Էջմիածնում կրքերը բորբոքվում են

10/04/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Էջմիածնում, պարզվում է` նախընտրական քարոզարշավի մեկնարկը բոլորովին այլ կերպ են հասկացել: Հենց քարոզարշավի առաջին օրն Էջմիածնում նախընտրական մի քանի փուլանոց «հրավառություն» է եղել. մեկը` կրակոցների, մյուսը` հրդեհի տեսքով: Երրորդը` մարդկանց անհասկանալի անհետացումն է: Ասում են, եթե առաջ էջմիածինցիներն անհանգստանում էին, երբ ինչ-որ մեկը կորում էր, ապա հիմա նման «նորություններն» այլեւս բանի տեղ չեն դնում:

Նախընտրական կրակոցներ

Շաբաթ օրը` ապրիլի 7-ի կիսգիշերին, ժամը 12:30-ի սահմաններում անծանոթ ավտոմեքենայից կրակոցներ են տեղացել Էջմիածին քաղաքի Զվարթնոց գյուղի Մանուշյան փողոցի մերձակայքում կանգնած ԱԺ պատգամավոր, թիվ 19 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանի եղբոր ավտոմեքենայի ուղղությամբ (ավտոմեքենան եղել է Հ. Հակոբյանի մոտ): Ավտոմեքենայում, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Հ. Հակոբյանը, այդ պահին, բարեբախտաբար, ոչ ոք չի եղել: «Ազատության» թղթակցի հետ զրույցում Հակոբյանը պատմել է դեպքի մանրամասները: Ըստ նրա, կեսգիշերից քիչ անց ինքն ընկերոջ հետ գնացել էր Զվարթնոցի մի օբյեկտ, եւ երբ իջել են մեքենայից ու պահակին զգուշացրել, որ շուտով իրենց միանալու է նաեւ իրենց մյուս ընկերը, 3-4 րոպե անց ավտոմատի կրակահերթ են լսել. «Պատի մյուս կողմը ազատամարտիկների գերեզմաններ կան, եւ մի պահ մտածեցի, որ երեւի պատի այն կողմից է. մարդիկ են, երեւի խմել են, եկել են, կրակում են` իրենց հարգանքի տուրքն են մատուցում: Բայց երբ զգացինք, որ ինչ-որ բանի են դիպչում (փամփուշտները), միանգամից ներս վազեցինք: Ներս վազելու ժամանակ կրակոցներն արդեն դադարեցին: Մի 10 րոպե մենք դուրս չեկանք այդտեղից: Հետո դուրս եկանք ու տեսանք, որ մեր կանգնած տեղի ուղղությամբ էին կրակել եւ մեքենայի վրա: Այնտեղ օբյեկտ կա` այդ օբյեկտի վրա էին հիմնականում փամփուշտները գնացել»:

Հ. Հակոբյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ կրակահերթը եղել է մուգ գույնի BMW մակնիշի ավտոմեքենայի միջից, սակայն ինքը չգիտի, թե ովքեր են եղել այդ մեքենայի մեջ: «Մեքենան եղբորս մեքենան է եղել, ղեկին եղել եմ ես, միայն դա կարող եմ ասել: Թե ինչի համար են մնացած բաները եղել, ես չեմ կարող ասել,- ասում էր թեկնածու Հակոբյանը,- Ես ոչ մեկի վրա բարոյական իրավունք չունեմ կասկածեմ, ես այդ մարդուն չեմ բռնել, բայց մենք արդեն մոտավորապես հասկանում ենք, թե ով է, ում ուղղությամբ է եղել, ով է զակազ տվել»: Քանի որ Հակոբ Հակոբյանի հիմնական մրցակիցն այդ ընտրատարածքում համարվում է Սեյրան Սարոյանը, Հակոբյանից հետաքրքրվեցինք` արդյոք ինքն անցած երկու օրերի ընթացքում հանդիպե՞լ է իր մրցակցի հետ, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Հ. Հակոբյանն ասաց. «Հո ինքը չի՞ կրակել, որ իրա հետ խոսամ, Սեյրանն ի՞նչ կապ ունի, ինքը թեկնածու ա»,- ասաց Հ. Հակոբյանը` ավելացնելով, որ դեպքից անցել է երկու օր, սակայն մինչ օրս իրեն ոչ հարցաքննել են, ոչ էլ` հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունեցել պատգամավոր Հակոբյան Հակոբի հետ: Դրա համար պատգամավոր, նաեւ թեկնածու Հակոբյանը որոշել է անձամբ հետաքննություն իրականացնել ու պարզել, թե ովքեր են եղել իր վրա կրակողների պատվիրատուները: Նա կատարվածի համար մեղադրում է ոստիկաններին` ասելով. «Միլիցեքի մատը խառն ա, որովհետեւ ամիսուկես ա, իրանք քարոզչություն են անում, իմ կողմնակիցներին տանում-ծեծում, վախցնում են: Ինչքան միլիցիայական մեթոդներ կան, կիրառում են մեր կողմնակիցների վրա: Մեթոդները պարբերաբար կոշտացնում-փափկացնում են` մարզպետ Ղահրամանյան Աշոտի ղեկավարությամբ»:

