Երկրորդ շաբաթն է, ազգային դրամը շարունակում է խեղճանալ: Բնակչությունը նկատելիորեն խանդավառված է: Որովհետեւ` ի տարբերություն պաշտոնական տեսակետների, հստակ գիտի, որ իր եկամուտների մեծ մասն ապահովում է արտագնա աշխատուժը: Արտասահմանում էլ հակառակի պես աշխատավարձ մեր դրամով չեն վճարում: Ուստի բնակչության մեծ մասը «ցավով» է ընդունում դրամի արժեւորման քաղաքականությամբ իրեն թալանելը: 2007-ի խորհրդարանական ընտրությունների շեմին սկսված հակառակ գործընթացը ամենատարբեր բացատրություններ ունի: Գերակշռողն, իհարկե, քաղաքական բացատրություններն են: Դրանք կարելի է ընդհանրացնել մոտավորապես այսպես` «ընտրությունների շեմին ժողովրդին չեն ուզում գրգռել, նույնիսկ ավելին, փորձում են մի փոքր սիրաշահել»: (Իսկապես հետաքրքիր իրավիճակում ենք հայտնվել` բավական է մի փոքր թուլացնել ճնշումը, եւ ժողովուրդն արդեն գոհ է): Իհարկե, կան նաեւ ավելի քաղաքակիրթ տեսքի քաղաքական բացատրություններ: Օրինակ՝ դրամն արժեզրկվում է ընտրությունների պատճառով, որովհետեւ ցանկացած թույլ քաղաքական համակարգ ունեցող երկրում ընտրություններն իրենց մեջ անորոշություն են պարունակում: Մեր դեպքում էլ իբր հայտնի չէ՝ ո՞վ կգա իշխանության եւ ի՞նչ տնտեսական կուրս կվարի: Հետեւաբար, ֆինանսական ազատ միջոցներ տնօրինող ընկերություններն ու անհատները ձգտում են այդ միջոցները փոխանակել տարադրամի: Նման բացատրությունների հնարավոր հասցեատերերն արեւմտյան կազմակերպություններն են: Որպես կանոն՝ հենց նրանց ի ցույց դնելով ազգային դրամի արժեզրկումը՝ փորձում ենք բացատրել, որ մեր երկրում շուկայական համակարգերն արդեն գործում են: Սրանք տարադրամի շուկայում ընթացող գործընթացների քաղաքական բացատրություններն են: Իհարկե, կան նաեւ տնտեսական բացատրություններ: Օրինակ՝ հայտնի է, որ Հայաստանում գործող օտարերկրյա խոշոր ընկերություններից մեկը մոտ երկու շաբաթ առաջ ինտենսիվ սկսեց տարադրամ գնել: Խոշոր գնորդի գործողություններն էլ ֆինանսական բորսայում ծնեցին տարադրամի պահանջարկի աճ եւ ազգային դրամի արժեզրկման պատճառ դարձան: Սա եւս քաղաքակիրթ, այսինքն՝ շուկայական, բացատրություն է, որը, բնականաբար, ընդունելի է մեր իշխանությունների համար: Կա մեկ այլ տնտեսական ու նույնքան քաղաքակիրթ բացատրություն, որը սակայն ընդունելի չէ մեր տնտեսական իշխանությունների համար: Այդ բացատրությունը հիմնված է մեր տնտեսական ցուցանիշների վրա: 2007-ի տնտեսական կանխատեսումներից հայտնի է, որ մեր վագրը մի փոքր փոքրանալու է: Հինգ եւ ավելի տարիներ երկնիշ տնտեսական աճ արձանագրող Հայաստանում 2007-ի համար կանխատեսված էր երկնիշ աճ: Որովհետեւ 10 տոկոսի դեպքում՝ վագրի տիտղոսը, հնարավոր է, որ մնա: Իսկ 9 տոկոսի դեպքում կփոխվի վագրիկով (չարախնդացողներն, իհարկե, կգերադասեն «կատվիկ» անունը): Արդեն ամփոփվել են տնտեսական գործունեության առաջին եռամսյակի արդյունքները, եւ դրանք բավական լուրջ վտանգներ են պարունակում: Ամենավտանգավոր միտումները, բնականաբար, տնտեսության իրական հատվածում են: ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած «2007թ. ապրիլ ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը» չի թաքցնում, որ արտադրության ոլորտում կանխատեսումները չիրականացան: Նախ՝ ենթադրվում էր, որ արդյունաբերությունն առաջին եռամսյակում կաճի 4,5 տոկոսով: Հետո հայտարարվեց, որ աճել է ընդամենը մեկ տոկոսով: Պատճառը ադամանդագործության ոլորտն է, որի անկումը հունվար-փետրվարին կազմել է 35 տոկոս: Հետեւաբար, մեր տնտեսական իշխանություններն իրենց կանխատեսումներում ավելի համեստ են դարձել: 2007 թ. երկրորդ եռամսյակի համար ենթադրված էր, որ արդյունաբերությունը կգրանցի 6,5 տոկոսանոց աճ: Հիմա ավելի համեստ հույսեր են փայփայվում` 3,3 տոկոս: Արդյունաբերությունը վերջին մեկ ու կես տասնամյակում մեր մակրոտնտեսական ցուցանիշները վարկաբեկող ոլորտ է: Հավանաբար, դրա համար են իշխանություններն այդքան համառորեն (ու արդյունավետ) պայքարում արդյունաբերության դեմ: Փոխարենը՝ մակրոտնտեսական հաշվետվությունները կպուպուշացնեն ծառայությունների ու շինարարության ոլորտները, արդարացնելով իրենց վրա դրված կանխատեսում-պարտավորությունները: Բայց ո՞վ կսպասեր, որ վագրի նահանջի երգն առաջինը կհրապարակի Կենտրոնական բանկը: Ուսումնասիրելով տնտեսության ճյուղային զարգացման տեմպերը՝ նրանք բավական հետաքրքիր կանխատեսումներ են անում նախ՝ 2007-ի, ապա՝ անմխիթար կանխատեսումներ անում՝ 2008-ի առաջին եռամսյակի համար: «Տնտեսության ճյուղային զարգացումների նման ընթացքի պարագայում, միջկայքային գնահատման արդյունքների համաձայն, 2007թ. Համախառն ներքին արդյունքի իրական աճն ակնկալվում է 9-12 տոկոս, իսկ 2008թ. առաջին եռամսյակում՝ 6,5-8,5 տոկոս»: Սա վերջին տարիների առաջին ոչ երկնիշ կանխատեսումն է: Եվ եթե ԿԲ-ն չսխալվի, մեր վագրը մի տարուց ավելի չի ձգելու: Կամ, որ ավելի ճիշտ է` ոտքերն է ձգելու: Սա իհարկե հրաշալի ու սթափեցնող նվեր է հայ հասարակությանն՝ ընտրությունների շեմին: Սեփական տվայտանքներից բզկտված ընդդիմությունն, իհարկե, չի կարողանա օգտվել իշխանական նման, սպորտային լրագրության տերմինով ասած` փոխանցումից: Տնտեսական իրադրության վերլուծություններ անելով՝ ԿԲ-ն չի մոռացել իր գերատեսչական շահը: Ռեպո տոկոսադրույքը նվազեցրել է 0,25 տոկոսով եւ զգուշացնում է. «Տնտեսության զարգացման նման հեռանկարների պահպանման պարագայում ԿԲ խորհուրդը չի բացառում տոկոսադրույքի հետագա ճշգրտման իրականացումը»: