«Դեպի հաղթանակը»՝ Երեւանում եւ մարզերում

15/04/2007

Ապրիլի 10-ից սկսված նախընտրական քարոզարշավի մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունից հետո, որը տեղի էր ունեցել «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, երեկ «Ժառանգություն» կուսակցությունը ձեռնամուխ է եղել հանրապետությունում «Դռնեդուռ» ծրագրի իրականացման առաջին փուլին: Երեւանի տարբեր թաղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հանդիպումներ է ունեցել համաքաղաքացիների հետ, այնուհետեւ մասնակցել է ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որն առաքելություն ուներ Ականային ռիսկերի մասին ուսուցողական միջոցառումներին օժանդակելու նպատակով հանգանակություն կատարել Հայկական Կարմիր խաչի ընկերության համար, ինչը ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլեն Փաուելի ծրագրերից է: Ի դեպ, այս միջոցառմանը հրավիրված էին ոչ միայն քաղաքական եւ տնտեսական գործիչները, այլեւ ԶԼՄ ղեկավարները:

Այդ ընթացքում իրավապաշտպան-փաստաբան, «Ժառանգություն» կուսակցության համամասնական ընտրացուցակով պատգամավորության թեկնածու գրանցված Զարուհի Փոստանջյանը եւ կուսակցության մի շարք համակիրներ «Ժառանգության» ուղերձն էին տանում Աբովյանի, Հրազդանի եւ Չարենցավանի ընտրողներին:

Իսկ կամավորականների կենտրոնական խումբը կուսակցության քարոզարշավային 50 տեղանոց ավտոբուսով շրջում էին Շենգավիթ համայնքով` «Ժառանգության» ծրագիրը մարդկանց հասցնելու նպատակով:

Այսօր «Ժառանգությունը» Ր. Հովհաննիսյանի, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի, կամավորների եւ լրագրողների հետ քարոզարշավը կշարունակի Դիլիջանում, Ծաղկաձորում, Հրազդանում, Բջնիում, Չարենցավանում, Եղվարդում, Նոր Հաճընում, Աբովյանում եւ Գառնիում: Երեւանում «Ժառանգության» ներկայացուցիչները հանդիպում են ունենալու Եվրախորհրդի ընտրությունների մոնիտորինգի պատվիրակության հետ, որը ղեկավարում է հոլանդացի խորհրդարանական Լեո Պլատվոյետը: Հանդիպմանը մասնակցելու են նաեւ ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Թոնի Թինգսգարդը: