Մենք պրոտեկցիայի կարիք չունենք

15/04/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Սիլ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը եւ «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը երեկ «Հայելիում» խոսում էին ՀՀ տնտեսության մասին։ Ակումբի ձեւաչափն այնպիսին է, որ երկու բանախոսի պարագայում սովորաբար պետք է տեղի ունենա բանավեճ։ Սակայն, ինչպես ինքը՝ Հրանտ Վարդանյանը նկատեց, իրենց միջեւ դժվար թե շատ հետաքրքիր բանավեճ ստացվի, քանի որ շատ հարցերում երկուսն էլ ունեն նմանատիպ դիրքորոշում։

Այդ ընդհանրություններից Հ. Վարդանյանն առաջին հերթին առանձնացրեց, այսպես ասած, ընտանեկան բիզնես հասկացությունը՝ հստակեցնելով, որ խոսքը վերաբերում է մեծ բիզնեսին։ Երկու ընտանիքներն էլ՝ Սուքիասյանների եւ Վարդանյանների, իրենց բիզնեսը վարում են ընտանիքով։ «Օրինակ, ես գիտեմ, որ «Հայէկոնոմբանկով» զբաղվում է Խաչատուր Սուքիասյանի եղբայրը»,- ասաց Հ. Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ իր դեպքում բիզնեսով զբաղվում են որդիները, իսկ ինքը, 2 տարի է՝ հետեւում է միայն թղթաբանությանը։

Այն դիտարկմանը, որ «ընտանեկան բիզնես» կոչվածը ոչ միանշանակ է ընդունվում, քանի որ ՀՆԱ-ի մի զգալի մասը կենտրոնացված է մի քանի ընտանիքների ձեռքին, բանախոսները համաձայն չէին։ Մասնավորապես, Խ. Սուքիասյանի կարծիքով, կարեւոր չէ՝ սեփականատերն ով է, շատ ավելի կարեւոր է, որ շրջանառության մեծ ծավալներ լինեն, զբոսաշրջիկներն այստեղ գումար ծախսեն, եւ Հայաստան շատ փող մտնի։

Հ. Վարդանյանը համաձայն չէ, որ իրեն համարում են իշխանական կամ իշխանության հովանավորությունը վայելող գործարար։ Նրա կարծիքով, եթե գործարարը պարկեշտ վերաբերմունք ունի պետական բյուջեի նկատմամբ, նա որեւէ մեկի «պրոտեկցիայի» կարիքը չունի։ Գործարարը նաեւ ընդգծեց, որ ինքը որեւէ կուսակցության անդամ չէ (թեեւ կարող է համակրություն ունենալ առանձին քաղաքական ուժերի նկատմամբ), եւ իր գործելաոճը պետականամետ է։ Այսինքն, առանձնապես տարբերություն չկա՝ ով է պետության ղեկին։ Երբ լրագրողներից մեկը զուգահեռ անցկացրեց՝ հիշեցնելով, որ Գագիկ Ծառուկյանի մայրը վերջերս նույնատիպ միտք է արտահայտել հարցազրույցներից մեկում (որ կարեւոր չէ՝ ով է պետության ղեկին), Հ. Վարդանյանն ասաց. «Մեզ Գագիկ Ծառուկյանի հետ մի համեմատեք, մենք մտնում ենք խոշոր հարկատուների առաջին հնգյակի մեջ, մենք այս պետության սյուներն ենք»։

Խ. Սուքիասյանը ճշտեց, որ խոսքը վերաբերում է Հայաստանում գրանցված եւ գործունեություն ծավալող հարկատուներին։ Պրն Սուքիասյանը նաեւ լրագրողներին խորհուրդ տվեց ուսումնասիրել անձնական ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագրերը, քանի որ շատ քաղաքական գործիչներ ավելի մեծ ունեցվածք ունեն, քան երբեւէ ոչ մի բիզնեսով չզբաղված որոշ քաղաքական գործիչներ։

Ինչ վերաբերում է ապագա ԱԺ ընտրություններին, ապա, բանախոսների կարծիքով, գործարարն ինքն իրավունք ունի որոշել՝ ինչ-որ մեկին օգնե՞լ խորհրդարան մտնելու համար, թե՞ անձամբ զբաղվել օրենսդիր գործունեությամբ։ Խ. Սուքիասյանն, օրինակ, արդեն 8 տարի է, ԱԺ-ում է եւ նորից առաջադրել է իր թեկնածությունը, քանի որ համոզված է, որ որպես պատգամավոր՝ լավ է աշխատում։ Հ. Վարդանյանն ինքն անձամբ ԱԺ չի մտնում, փոխարենն օրենսդիր գործունեությամբ զբաղվում են նրա որդիները։ «Հզոր մարդը չի գալիս, հզոր մարդու մարդիկ են գալիս»,- ասաց Հ. Վարդանյանը։

Ի դեպ, Հ. Վարդանյանն ասաց, որ իր 5000 աշխատակիցների միջոցով առաջիկա ընտրությունների վերաբերյալ հարցում է անցկացրել, որին մասնակցել է 100 հազար մարդ։ Երեկ նա ներկայացրեց նաեւ այդ հարցման արդյունքները. իշխանական ուժերից ամենից շատ ձայներ հավաքելու են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ ՀՅԴ-ն, ընդդիմությունից՝ ՕԵԿ-ը եւ «Ազգային Միաբանությունը», նոր ստեղծված ուժերից՝ «Բարգավաճ Հայաստանը» եւ Տիգրան Կարապետյանի ղեկավարած «Ժողովրդական կուսակցությունը»: