Ինչո՞ւ ընդամենը մեկ կին դեսպան ունենք

15/04/2007

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը երեկ խորհրդարանում հանդիպել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի շրջանակներում գործող Կանանց լիդերության դպրոցի ավելի քան 50 շրջանավարտների հետ: Ըստ ԱԺ փոխնախագահի` մեծ է կանանց պատասխանատվությունը նոր սերնդի ճակատագրի հարցում: Կարեւորելով կանանց դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում` Վ.Հովհաննիսյանը նշել է, որ «ազատ հասարակության մեջ քաղաքական հայացքները կարող են տարբերվել, բայց աշխատանքի մեթոդաբանությունը բոլորի համար պետք է նույնը լինի»: Հայաստանում ներկայումս հիմնական ընտրողները կանայք են, գուցե այն պատճառով, որ ավելի սուր պատասխանատվություն են զգում երկրի ճակատագրի համար: Ըստ Վ. Հովհաննիսյանի` «ազատ քաղաքացի կարող է դաստիարակել միայն պատասխանատու եւ ազատ կինը»:

ԱԺ փոխնախագահը, անդրադառնալով ԵԱՀԿ ԽՎ հատուկ նիստում կանանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահի զեկույցին, նշել է, որ Հայաստանը նախավերջին տեղում էր քաղաքականության մեջ եւ կառավարման համակարգում կանանց մասնակցության մակարդակով: Նա դա անթույլատրելի է համարել ավանդույթներ ունեցող քրիստոնյա երկրի համար: «Բազմաթիվ երկրներ մեր երկիր կին դեսպան են ուղարկում: Հայաստանը մինչ օրս մեկ կին դեսպան է ունեցել: Այդ իրողությունը եւս բացթողում է: Եթե կինն է ներկայացնում երկիրը, դա շատ բան է ասում այդ երկրի ներքին մթնոլորտի, ազատությունների մասին: Կինը հաճախ ավելի ճկուն է»,- ասել է Վ.Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է, որ անցումը 100%-անոց համամասնական ընտրակարգի՝ կմեծացնի կանանց ներկայացվածությունը եւ՛ օրենսդիր, եւ՛ գործադիր մարմիններում: Նախորդ ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակի 25%-ը կանայք են եղել, այս անգամ մեծացել է կանանց ներգրավվածությունը: ԱԺ փոխնախագահի կարծիքով` խորհրդարանական հաջորդ ընտրություններում կուսակցությունների ցուցակների առաջին եռյակում պետք է գոնե մեկ կին լինի: