Երեքշաբթի օրը Ռուսաստանի «Կովկաս» նավահանգստից Փոթի ժամանեց հայկական բեռները տեղափոխող լաստանավը: Կովկաս-Փոթի լաստանավն իր առաջին՝ փորձնական ուղերթը պետք է կատարեր մարտի 15-ին, սակայն այդ օրը չկատարեց: Լաստանավի սեփականատեր «Ռեզերվ Քեփիթլ Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչ Կիրիլ Լապշեւը պարզաբանել էր, թե «Կովկաս» նավահանգստում լաստանավի ընդունման եւ բեռների տեսակների վերաբերյալ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել: Հիշեցնենք, որ «Կովկասը» Ռուսաստանի նավահանգիստ է, եւ ռուսական կողմի հետ չհամաձայնեցված խնդիրներ կային:
Իրականում, հայ բեռնափոխադրողները միայն հայկական բեռներ տեղափոխող Կովկաս-Փոթի լաստանավին սպասել են ոչ թե այս տարվա ապրիլի 15-ից, այլ բավական երկար տարիներ: Նախորդ տարիներին նրանք անընդհատ դժգոհում էին, թե պետական աջակցություն չկա, որպեսզի ձեռք բերվի մի լաստանավ, որը կաշխատի միայն Հայաստանի համար: Մեր բեռները փոխադրվում էին Փոթի ժամանող տարբեր երկրների նավերով, որոնք էլ պարբերաբար բարձրացնում էին տեղափոխման սակագները: Իսկ անցյալ տարի, երբ վատացան ռուս-վրացական հարաբերությունները, հայկական բեռնափոխադրումն ընկավ աղետալի վիճակի մեջ: Նախ՝ փակվեց Վերին Լարսի անցակետը, որտեղով կատարվում էր ավտոմոբիլային բեռնափոխադրումը: Հետո ռուսներն ու վրացիները փոխադարձաբար սկսեցին միմյանց երկրներից դուրս եկող բեռներն իրենց նավահանգիստներում չընդունել: Պարզ է, որ մեր հարեւանների սրված հարաբերություններից կաթվածահար եղավ Հայաստանի արտաքին բեռնաշրջանառությունը: Հայ բեռնափոխադրողները մնացին Փոթի-Իլյիչեւսկ-Բուրգաս-Փոթի լաստանավի հույսին, որը Սեւ ծովում իր շրջապտույտը կատարում է 7 օրվա ընթացքում: Վերին Լարսի փակվելուց հետո Հայաստանի եւ Վրաստանի բեռնափոխադրող ավտոմեքենաները նոր ուղղություն վերցրին դեպի Փոթի նավահանգիստ, որպեսզի վագոնային բեռների հետ միասին նավով տեղ հասնեն: Հասկանալի է, որ դրանից հետո Փոթի նավահանգստի ծանրաբեռնվածությունը մեծացավ: Բեռներն օրերով, երբեմն նույնիսկ՝ շաբաթներով հերթի էին սպասում, որ կարողանան լաստանավ բարձրանալ: Հասկանալի է, որ նման պարագայում ամենաերկարը սպասում էին հայկական վագոններն ու ավտոմեքենաները: Սկզբում բարձվում էին բուլղարական ու ռուսական, հետո՝ ուկրաինական ու վրացական բեռները, եւ վերջում, եթե տեղ էր մնում, լաստանավ էին բարձրանում հայկական բեռները: Իսկ եթե ոչ՝ սպասում էին լաստանավի հաջորդ շրջապտույտին:
Այս տխուր ֆոնի վրա Կովկաս-Փոթի լաստանավի հայտնությունը, իրոք, փրկություն կլիներ Հայաստանի գործարարների ու բեռնափոխադրողների համար: Հայաստանը կունենար միայն իր բեռները տեղափոխող նավ, եւ Հայաստանի բեռները բարձվելու համար նավահանգիստներում երկար հերթի չէին սպասի: Բացի այդ, ապրիլին, երբ ներկայացվում էր լաստանավի գործարկման լուրը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ Խակիմ Մատչանովը հայտարարեցին, որ բեռնափոխադրման սակագները կլինեն համեմատաբար էժան: Բայց արի ու տես, որ մեր երազանքի լաստանավը բոլոր բեռնափոխադրողներին չուրախացրեց:
«Իմ ունեցած տվյալներով՝ այս լաստանավը հարմարեցված չէ բեռնատար ավտոտրանսպորտային փոխադրումների համար,- ասում է «Տիր» բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը: -Ես ինչքան գիտեմ՝ այդ նավը նավախցիկներ չունի: Այդ նավը Փոթիից մինչեւ «Կովկաս» նավահանգիստ պետք է 30 ժամվա ուղեւորություն կատարի եւ այդ ընթացքում, հասկանալի է, որ վարորդներին քնելու, հանգստանալու տեղ է պետք: Որքան գիտեմ՝ նավն այդ հարմարությունները չունի: Դրա համար էլ հնարավոր չէ, որ այդ նավով բեռնատար մեքենաներ փոխադրվեն: Վարորդներին թույլ չեն տա մեքենայի մեջ քնել, մեքենաները վագոնների հետ միասին պահեստավորվում են: Բա այդ 30 ժամվա ընթացքում վարորդն ի՞նչ անի: Ոչ մի վարորդ, ոչ մի մեքենայի տեր իր մեքենան չի բարձի նավ, ինքն էլ մի ուրիշ ճանապարհով հասնի «Կովկաս» նավահանգիստ, կամ «Կովկասից» գա հասնի Փոթի: Դա ռեալ չէ, այդպիսի նախադեպ չի եղել: Եթե դա իմ իմացած նավն է, եթե մեր տեղեկատվությունը ճիշտ է, ապա դա ավտոմոբիլային բեռնափոխադրողներին օգուտ չի տա: Իհարկե, շատ կցանկանայի, որ սխալված լինեի, որ իմ ունեցած տեղեկատվությունը չհամապատասխաներ իրականությանը»:
Ավտոմոբիլներով տեղափոխվում է հիմնականում սննդամթերքը, շուտ փչացող բեռները, որոնք զգալի քանակություն են կազմում ընդհանուր բեռնափոխադրման մեջ: Եվ ստացվում է, որ Հայաստանի բեռնափոխադրումների այդ հատվածը նորից մնալու է հին տաշտակի առաջ՝ Փոթի-Իլյիչեւսկ-Բուրգաս-Փոթի լաստանավի հույսին՝ օրերով նավահանգիստներում հերթի է սպասելու եւ մի շաբաթ պտտվելու է Սեւ ծովում: Դժվար է ասել, թե բեռնափոխադրող փնտրելիս ՀՀ համապատասխան պաշտոնյաներն ինչո՞ւ հաշվի չեն առել այդ հարցը: Հնարավոր չէ՞ր արդյոք այնպիսի ընկերության հետ համագործակցել, որի նավերը հարմար կլինեին նաեւ ավտոմոբիլային բեռնափոխադրումների համար: Բացի այդ, Խ. Մատչանովը հայտնեց, որ լաստանավը նոր է կառուցվել եւ հատուկ Հայաստանի բեռների համար է: Մինչեւ կառուցելը մեր բանակցողները գլխի չե՞ն ընկել, որ նման խնդիրներ էլ կան, որ մենք բեռներ ենք տեղափոխում նաեւ ավտոմեքենաներով, որ այդ լաստանավը պետք է համապատասխան հարմարություններ ունենա: Թե՞ մեր պահանջներին ուշադրություն դարձնող չի եղել, եւ մենք միշտ բավարարվում ենք նվազագույն հնարավորություններով:
Անցած տարիներին մեր բեռնափոխադրողներն անընդհատ կարծիք էին հայտնում, թե լավ կլինի, եթե նավը լինի Հայաստանի կամ հայ գործարարների սեփականությունը: Մանավանդ, որ դա անհասանելի ծախսերի հետ չի կապված: Կոնկրետ այս լաստանավն, ըստ սեփականատեր ընկերության ղեկավար Խ. Մատչանովի՝ արժե մոտ 20 մլն դոլար: Ցանկության ու, հատկապես, պետական կամ, ինչպես սիրում են ասել, կառուցողական մտածողության դեպքում՝ Հայաստանում հաստատ այդքան գումար կգտնվեր: Մանավանդ, որ լաստանավը շահույթ կբերեր: Բայց, ինչպես երեւում է՝ ՀՀ իշխանություններն ու գործարարները նման շահագրգռություն չեն ցուցաբերել: