Հանքարդյունաբերությամբ զբաղվող «Գլոբալ Գոլդ» ընկերությունը հայց է ներկայացրել Համաշխարհային բանկին կից գործող Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ՆՎԿՄԿ)՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կառավարության: Ընկերությունը փորձում է պաշտպանել իր ներդրումային իրավունքները միջազգային արբիտրաժում: Վարույթի վերաբերյալ մեզ հետաքրքրող հարցերին պատասխանել է «Գլոբալ Գոլդի» միջազգային իրավաբան, «King & Spalding» ընկերությունը ներկայացնող Քեն Ֆլերյենը:
Հետք – Ե՞րբ եք Հայաստանի կառավարության դեմ հայց ներկայացրել ՆՎԿՄԿ եւ ի՞նչ հիմնավորմամբ:
Ք. Ֆլերյեն – «Գլոբալ Գոլդն» իր հայցը ներկայացրել է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի արբիտրաժ 2007թ.-ի հունվարի 19-ին: ՆՎԿՄԿ-ն հայցը գրանցել է 2007թ.-ի փետրվարի 20-ին: Հայցը ներկայացվել է 1992թ.-ի սեպտեմբերի 23-ի` ԱՄՆ-Հայաստան ներդրումների երկկողմանի պայմանագրի համաձայն, որն էլ նախատեսում է ԱՄՆ ներդրումների պաշտպանություն:
Հետք – Արդյոք հայցը բա՞ց փաստաթուղթ է: Եթե այո, ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ դրան:
Ք. Ֆ.– Հայցը հանրային փաստաթուղթ չէ, սակայն արբիտրաժի հետագա փուլում ընդունած որոշումները կլինեն հանրային:
Հետք – Որքանով տեղյակ ենք, հայցը ներառում է ՀՀ կառավարության անդամ, ՀՀ բնապահպանության նախարար Վ. Այվազյանի գործունեությանն առնչվող փաստեր: Խնդրում ենք նշել` որո՞նք են Վ. Այվազյանի կառավարման այն սխալները, որոնք առանցքային են արբիտրաժային վարույթ սկսելու համար:
Ք. Ֆ. – Դուք ճիշտ եք, որ Հայաստանի Հանրապետության դեմ հայցերը հիմնված են ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի գործելակերպի վրա: Այվազյանը կաշառք է պահանջել «Գլոբալ Գոլդից», որը ընկերությունը հրաժարվել է վճարել:
Այդ ժամանակից ի վեր Վ. Այվազյանը փորձում է զրկել «Գլոբալ Գոլդին» աշխատելու իր իրավունքից` ստեղծելով բազմաթիվ լրացուցիչ իրավական խոչընդոտներ «Գլոբալ Գոլդի» համար, այդ թվում` «Գոլդեն Օրե» կոչվող ընկերության հետ կապված քաղաքական գործընկերոջը տրամադրելով մրցակցող լիցենզիա «Գլոբալ Գոլդի» հանքավայրերից մեկի համար, եւ փորձում է վաճառել ընկերության լիցենզիաներն այլ խմբերի, այդ թվում` մի ընկերության, որ գործում է Վրաստանում: Միեւնույն ժամանակ, «Գոլդեն Օրեն» նույնիսկ չի ներկայանում որպես հանքարդյունահանող կամ ուսումնասիրություն իրականացնող ընկերություն, այլ հետաքրքրված է ծառահատումներով այն տեղամասերում, որտեղ «Գլոբալ Գոլդն» իրականացնում է ուսումնասիրության աշխատանքներ:
Հետք – Հայցն ի՞նչ փուլեր պետք է ունենա եւ ներկայումս ո՞ր փուլում է գտնվում:
Ք. Ֆ.- Գործը ներկայումս արբիտրաժի դատավորների նշանակման փուլում է: Դատավորներ նշանակվելուն պես երկու կողմերը գրավոր կներկայացնեն փաստաթղթերը, որին կհետեւեն լսումներն ու, վերջիվերջո, արբիտրաժի որոշումը:
Հետք – Ի՞նչ հնարավոր ընթացք կարող է ունենալ վարույթը: Արդյո՞ք այն թույլատրում է կողմերի հաշտեցում կամ նմանատիպ այլ քայլ: Եթե այո, ապա հաշտեցման գործընթացի համար կա՞ վերջնաժամկետ:
Ք. Ֆ.– Միշտ հնարավոր է կարգավորել գործը, եւ դրա համար չկա վերջնաժամկետ: «Գլոբալ Գոլդը» միշտ եղել եւ շարունակում է պատրաստակամ լինել ցանկացած ժամանակ քննարկելու խաղաղ կարգավորումը ՀՀ-ի կամ նրա ներկայացուցիչների հետ:
Ընկերությունը նվիրված է Հայաստանին, այն խնդիրները, որ ընկերությունն ունի, վնաս են պատճառում բոլորին, բացառությամբ մի քանի մարդկանց:
Հետք – Որքանով տեղյակ ենք, «Գլոբալ Գոլդ Քորփորեյշնը» նաեւ պահանջում է ֆինանսական փոխհատուցում: Ինչպե՞ս է նախատեսվում հաշվարկել փոխհատուցման չափը:
Ք. Ֆ. – Փոխհատուցումը կհաշվարկվի եւ կորոշվի արբիտրաժի վարույթի ընթացքում` փորձագետների վերլուծության հիման վրա:
Հետք – Եթե որոշումը լինի հօգուտ «Գլոբալ Գոլդի», բայց ՀՀ կառավարությունը հրաժարվի վճարել համապատասխան փոխհատուցումը, արդյոք ՆՎԿՄԿ-ն ունի՞ որեւէ լծակ իր որոշումը ՀՀ կառավարության համար պարտադիր դարձնելու համար:
Ք. Ֆ. – Որոշումը պարտադիր կլինի ՀՀ-ի համար ՆՎԿՄԿ-ի կոնվենցիայի դրույթների համաձայն, որին Հայաստանը միացել է: Որոշումը կիրառելի է ՀՀ-ի ակտիվների նկատմամբ` յուրաքանչյուր երկրում, որը միացել է ՆՎԿՄԿ-ի կոնվենցիային:
www.hetq.am