Թուրքիան անհանգստացել է

15/04/2007

Ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի եվրոպական օրենսդրություն ընդունելու՝ Գերմանիայի նախաձեռնությունը «շատ սխալ» է որակել Թուրքիայի կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքը: Նրա կարծիքով՝ առաջարկվող օրինագիծն «անտեսում է ՄԱԿ-ի կոնվենցիան եւ խախտում է արտահայտվելու եւ գիտական հետազոտությունների ազատությունը»: Ըստ «Թըրքիշ դեյլի նյուսի», Չիչեքը հայտնել է, որ ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող եւ ուրացողների համար մինչեւ երեք տարվա ազատազրկում նախատեսող շրջանակային նախագիծն օրակարգում կհայտնվի ապրիլի 18-19-ը՝ Եվրամիությունում Գերմանիայի նախագահության օրոք: Նրա խոսքերով՝ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը Գերմանիային Թուրքիայի մտահոգություններն է հայտնել անցած շաբաթ, իսկ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այդ թեման ընդգրկելու է շաբաթավերջին Գերմանիա կատարելիք այցի շրջանակներում նախատեսվող բանակցությունների օրակարգում: Թուրքիան մտահոգություն է արտահայտել Եվրամիության նախագահող Գերմանիայի նոր նախաձեռնության առնչությամբ: Պաշտոնական Անկարան գտնում է, որ Եվրամիության անդամ երկրների կառավարություններին առաջարկվող շրջանակային նախագիծը եվրոպական պետություններին կդրդի հետեւել Ֆրանսիայի օրինակին, որի ԱԺ-ն անցյալ տարվա հոկտեմբերին ընդունեց Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծ: