150.000 երկսակագնային հաշվիչների ձեռք բերման մրցույթի արդյունքները Էներգետիկայի նախարարության Կառավարման խորհուրդը փետրվարի 18-ի նիստում չհաստատեց: Մրցութային հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը հետ ուղարկվեց լրացուցիչ ուսումնասիրելու եւ հիմնավորելու պատճառաբանությամբ: Հիշեցնենք, որ մրցույթում հաղթող էր ճանաչվել հայրենական արտադրող «Էներգիա» կոնցեռնը, որի արտադրած հաշվիչներն արդեն մի քանի տարի հաջողությամբ շահագործվում են: Փետրվարի 28-ին «Էներգոինվեստ» ձեռնարկության շենքում կայացած մրցութային հանձնաժողովի նիստը հետաձգվել է եւ վերջնական որեւէ փաստաթուղթ չի կազմվել: Այս կազմակերպության ղեկավարը՝ Տիգրան Դավթյանը, մրցութային հանձնաժողովի նախագահն է: Էներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ համաձայն գործող կանոնակարգի, հանձնաժողովն իրավասու չէ կրկնակի մրցույթ հայտարարել, իսկ կառավարող խորհուրդն էլ հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը չի հաստատել միայն այն պատճառով, որ, ըստ խորհրդի անդամների մեծամասնության կարծիքի, այն լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, ինչով էլ այժմ զբաղված են մրցութային հանձնաժողովի 11 անդամները: Ըստ լրատվական ծառայության ղեկավարի, դա նորմալ աշխատանքային գործընթաց է եւ հանձնաժողովից նոր հիմնավորումներ ստանալուն պես Կառավարող խորհուրդը կրկին նիստ կգումարի եւ կքննարկի դրանք: Իսկ թե երբ դա կլինի, նախարարությունում դժվարացան պատասխանել, նշելով, որ այն կախված է հանձնաժողովի աշխատանքի ընթացքից: