Ուժը պատեց ձու արտադրողների վրա

15/04/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՀ) երեկ տուգանեց մի շարք տնտեսվարողների՝ գերիշխող դիրքը չարաշահելու, հակամրցակցային համաձայնություն ձեռք բերելու եւ չհիմնավորված բարձր գներ կիրառելու համար:

Հանձնաժողովն ուսումնասիրության էր ենթարկել 14 ապրանքային շուկաներում գործող 17 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, բայց միայն 5-ի դեպքում է կարողացել ապացուցել, որ խախտել են Հակամրցակցային օրենքը: Տնտեսվարողներից երեքը ձու արտադրող՝ Լուսակերտի, Արզնու եւ Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկաներն էին, որոնք միասին զբաղեցնում են շուկայի հիմնական մասը: Այս երեք ընկերությունների մոտ ձվի ինքնարժեքը 2006թ. եղել է 28-40 դրամ, իսկ խանութներում վաճառվել է 60-80 դրամով: Օրինակ, Լուսակերտի ֆաբրիկան ձվի բաց թողնման գինն ապրիլ-դեկտեմբեր ամիսներն ընկած հատվածում 31 դրամից բարձրացրել է 51 դրամի: Երեք ընկերությունները 2006թ. ապրիլ-դեկտեմբերն ընկած հատվածում ձվի բացթողման գինը բարձրացրել են մոտ 20 դրամով: Եվ դա արել են հակամրցակցային համաձայնության արդյունքում, այն դեպքում, երբ ընկերությունները ազատված են ավելացված արժեքի հարկից եւ շահութահարկից: Ձվի արտադրությունը գյուղատնտեսության ոլորտից է, եւ Հայաստանում գյուղատնտեսությունը դեռ չի հարկվում: Պարզ է, որ ձու արտադրող ընկերությունները համաձայն չէին հանձնաժողովի այս գնահատականի հետ: Արզնու ֆաբրիկայի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ գները բարձրացրել են, որովհետեւ թանկացել է ներկրվող թռչնակերը: Սակայն հանձնաժողովն ուսումնասիրել եւ պարզել է, որ թռչնակերը այնքան չի թանկացել, որ ձվի ինքնարժեքը 20 դրամով բարձրանա: Իսկ Ս. Ստեփանյանի ասելով՝ իրենք ոչ թե պայմանավորվել են մյուս արտադրողների հետ, այլ տեսել են, որ մյուսների ձուն ավելի թանկ է վաճառվում, իրենք էլ են բարձրացրել իրենց ձվի արժեքը: «Միեւնույն է, դա հակամրցակցային համաձայնություն է»,- ասում է հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը:

Հանձնաժողովն այս երեք ընկերություններին տուգանեց 2006թ. հասույթի 1 տոկոսի չափով: Ըստ պրն Ստեփանյանի՝ այդ 1 տոկոսն իրենց համար բավականին մեծ գումար է՝ 20-22 մլն դրամ: «Հնարավոր է, որ դա գերազանցի մեր տարեկան շահույթը»: Գրեթե նույնչափ կամ 1-2 մլն դրամի տարբերությամբ տուգանվեցին նաեւ ձու արտադրող մյուս երկու ընկերությունները: 22 մլն դրամը արտադրող ընկերությունների համար նշանակալի գումար է կազմում: Ս. Ստեփանյանի ասելով, իրենք մտադիր են հանձնաժողովի այս որոշումը վիճարկել դատարանում:

Հանձնաժողովն ուսումնասիրել էր նաեւ բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաները: Այստեղ էլ գերիշխող դիրք ունեն «Ֆլեշ» եւ «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերությունները: Հատկանշական է, որ տարբեր ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող եւ չհիմնավորված գներ կիրառող ընկերություններից երկուսի՝ «Արզնու թռչնաբուծական ֆաբրիկայի» եւ «Ֆլեշի» հետ է կապված հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի անունը: Եթե «Ֆլեշի» դեպքում նա սեփականատեր է, ապա թռչնաֆաբրիկայի դեպքում բաժնետեր էր: Թեպետ ընկերության հիմնադիրներից Գեղամ Ջանվելյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ Բ. Բեգլարյանն այլեւս կապ չունի իրենց ֆաբրիկայի հետ: Ինչեւէ, հանձնաժողովի գնահատմամբ՝ «Ֆլեշ» ընկերությունը «Քաղ Պետրոլ Սերվիսի» հետ 2006թ. որոշ ամիսներին կիրառել են չհիմնավորված գներ: Սակայն այս դեպքում հանձնաժողովը չկարողացավ ապացուցել, որ ընկերությունները գները բարձրացնելու համար հակամրցակցային համաձայնության են եկել: «Մեր ուժը չի պատում դա ապացուցել»,- ասաց հանձնաժողովի փոխնախագահ Պավել Ղալթախչյանը: Այնուամենայնիվ, «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերությանը 500.000 դրամի չափով տուգանեցին ոչ հավաստի տեղեկություններ տրամադրելու համար: Ուսումնասիրություն էր կատարվել նաեւ ցեմենտի շուկայում, որտեղ գործում են «Միկա-ցեմենտը» եւ «Արարատ ցեմենտը»: Շուկայում 1 տոննա ցեմենտն արժե մոտ 42.000 դրամ: «Միկա-ցեմենտի» տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը պնդում էր, որ իրենց բացթողման գներն ավելի ցածր են, պարզապես գները բարձրացնում են այն միջնորդ կազմակերպությունները, ովքեր ցեմենտը գնում են իրենցից եւ վաճառում մանրածախ իրացնողներին: Այն, որ այդ միջնորդ կազմակերպությունները հիմնականում պատկանում էին նույն սեփականատիրոջը, ում պատկանում է նաեւ արտադրող գործարանը, տվյալ դեպքում՝ էական չէ, որովհետեւ դրանք առանձին իրավաբանական միավորներ են: Հանձնաժողովն այս դեպքում համաձայն էր արտադրողի հետ. այդպիսով որոշեց նրանց հանգիստ թողնել եւ իր գործը հանձնել Հարկային պետական ծառայությանը: Թող այս կառույցը զբաղվի միջնորդներով ու մանրածախ խանութներով: Կարելի է ասել, որ հանձնաժողովի ուժը ցեմենտի պարագայում էլ թույլ գտնվեց: Բայց պարոն Շահնազարյանը ներկաներին մխիթարեց, որ շուտով ուժի մեջ կմտնի «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր օրենքը, որը հնարավորություն կտա նման խախտումների դեպքում ավելի շատ տուգանել ընկերություններին: Իսկ որ ամենակարեւորն է՝ ինքնուրույն ու ավելի կարճ ճանապարհով գնահատել վիճակը, պարզելու՝ ընկերությունը չարաշահե՞լ է իր գերիշխող դիրքը, թե՞ ոչ: Այսինքն՝ այս նոր օրենքով հանձնաժողովն ավելի ուժեղ ու վճռական կլինի իր գնահատականների մեջ: Մնում է՝ մեր տնտեսվարողները դա լուրջ ընդունեն ու օրինապաշտ լինեն: