Ուսուցիչները բողոքում էին

15/04/2007

Օրերս «168 Ժամում» տպագրված «Կույր տղան եւ վաստակավոր բարեգործները» հոդվածի կապակցությամբ խմբագրություն էին այցելել «Երեւանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի» մի խումբ ուսուցիչներ եւ այլ աշխատակիցներ: Նրանց զայրույթի պատճառը հոդվածի 23-ամյա հերոսի՝ այդ դպրոցի մասին ասված խոսքերն էին: Ուսուցչական կոլեկտիվն իր բողոքի նամակն էր բերել հոդվածի կապակցությամբ, որը մեջբերում ենք. «168 Ժամ» թերթի 2004թ. ապրիլի 7-9 «Հասարակություն» խորագիրը կրող էջում տպագրված լրագրող Լուսինե Ստեփանյանի «Կույր տղան եւ վաստակավոր բարեգործները» հոդվածը առաջացրեց դպրոցի մանկավարժական կոլեկտիվի զարմանքն ու արդարացի զայրույթը։ Հազիվ մեկ ամիս դպրոց հաճախած, տան չորս պատերի մեջ մեկուսացած եւ բարդույթներ ունեցող 23-ամյա երիտասարդի թռուցիկ ու սուբյեկտիվ տպավորությունների վրա հիմնվելով՝ հոդվածագիրը ցեխ է շպրտում 70-ամյա ավանդույթներ ու վաստակ ունեցող կրթօջախի, մանկավարժական ողջ կոլեկտիվի բարի անվան վրա։ Խոսելով երիտասարդի բերանով՝ հոդվածագիրը լկտիության, անբարոյականության մեջ է մեղադրում կրթօջախի ոչ միայն աշակերտությանը, այլեւ մանկավարժական ողջ կոլեկտիվին։ Կոլեկտիվը կարծում է, որ բարեխիղճ լրագրողը պարտավոր էր լինել դպրոցում, զգալ այնտեղ տիրող մթնոլորտը, ծանոթանալ աշխատանքներին, զրուցել ուսուցիչների եւ աշակերտների հետ, պարզել իսկությունը, նաեւ իմանալ, որ «բրայլյան համակարգը» համակարգչով չեն սովորում, ու նոր միայն հանգել օբյեկտիվ եզրակացության։

Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը աշխատանքային փառավոր ուղի է անցել՝ արձանագրելով բազմաթիվ նվաճումներ։ Անցած տարիների ընթացքում դպրոցը տվել է տասնյակ մեդալակիրներ, գիտության դոկտորներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, հանրապետական օլիմպիադայի հաղթողներ, փառատոնների դափնեկիրներ։ ԲՈՒՀ-երում սովորող մեր նախկին աշակերտները մշտապես արժանանում են պրոֆեսորադասախոսական կազմի հիացմունքին եւ բարձր գնահատանքին»։

Ընթերցողին տեղեկացնենք, որ նախորդ հոդվածում մեջբերված խոսքերը ոչ թե հոդվածագրինն էին, այլ 23-ամյա կույր տղայինը՝ Արթուր Գյոգչյանինը։