փաստեր են մատնանշում, անմիջապես հայտարարում են, թե՝ «գիտե՞ք ինչ, մենք պատասխանատու ենք մեր չափով»: Ինչեւէ, Գ. Սահակյանի խոսքերից կարելի՞ է եզրակացնել, որ ՀՀԿ-ն հիասթափվել է ՀՅԴ-ից: Պատասխանելով այս հարցին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե «քարոզչության ընթացքում չափավոր պոպուլիզմը գնահատելի է, որից կաղում է Հանրապետականը»: «Մենք նեղացած չենք մեր ընկերներից»,- շարունակեց նա: Միաժամանակ, ըստ նրա, ժամանակը ցույց տվեց, որ այսօր ՀՀԿ-ն կատարում է «ժամապահի դեր»: Դա, Գ. Սահակյանի խոսքերով՝ նշանակում է, որ ամեն վայրկյանի, րոպեի, ժամի ու տարվա պատասխանատուն «որոշ առումով» ՀՀԿ-ն է: «Եվ եթե առաջներում ասում էինք, որ կհաղթահարենք այնքան, ինչքան ունեինք, այսօր ասում ենք (կամ ասում եմ ես. դեռեւս կտրուկ շրջադարձեր մեր գործառույթներում տեղի չի ունեցել), որ պիտի խոսենք բացարձակ մեծամասնության մասին»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը: Վերջինս նաեւ ակնարկեց հավանական այն գործընկերոջ մասին, որի հետ ՀՀԿ-ն կկազմի կառավարություն, կամ դրա առանցքը: Դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: Ըստ Գ. Սահակյանի, ԲՀԿ-ն ունենալով իր լուրջ տեղը խորհրդարանում, ՀՀԿ-ի հետ կկազմի այն դաշտը, որը կամրապնդի զարգացման ու բարգավաճման ճանապարհը: Անդրադառնալով «Ֆայնենշըլ Թայմս» թերթին ՀՀԿ խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցում նրա արտահայտած այն կարծիքին, որ սոցիալական խնդիրներն ավելի առաջնային են, քան մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը՝ Գ. Սահակյանը կարծիք հայտնեց, թե մարդու իրավունքների կարեւորագույն պաշտպանը հենց մարդն ինքը պետք է լինի: Գ. Սահակյանի խոսքերով՝ աղքատությունը վախկոտություն է: «Մինչեւ ժողովրդի սոցիալական հարցերը չլուծես, ինքը՝ մարդը, չի կարողանալու իր իրավունքը պաշտպանել, այսինքն՝ ուրիշներն են պաշտպանելու: Մի բան այսօր խորապես կաղում է մեր երկրում. դա մարդու իրավունքներն են, որովհետեւ սոցիալական խնդիրներով ապրող մարդը չի կարողանում բովանդակ լինի: Ինքը՝ հասարակությունը, պետք է կարողանա այդ դաշտը ստեղծել՝ իրավունքի պաշտպանության: Հասարակությունը պետք է կարողանա մտածել»,- շարունակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարն ու հավելեց, թե աղքատությունը չարիք է, եւ պետք է այդ չարիքի դեմ պայքարել, իսկ ժողովրդավարության հիմնական մեխը հենց մարդու իրավունքների պաշտպանությունն է, եւ մեկը մյուսից չի կարելի անջատել: