Հզոր Ասորեստանի հետնորդները` Հայաստանում
Ասորիները եզդիներից հետո Հայաստանի համեմատաբար երկրորդ խոշոր էթնիկ փոքրամասնությունն են: Արարատի մարզի Արտաշատի ենթատարածքի Վերին Դվին գյուղը Հայաստանի ամենամեծ ասորական համայնքն է: 800 հա վարչական տարածք ունեցող Վերին Դվինն ունի 2700 բնակիչ, որից 2000-ն ասորիներ են, իսկ մնացածը՝ հայեր: Միաժամանակ այստեղ ապրում են եզդիներ, բելառուսներ, ուկրաինացիներ, նաեւ՝ մեկ գերմանացի: Հայաբնակ Ներքին Դվինից գյուղը բաժանված է մեծ սլաքով, ավելի ստույգ՝ միջհամայնքային փոքրիկ առվակով, սակայն իրականում երկու Դվինների բնակիչներն իրար միաձուլված են տարբեր կապերով: Երկու դար շարունակ իրար կողք կողքի ապրող հայերի ու ասորիների մեջ լայն տարածում ունեն խառնամուսնությունները: Միջէթնիկ ամուսնությունների մեջ ասորա-հայկական ամուսնությունները կազմում են գրեթե 80%: «Մենք հայերի հետ կապված ենք խնամիական կապերով: Լավ բարեկամություն ենք անում. աղջիկ տալ ու առնելն ընդունված երեւույթ է»,- ասում է Վերին Դվինի այս տարվա փետրվարին վերընտրված գյուղապետ Լյուդմիլա Պետրովան: Իրականում, ասորիները բավական խորն են սերտաճած հայ էթնոմշակութային արժեքներին: Հայերն ու ասորիները թաղված են միեւնույն գերեզմանատանը։ Նրանք հայերի հետ միասին նշում են բոլոր ազգային եւ կրոնական տոները: Վերին Դվինի բնակիչները ապրիլի 8-ին մեծ շուքով նշել են նաեւ Քրիստոսի Հարության տոնը` Զատիկը: Տոնել են այնպես, ինչպես անկախ Հայաստանի քրիստոնյա հայերս ենք վերջին տարիներին նշում` ներկած ձվով, չամչով փլավով: Գյուղում գտնվող Արեւելյան կաթողիկոսության ասորական եկեղեցում` Ուրմայում, որը կառուցվել է դեռեւս 1828թ., մատուցվել է նաեւ սուրբ պատարագ: Գյուղապետարան կոչվածը գործում էր դեռեւս անցյալ դարի 50-ականներին կառուցված կիսախարխուլ եռահարկ շենքի առաջին հարկում: Խորհրդային տարիներից մնացած տիպային ակումբի տխուր շենքում տեղակայված էին նաեւ բուժամբուլատորիան, փոստային ծառայությունը եւ գրադարանը: «Ես շատ կուզեի բուժամբուլատորիայի համար առանձին շենք ունենալ, համապատասխան տարածք արդեն նախատեսել ենք»,- ակնարկում է Լ. Պետրովան, որի առանձնասենյակի աջակողմյան պատը գրեթե ամբողջովին զարդարում էր ասորական դրոշը. սպիտակ պաստառի վրա խաչվող Տիգրիս եւ Եփրատ գետերն են, որոնց հատման տեղում պատկերված է աստղ, իսկ մեջտեղում դեղին շրջանակ է, որն էլ աղբյուր է խորհրդանշում: Գյուղապետի աշխատասենյակի գլխավոր պատին` մեծ ցուցապաստառով պատկերված էր նաեւ երբեմնի հզոր, պատմական Ասորեստանի խորհրդանիշ մարդակերպ հնգոտանի ցուլը: «Պատմական Ասորեստանն աշխարհի 4 անկյուններում, նաեւ՝ կենտրոնում ոտք դնելու տեղ է ունեցել: Ցուլի ճախրող թեւերը ցույց են տալիս, որ նա երկնքում էլ է տեղ ունեցել, իսկ մարդկային կերպը խորհրդանշում է իմաստնություն, իսկ կաշին՝ անխոցելիություն: Հզոր Ասորեստան ենք ունեցել: Հիմա ցավում եմ, որ անցյալով ենք խոսում այդ մասին: Մենք հայերի հետ բախտակից ազգեր ենք, թեկուզ այն առումով, որ 1915թ. հայերի հետ միասին 800-ից ավելի ասորի է սպանվել»,- ցավով ու ափսոսանքով նշում է Լ. Պետրովան: Վերին Դվինի մշակույթի ակումբի տնօրենը հայուհի է, որն իր կյանքը կապել է ասորի տղամարդու հետ: Տիկին Ռոզան արդեն 10 տարի այրիացած է, սակայն նրա ասորի 2 որդիները վերականգնել են իրենց ազգանունները եւ կրում են Բիթ Աբդալ Բար Միխայիլ ասորական ազգանունը, որը թարգմանաբար նշանակում է՝ Աբդալի ընտանիքից` Միխայիլի հետնորդ: Ընդհանուր առմամբ, Հայաստանում բնակվող ասորիների ազգանունները ռուսական են:
«Ես ինձ համարում եմ ամենալավ ասորի»
Գյուղամեջում հավաքվածներն իրար հետ հաղորդակցվում էին հիմնականում ասորերենով, իսկ գյուղի ռուսական դպրոցից տուն վերադարձող դպրոցականներն օրվա տպավորություններն իրար հետ կիսում էին հայերեն լեզվով: Հայաստանում շուրջ 70 տարվա ընթացքում կատարված 6 մարդահամարի նյութերը վկայում են ասորիների ազգային լեզվի պահպանման եւ նրա կիրառման բավարար վիճակի մասին: Դեռեւս 1989թ. Հայաստանում բնակվող ասորիների 90%-ն իրենց մայրենի լեզուն համարել է ասորերենը: Ի դեպ, այդ ցուցանիշը ասորիների դեպքում ավելի բարձր է, քան ՀՀ մի շարք այլ ազգային փոքրամասնությունների: Ասորիների այն հատվածը, որը մայրենի լեզուն դադարել է համարել ագգային, եւ այն համարում է ռուսերենը, ԽՍՀՄ-ում լեզվի դեմ տարվող քաղաքականության հետեւանք է:
Վերին Դվինի միջնակարգ դպրոցում, որը գյուղամեջից հյուսիս-արեւելյան երկարաձիգ ճանապարհի վրա էր գտնվում, արտաքինից բարվոք վիճակում էր, սակայն շենքի ներսում ամեն ինչ հակառակն էր` չնայած համակարգչային եւ լինգաֆոնային դասասենյակների առկայությանը: Գյուղապետին խոստացել են Սոցհիմնադրամից դպրոցի հիմնանորոգման համար հատկացնել մոտ 50 մլն դրամ: Ստեփանյան Վիոլետան հայկական հոսք ունեցող ռուսական դպրոցի փոխտնօրենն է: Նա ասում է, որ 300 ասորի դպրոցականները շաբաթական 4 ժամ ուսումնասիրում են ասորական լեզուն, գրականությունը եւ Ասորեստանի պատմությունը: Դասագրքերի տպագրությունը պետական հոգածության տակ է, դասագրքեր ուղարկում են նաեւ Իրաքից: «Մեր մշակույթը պահպանվում է: Մենք աշխատում ենք իրականացնել միջոցառումներ, որոնք բարձրացնում են ասորի ազգի ինքնագիտակցությունը: Ես բախտի բերմամբ աշխատում եմ այս դպրոցում եւ ինձ անվանում եմ ամենալավ ասորի: Ես շատ սիրում եմ այս ազգի երաժշտությունը: Ինձ մոտ հարստացում է տեղի ունենում` հայ եւ ասորի մշակույթների միացում»,- ասում է ազգությամբ հայուհի Վիոլետան:
Ասորական տոները
Այնպես է ստացվել, որ Հայաստանում բնակվող ասորիները տարին 2 անգամ են Նոր տարի դիմավորում: Առաջինը հայերի հետ միասին առավել ճոխ սեղանների շուրջ` հունվարի 1-ին, իսկ ազգային ինքնության ակունքներին հավատարիմ մնալով եւ պատմական ասորականը չմոռանալու համար՝ ապրիլի 1-ին նշում են նաեւ իրենց Խաբըն Նիսան: Այս տարի ապրիլի 1-ին նրանք մեծ շուքով նշել են ասորական 6757 թվականը: ՀՀ-ում ասորիների կրոնը նեստորական քրիստոնեությունն է: Սակայն խորհրդային տարիներին նեստորական հոգեւորականի բացակայության պայմաններում ասորիների մի մասը սահուն անցում է կատարել ռուս ուղղափառությանը: Վերին Դվինի բնակիչ Նիկադին, որը Երեւանի պետհամալսարանի աստվածաբանական ֆակուլտետի առաջին կուրսից զորակոչվել է բանակ եւ մի քանի օրով վերադարձել էր հայրենի գյուղ, ասում է, որ թեեւ հայտնի է, որ ասորիները նեստորականներ են, բայց իրականում նեստորականության հետ քիչ առնչություն ունեն: «Մեր եկեղեցին Արեւելքի ասորական եկեղեցի է կոչվում: Մենք նեստորականության հետ կապ չունենք, ուղղակի կաթոլիկներն են այդ անունը դրել մեզ վրա: Մենք խաչակնքվում ենք աջից ձախ, հայերը` ձախից աջ: Գոյություն ունեն նաեւ դավանաբանական տարբերություններ` Քրիստոսի բնույթի հետ կապված: Իսկ մնացած ծեսերը նույնն են, մի տարբերությունն էլ այն է, որ հայկական եկեղեցիներում ծեսերը կատարվում են գրաբարով, իսկ ասորական եկեղեցում` արամեերենով, այն լեզվով, որով խոսել է Հիսուս Քրիստոսը»,- մեկնաբանում է երիտասարդ հոգեւորականը, որը ներկա դրությամբ նաեւ ասորական եկեղեցում ձեռնադրված սարկավագ է: Նա նաեւ իրենց համայնքի առաջին աստվածաբանն է լինելու: Վերին Դվինի հավատացյալ ժողովուրդն արդեն 5 տարի հոգեւոր հայր ունի, որին կոչում է Կաշա Իսխակ կամ հոգեւոր հայր Թամրազ Իսահակ: Վերջինս Հայաստան է գործուղվել Իրաքի Մարդինխայի (կաթողիկոս) կողմից: Թամրազ Իսահակը գյուղի Ուրմա եկեղեցում, որը խորհրդային տարիներին ծառայել է որպես թունաքիմիկատների, ազոտական պարարտանյութերի պահեստ, իրականացնում է բոլոր ծեսերը` կնունք, հարսանիք եւ այլն: Վերին Դվինի ասորի համայնքը հունիսի 14-ին նշում է Մար-Զայան կամ Սուրբ Մարեզին: Ըստ ավանդույթի, գյուղի բնակիչներից մեկը` Սերաֆիմը, ներկայիս փոքր եկեղեցու տեղում 1990-ական թթ. բնակարան է ցանկացել կառուցել, եւ միշտ, երբ հասել է 800-րդ քարին, շինությունը փլվել է: Դրանից հետո նա երազ է տեսել, որը հուշել է, որ բնակարանի տեղում եկեղեցի պետք է կառուցվի: Այդ օրը գյուղի բնակիչներն առավոտյան եկեղեցի են բերում ալյուր, ձու, կաթ, կարագ եւ դրանք հանձնում են տանտիրոջը, որը մրթուխա է պատրաստում, այսինքն՝ հալվա: Կեսօրին, ժամը 3-ին բնակիչները գալիս են տանելու իրենց բաժին-մատաղը: Ասորական հալվան հայկականից տարբերվում է միայն աղի լինելու պատճառով ու նաեւ իր նշանակությամբ. այն սուրբ ուտեստ է, որը հունիսի 14-ին պետք է լինի բոլորի տանը:
Բարգավաճային նախատրամադրվածություն
Անցյալ խորհրդարանական ընտրություններին Վերին Դվինում ձայների մեծամասնությունը «տարել է» Դաշնակցությունը: «Այն ժամանակ «Բարգավաճը» չկար: «Հանրապետականի» սիմպատիա էլ կա ժողովրդի մեջ, բայց թե ինչքանո՞վ բաշխում կկատարվի՝ դժվար է ասել»,- նկատում է Լ. Պետրովան: Վերին Դվինում արդեն տեղակայված էին «Հանրապետական» կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական շտաբները: Մարդկանց հոծ խմբով «շրջապատված» էր միայն վերջինիս գրասենյակը: ԲՀԿ-ի համակիրներն անհամբերությամբ սպասում էին նաեւ Մասիս քաղաքում երեկոյան ժամը 18:00-ին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը: Հայաստանի սոցիալական պայմանները տարածվում են նաեւ ասորական համայնքի վրա: «Մարզպետ Ալիկ Սարգսյանը բարի տրամադրվածություն ունի մեր համայնքի նկատմամբ, եթե ես որեւէ ծրագրով նրան դիմում եմ, նա անում է հնարավորը, որ այն գործի»,- հավելում է գյուղապետը: Դեռեւս 1990-ական թվականներից ասորական գյուղի մանկապարտեզը թալանվել ու ավերվել է. շուրջ 60 երեխաներ հիմա սպասում են մանկապարտեզի վերականգնմանը: Ամենասարսափելի վիճակում գյուղի խմելու ջուրն է. ներքին ցանցն ունի 50 տարվա պատմություն, «Հայջրմուղկոյուղու» կողմից խողովակաշարի անցքերի պարբերաբար կոսմետիկ նորոգումներն ի զորու չեն շտկել համատարած վթարները: «Անձրեւաջրերը ներթափանցում են խմելու ջրերի մեջ, ու ծորակից կեղտոտ ջուր է հոսում»,- նշում է Լ. Պետրովան: Աշխարհում ամենառաջին ասֆալտապատ մայրաքաղաքի` Նինվեի հետնորդներն այսօր ստիպված են ապրել մի բնակավայրում, որտեղ ասֆալտի նշույլ չկա: Սակայն լավատես գյուղապետը համոզված էր, որ միջհամայնքային ճանապարհների ասֆալտապատման փուլն այլեւս մեկնարկած է. աշխատանքները Դալարից սկսվել են ու հասել են Այգեստանին, ու այդպես կհասնեն մինչեւ Վ. Դվին: «Ներքին ցանցն էլ շատ վատ վիճակում է: Մեր աղքատիկ բյուջեով անցյալ տարի 1 մլն դրամով վերականգնել ենք մեկ ճանապարհ: Այս տարի նախատեսված է եւս մեկ ներհամայնքային ճանապարհ»:
Սոված-ծարավ մինչեւ իրիկուն ուրագ են զարկում
Արտաշատի ջրանցքով ոռոգվում է ասորական համայնքի դաշտավայրերի մոտ 70 հա տարածքը, մնացած մասը Դվինի ջրանցքի հույսին է: Չհաշված խմելու ջրի որակը, խմելու եւ ոռոգման ջրերի մեծ հիմնախնդիրներ համայնքը չունի, քանի որ հիմնական ջրագծերն անցնում են գյուղի տարածքով: Գյուղում զարգացած են բանջարաբոստանային կուլտուրաները, խաղողագործությունը, պտղաբուծությունը. երկրորդային ճյուղ է համարվում անասնապահությունը: «Ես 80 տարեկան մարդ եմ, օգնություն է եկել բոլոր երկրներից, ես չեմ տեսել»,- գանգատվում էր գյուղամիջում օրվա մեծ մասն անցկացնող Սարո պապը: «Հողը տվել են մեզ, պոմիդոր ենք անում, ոչ մի բան էլ չենք ստանում: Ջուրը, լույսը, ուտելիքը թանկ է, 1 հա հողը ոռոգվում է 85 դրամով, երբ «պետության» կարգով 42 հազար ա: Ժողովրդի համար ո՞վ ա մտածում: Ապրում ենք՝ վա՛յ էն ապրելուն»,- գանգատվում էր Սարո պապի հարեւանությամբ նստած ծերունին: Հողագործությամբ զբաղվող ժողովուրդը հազիվ իր գոյությունն է պահպանում: «Սոված-ծարավ մինչեւ իրիկուն ուրագ ենք զարկում»,- մտահոգ ասում էր 80-ամյա Սարո պապը: