Երաժշտական եւ գովազդային տեսահոլովակների, տարբեր հեռուստատեսային նախագծերի բեմադրիչ Դավիթ Բաբայանը երկար տարիներ համագործակցում է «Շարմ» ընկերության հետ: Նա հեռուստատեսության մեծ պրոֆեսիոնալ է, ունի անսահման երեւակայություն ու նույնքան էլ չիրականացված երազանքներ:
Թեեւ Դավիթն ընդամենը տասը երաժշտական կլիպերի հեղինակ է, սակայն նրա բոլոր աշխատանքները՝ «Բարեւ, երկիր», «Արարատ», «Հենց այսպես էլ ապրում ենք» եւ այլն, փոքր իրադարձություններ են դառնում Հայաստանում։ Փոքր, որովհետեւ կլիպը փոքր ֆորմայի ժանր է, մեծ կինոյի կրտսեր եղբայրը, որն իր ավագ եղբորից ավելի արագ է զարգանում, բայց ամեն դեպքում օգտագործում է նրա պաշարները՝ դրամատուրգիան, կադր կառուցելու արվեստը, մոնտաժի կանոնները, դերասանների ու լույսի հետ աշխատելու սկզբունքները։ Դավիթի աշխատանքները հաճելիորեն տարբերվում են մեր շոու-շուկայում հայտնվող վիդեոարտադրանքներից։ Նրանք թարմ, թեթեւ ու հումորի տարրեր պարունակող աշխատանքներ են։ Նա կարողանում է կադրում միաժամանակ հագեցած ու ազատ շնչառության պատրանք ստեղծել ու երբեք չի կրկնում այն մոդելն ու հնարքը, որը մինչ այդ օգտագործել է։ Դավիթը համոզված է, որ եթե գիտես՝ ի՞նչ ես ուզում կադրում ասել, ապա ասելու ձեւերն ու ֆորմաները անպայման կգտնվեն։ Ֆորման կհուշեն քո կարդացած գրքերը, քո դիտած ֆիլմերն ու երբեւէ լսած մեղեդիները։ Ամեն մի նոր կլիպի համար նա նոր օրենքներ է հորինում, քանի որ ամենից շատ խուսափում է միօրինակությունից։ Դավիթ Բաբայանը, նույնիսկ, եթե շատ ցանկանա, չի կարողանա միօրինակ վիդեոարտադրանք ստեղծել, քանի որ գաղափարներն ու մտքերը հրաբուխի նման ուղղակի ժայթքում են նրանից…
– Երեւի քո կյանքում ավելի շատ են այն նախագծերը, որոնք հենց նախագծեր էլ մնացել են ու չեն դարձել տեսաշար։
– Չիրագործված նախագծեր ու չօգտագործված սցենարներ շատ ունեմ: Դրանք չեն իրագործվել, քանի որ ես հիմնականում ֆինանսներ չեմ կարողացել գտնել: Խնդիրը գումարն է դառնում: Մենք կարող ենք որոշել շատ «փախած», նոր տեխնոլոգիաների վերջին ճիչով պատրաստված կլիպ նկարահանել, բայց վերջում պատվիրատուն կարող է, օրինակ, գալ ու ասել` դա շատ լավ է, բայց եկեք երգող աղջկան բազմոցին նստեցնենք ու նրան սայլակի վրա դրված տեսախցիկով նկարահանենք… Ես ամաչում եմ այդպես աշխատել: Իմ կարծիքով, տեսահոլովակը կամ վավերագրական ֆիլմերը ֆիլմ են դառնում միայն այն ժամանակ, երբ այնտեղ ռեժիսորական լուծումներ են գտնվում ու կա միտք: Պիտի ցանկանաս կլիպում ասել այն, ինչը կցանկանայիր ասել ֆիլմում։ Կլիպի տարածքը սեղմված է ու հասցրած է 4-5 րոպեի, բայց այնտեղ կարելի է ասել այն ամենը, ինչը կարող ես երկու ժամում պատմել։ Ես երբեք չեմ ստորագրի այն կլիպի տակ, որտեղ պարզապես կադրեր են լցված, որտեղ «աղջիկն», ասենք, լաց է լինում բազմոցին, իսկ «տղան» լաց է լինում փողոցում… իսկ դրսում էլ անպայման անձրեւոտ եղանակ է լինում։ Ես երբեք չեմ փորձի դա անել, նույնիսկ, եթե չնչին բյուջե ունենամ։ Հայկական մոդելի տեսահոլովակների մեծ մասը կահույքի սրահներում է նկարահանվում։ Եվ հերոսներն անպայման շքեղ կահույքի ֆոնին լաց են լինում…
– Բայց աշխարհում նման կլիպեր շատ են նկարահանվում, պարզ կադր է կառուցվում, որտեղ երգիչը սկսում է պարել ու երգել:
– Համաձայն եմ, բայց նման կլիպերում շեշտը դրվում է երգչի աշխատանքի ու անձի վրա: Երգչի անձն անպայման պետք է գրավիչ ու պրոֆեսիոնալ լինի, իսկ պարերը` մանրակրկիտ բեմադրված, որպեսզի կլիպն էներգետիկա ունենա: Այդ մոդելով Հայաստանում կլիպ չես կարող նկարահանել, քանի որ ոչ մի «աստղ» այդպես աշխատել չի կարող:
– Ինչո՞ւ:
– Նախ, որովհետեւ շատերը համարում են, որ դա ամոթ է, մտածում են` բա ի՞նչ կասեն հարեւանները, երբ ինձ տեսնեն։ Հետո էլ մեր երգիչները սովոր չեն ազատ ու անկաշկանդ շարժվել, նրանց մոտ պարերը հաճախ շատ գռեհիկ են ստացվում։
– Ե՞րբ է կլիպն արվեստի գործ դառնում։
– Այն կլիպը, որտեղ ինտելեկտ ու հետաքրքիր լուծումներ կան՝ արվեստի գործ է դառնում։ Մի քանի տարի առաջ ռեժիսորները ձգտում էին ինչ-որ նոր բան, նոր հնարք հորինել, նոր տեխնոլոգիաներ կիրառել, իսկ հիմա շատերն ուզում են պարզապես հետաքրքիր գաղափար առաջ քաշել։ Տեսահոլովակների ռեժիսորները պետք է գոնե սկզբնական կրթություն ստացած լինեն, որպեսզի այդ նոր գաղափարներն ամեն վայրկյան պատրաստ լինեն ծնվելու։ Իսկ այդ կրթության մեջ մտնում է գիրք կարդալը, երաժշտությանը գոնե մի քիչ ծանոթ լինելը, կինոարվեստից հասկանալը եւ այլն։ Ես ինքս ինձ ռեժիսոր չեմ համարում, քանի որ վստահ չեմ, որ կարող եմ կինոյի ու հեռուստատեսության մեջ անել այն, ինչը հիմա պահանջվում է ռեժիսորից։ Կինոյի տեխնոլոգիաները հիմա հսկայական քայլերով առաջ են գնում, ու պետք է հասցնել ամեն մի նորույթից տեղյակ լինել։ Ռեժիսորը պետք է կարողանա միաձուլել տեխնոլոգիան ու գաղափարը։ Իսկ հիմա մեզ մոտ տեխնոլոգիաները քարե դարում են գտնվում, մենք նկարահանման համար չունենք, օրինակ, հարմար ուղղաթիռներ։ Եվ ուղղաթիռները հենց նկարահանման հրապարակում ենք հորինում, հարմարեցնում։ Այդ ամենը չորս անգամ ավելի շատ ժամանակ ու ուժ է խլում։
– Տեսահոլովակում առաջնահերթը տեխնոլոգիա՞ն է, թե՞, այսուամենայնիվ, գաղափարը։
– Առաջնայինը գաղափարն է։ Երբ Ջիվան Գասպարյանի հետ «Մշո գորանի» էինք նկարահանում, չէինք ուզում ոչ մի բարդ հնարք օգտագործել, մեծ հաշվով, այդ հոլովակը հակակլիպային դարձավ հենց իր պարզության շնորհիվ։ Բայց, միեւնույն է, շատ գաղափարներ կան, որոնք չես կարող իրականացնել հենց տեխնոլոգիաների բարդության պատճառով։ Կամ էլ զգում ես, որ ինչ-որ բանը պակասում է հենց գաղափարի մեջ։ Արտո Թունչբոյաջյանի «Արարատ» տեսահոլովակը մենք ութ ամիս ենք նկարահանել, մի քանի անգամ փոփոխել ենք սցենարը, որովհետեւ կամ խմբի անդամները միասին չէին կարողանում հավաքվել, կամ էլ ինձ ինչ-որ բան դուր չէր գալիս: Ամենասկզբից ունեինք մեծի ու փոքրի համադրության գաղափարը, ուզում էինք պարզ ու անսովոր բաները կողք կողքի դնել, բայց տեսահոլովակը, միեւնույն է, լավը չէր ստացվում, ես զգում էի, որ ինչ-որ բան պակաս է, ինչ-որ բան սխալ է: Հետո հասկացա, որ հյութեղ գույները տեսահոլովակը դարձնում են «Լրաբերի» ռեպորտաժ: Եվ երբ գույները լղոզեցի, տեսա, որ ամեն ինչ իր տեղն ընկավ ու տեսահոլովակը ֆորմա ձեռք բերեց:
– Մեր երկիրը շատ փոքր է, եւ «աստղերի» տեսահոլովակները «նեղ» շուկայի համար են նկարահանվում։
– Շուկան կլայնանա միայն այն ժամանակ, երբ երգիչը տեսահոլովակ պատվիրի ոչ միայն «ռասկրուտկա» լինելու համար (այսինքն, բոլորի նման երեսուն անգամ սյուների արանքից կամ սարերի վրա կանգնած երեւալ էկրանին), այլ՝ կցանկանա տարբերվել բոլորից։ Ռեժիսորների մտածողությունը կփոխվի այն ժամանակ, երբ փոխվի երգիչների մտածողությունը։ Ամեն դեպքում, հասարակական կարծիքը պատվիրատուից է կախված: Հանդիսատեսը, որը նստած է էկրանի առջեւ, սովորում ու հարմարվում է այն կլիպերին, որոնք իրեն ցուցադրում են։ Ու հաճախ ասում է. «Օ, ինչ գեղեցիկ տեսահոլովակ է», թեեւ այնտեղ ոչ մի գեղեցիկ բան չկա։ Հիմա գրեթե բոլորը կլիպ են պատվիրում միայն մի բանի համար. ուզում են, որ իրենց դեմքը երեւա էկրանին ու հարեւաններն ասեն՝ վայ, տես՝ ո՞վ է։ Ոչ մի պրոդյուսեր չի մտածում, որ լավ կլիպը կարող է եկամտաբեր լինել կամ բարձրացնել երկրի հեղինակությունը։ Որակյալ տեսաարտադրանք ստեղծելու համար պրոդյուսերներ են հարկավոր, այնպիսի մարդիկ, ովքեր կկարողանան համոզել մեկենասներին, որ իրենց ներդրած գումարը ետ կգա։ Մեր երկրի օրենքները շատ հստակ են՝ մեկ դնեմ, որպեսզի մեկին չորս շահեմ։ Իսկ այդ մոտեցումը չի նպաստում որակյալ կլիպերի ավելացմանը։
– Հիմա երաժշտական հոլովակներ նկարահանելը բավականին հեշտացել ու էժանացել է։ Դա լա՞վ է։
– Դա վատ է։ Բայց համոզված եմ, որ տեսահոլովակի որակը երբեք չպիտի պայմանավորվի բյուջեով։ Ռեժիսորը չպիտի ասի՝ հա, դե, երեք կետից կնկարահանեմ, հետո կադրերն իրար կկպցնեն, ու կլիպ կդառնա։ Այդպիսի մոտեցմամբ կարելի է համերգային համար նկարահանել, այլ ոչ թե՝ կլիպ կամ հետաքրքիր պատմություն։ Փող չլինելու դեպքում էլ կարելի է լավ աշխատել։ Կլոդ Լելյուշն, օրինակ, իր հայտնի «Կինն ու տղամարդը» ֆիլմի մի մասը սեւ ու սպիտակ գույներով նկարահանեց, քանի որ գունավոր ժապավենը վերջացել էր, իսկ նորը գնելու հնարավորություն չուներ ու ստիպված էր իր ֆիլմն ավարտել կես-գունավոր ու կես-անգույն տարբերակով։ Իսկ հետո բոլորը սկսեցին ասել՝ օ, տեսեք, այստեղ ինչ հանճարեղ գաղափար կա։ Աստված տա, որ մեզ մոտ էլ նման ճանապարհով գաղափարներ ծնվեն։ Բայց հիմա մենք շատ հեռու ենք դրանից։ Գալիս է մի պահ, երբ պետք է հասկանաս, որ ամեն ինչ թույլատրված է, բայց դա չի նշանակում, որ ոչ մի բան արգելված չէ։ Առավել քան համոզված եմ, որ մեր եթերը պետք է որոշ բաների առջեւ արգելքներ դնի ու ասի՝ սա ցուցադրել չի կարելի։
– Ի՞նչն, օրինակ։
– Ասենք, եթե հինգ նույնանման տեսահոլովակ է ցուցադրվում, պետք է արգելվի վեցերորդի ցուցադրումը։ Վեցերորդը տեղ չպիտի գտնի եթերում, քանի որ այն ոչ մի բանով չի հարստացնում ու տեսահոլովակների դաշտում բացառում է մրցակցությունը։ Մեզ հենց առողջ մրցակցությունն ու միտքն է պակասում։ Ես, օրինակ, ավանգարդի սիրահար եմ, ավանգարդի մեջ անկեղծություն եմ զգում։ Իմ սիրելի արտահայտություններից մեկը սա է. «Յուրաքանչյուր ազնիվ տգեղության մեջ յուրահատուկ գեղեցկություն կա»։ Դա իսկապես այդպես է, այդ գեղեցկությունը շրջապատում է մեզ։ Բայց մեր միտքն առաջ չի շարժվում՝ այն հասկանալու համար, մենք անընդհատ շտամպերով ենք մտածում ու շտամպերով ենք ապրում։ Մեր պատմության ենթատեքստից հանում ենք ավանդույթներն ու արժեզրկում դրանք։ Չգիտես՝ ինչո՞ւ, հիմա բոլորն օգտագործում են մեր նուռը, մեր ծառը, մեր սարը։ Ամեն տեղ Մասիս սարն ենք դնում։ Իսկ ինչո՞ւ չի կարելի նրա կողքին դնել, ասենք, Կիլիմանջարոն կամ Ֆուձիյաման։
– Մասիսը խորհրդանիշ է, քեզ կարող են սխալ հասկանալ, մանավանդ, այս քաղաքականացված իրավիճակում։
– Մեր ժողովրդի քաղաքականացված լինելը ես նմանեցնում եմ բլենդեր կամ փոշեկուլ գովազդելու մոդելին։ «Ո՞ւմ ենք ընտրելու» հարցը նման է «Քույրիկդ բերե՞ց ժավելը, թե՞ ոչ» հարցին։ Հայը Հայաստանում չգիտի, թե իր համար լավը ինչն է։ Մեկի համար լավ կյանքը լավ կահույք ունենալ է նշանակում, ու նա կգնա այն մարդու ետեւից, ով նրան կահույք գնել կխոստանա, իսկ մյուսի համար լավը «666» համարանիշով ավտոմեքենան է։ Պատկերացրու, դարավոր պատմություն ունեցող քրիստոնեական երկրում դա ամենալավ համարն է համարվում։ Դա այն ավանդույթների շարունակությունն է, որոնց մասին ոչ ոք ոչինչ չգիտի, որոնք դատարկ հողի վրա են ստեղծվում։
– Ելքը ո՞րն է…
– Ելքը միակն է. պետք է երեխաներին մանկուց գիրք կարդալ ստիպել։ Այդ դեպքում, միգուցե, քսան տարի հետո ամեն ինչ լավ կլինի, քանի որ գիրք կարդացողը կոսմոպոլիտ է մեծանում։ Մեզ հիմա դրսից եկող թարմ արյունն ու գաղափարներն են պակասում։ Յուրաքանչյուր հին ժողովուրդ, վաղ թե ուշ, այլասերվում ու կորչում է, երբ սկսում է «փակ» ապրել, երբ նվազում է խառը ամուսնությունների տոկոսը, եւ ազգին դրսից ուժ չի ներարկվում։ Մենք հիմա փակ համակարգում ենք ապրում, եւ մեր երիտասարդները, բացի սեւ բաճկոններից, փողոցի անկյուններում կանգնող չսափրված ընկերներից ուրիշ բան չեն տեսնում։ Երիտասարդը դա է տեսնում կյանքում ու հենց դա էլ նրան ցուցադրում է էկրանը։ Եվ այդ դեպքում օրինաչափությունը դառնում է ԱԼՄ-ն։ Իսկ որոշ ստեղծագործողներ, որոնք լավատեսական հույսեր ունեն, փորձում են կացիններով համակարգիչ հավաքել։ Աշխատում են հին ու բարոյապես մաշված տեխնիկայով նոր բաներ ստեղծել ու երբեմն դա նրանց մոտ ստացվում է։ Երբեմն զարմանալի թարմ ու խենթ բաներ են նկարահանվում, գրվում կամ նկարվում։ Իհարկե, դրանք թարմ են համարվում միայն մեր նեղ ու փակ համակարգի ներսում։