Շաբաթ օրը գիշերը 00:30-ի սահմաններում անհայտ անձինք, BMW մակնիշի մուգ գույնի ավտոմեքենայից կրակահերթ են բացել թիվ 19 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ: Բարեբախտաբար, այդ պահին մեքենայում ոչ ոք չի եղել: Ավելի ուշ` ժամը 4:30-ի սահմաններում անհայտ անձինք այրել են նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու Սուսաննա Հարությունյանի նախընտրական շտաբը: Երկու թեկնածուներն էլ կատարվածի համար մեղադրում են մյուս թեկնածու` անկուսակցական, ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Սեյրան Սարոյանին: Վերջինս այս առնչությամբ երեկ հայտարարել է, թե «Հակոբյանն ինքն է իր վրա կրակել, իր կողմնակիցներն են դա կազմակերպել, իսկ Ս. Հարությունյանի կողմնակիցներն էլ հրդեհել են իրենց շտաբը, որպեսզի աղմուկ բարձրացնեն եւ իրենց գործն առաջ տանեն»: Ի պատասխան՝ Հակոբյանն ասել էր, թե` «Սեյրան Սարոյանը դդումի կեցվածք է ընդունել: Միայն դդում մարդը կարող է ասել, որ ես ինքս ինձ վրա կարող եմ կրակել»: Ս. Սարոյանն այս կապակցությամբ երեկ մեզ հետ զրույցում ասաց. «Միայն անմակարդակը կարող է նման խոսելաձեւ ունենալ: Եթե նա կարողանում է Հայոց բանակի գեներալին, ով նման հաղթանակներ է տարել, այդպես վերաբերվի` արդեն երեւում է, թե ով` ինչի է ընդունակ: Իսկ ամեն մեկն իր խելքից է ընկնում նման բաների մեջ, ու հենց նման դեպքերում երեւում է, թե ով է իր ասածը»:
Իսկ երեկ Էջմիածնի 1-ին ատյանի դատարանում քննարկվում էր թիվ 19 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանի հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր, նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանի: Երեւանցի թեկնածու Հակոբյանը դատարանից պահանջել է անվավեր ճանաչել թեկնածուներ Հ. Հակոբյանի եւ Ս. Հարությունյանի գրանցումները` նրանց մեղադրելով նախաձեռնող խմբի անդամների ստորագրությունները կեղծելու մեջ: Ստորագրություններն ուղարկվել են փորձաքննության, եւ այսօր ժամը 16:00-ի դատական նիստում պարզ կդառնա, թե ինչպիսի ճակատագիր կունենան թեկնածուներ Հակոբյանն ու Հարությունյանը: Երեկ ՀՀ Գլխավոր դատախազության կայքից տեղեկացանք, որ էջմիածինցի Հ. Հակոբյանը մեղադրվում է նաեւ նախաձեռնող խմբի անդամի հոր առեւանգման մեջ:
Կառդացեք՝ Էջմիածնում կրքերը բորբոքվում են