Նախընտրական առեւանգումներ

Մեր տեղեկություններով, շաբաթ երեկոյան Հ. Հակոբյանը գնացել է նախաձեռնող խմբի անդամներից մեկի տուն, ով ավելի ուշ հրաժարվել էր իր ստորագրությունից, եւ հրավիրել է առանձնազրույցի` պարզելու համար, թե ինչո՞ւ է նա հրաժարվում ստորագրությունից: Առանձնանալուց հետո, մեր տեղեկություններով, «նախաձեռնող խմբի» այդ անդամն անհետացել է, սակայն կիրակի երեկոյան նրան գտել են Հակոբյանին պատկանող «Զվարթնոց» համալիրում: Պարզվեց` անհետացել է նաեւ մյուս անդամը, ով նույնպես հրաժարվել էր իր ստորագրությունից (հրաժարվողները երկուսն էին): Այս լուրերի առնչությամբ Հ. Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես առանց ախրանայի նստել եմ մեքենայի ղեկին, գնացել եմ հարեւաններից հարցրել եմ այդ մարդու տան տեղը, ոտքով իջել եմ, մոտեցել եմ, ժողովրդի հետ խոսացել եմ` 10-15 մարդ էր հավաքվել: Էդ մարդու տղային ասել եմ` սենց բան կա, եկել եմ մի հատ հորդ տեսնեմ, տեսնեմ ինքը կուրսի ա՞ էդ բաներից: Երբ մենք դատարանից հայցն ընդունեցինք (խոսքը մյուս թեկնածու Հակոբ Հակոբյանի հայցի մասին է, որով նա պահանջում է անվավեր ճանաչել ԸԸՀ որոշումը` Սուսաննա Հարությունյանին եւ Հակոբ Հակոբյանին որպես թեկնածուներ գրանցելու մասին.- Լ.Ս.), էդ տղայի դիմումը մեջն էր, ասեցինք` տեսնենք՝ իրա՞ ստորագրությունն ա: Էդ տղան սկզբում աշխատել էր մեր շտաբում, հետո նայեմ` անհետացել ա, չկա: Անհայտացման օրը դիմում ենք ներկայացրել միլիցիա, որ մեր շտաբի երկու տղաները կորել են: Քանի որ անհետացել էին, մենք մտածում էինք` իրենք չեն դիմում գրողները, որովհետեւ իրենք ոչ մամուլով, ոչ էլ ռադիոյով չէին հայտարարել այդ մասին, իսկ հանձնաժողովի նիստի օրն էլ իրենց երեսը չէինք տեսել: Ես գնացել էի պարզեմ` իմ կողմնակիցը գտնվե՞լ է, թե՞ չէ: Ես մեն-մենակ եմ գնացել նրանց տուն: Բայց մարդիկ, որ գնում են առեւանգելու` մենակ չեն գնում: Մարդիկ գոնե կինոներից կսովորեն, թե ոնց են առեւանգում, մենակ չեն նստում ղեկին, գնում, որպեսզի պարզաբանեն: Ես մենակ գնացի, նրա հոր հետ սկզբից խոսացինք իրենց բաղչից, որ խի չի ցանում, ջրից խոսացինք, ասեց, որ ոռոգման ջուրը լավ չի, աղբյուրի ջրով ենք ջրում, ես էլ ասի` խմելու ջուրը լավ չի, դրա համար: Ես էլ ասի, եթե ուզում ես, արի մի հատ գնանք շտաբ, ստորագրությամբ թղթեր կան, որ քո տղեն գրել-ստորագրել ա, ու հիմա ասում ա` էդ իմը չի»: Հ. Հակոբյանի ասելով, այդ տղան իր «Զվարթնոցում» չէ. «Եթե ընդեղ լիներ, էլ խի՞ էի գնում հետեւից: Ես տղայի հորն եմ բերել ստեղ ստորագրությունները ցույց տալու համար: Իրանց գյուղից էլի մարդիկ կային, որ եկել էին մեր հետ: Էդ տղան Սեյրանենց տանն ա, զալոժնիկ ա»: Հ. Հակոբյանը վերջում, սակայն, ասաց, որ ինքը գնացել էր այդ տղայի տուն ոչ թե ստորագրության հարցը պարզելու, այլ`պարզաբանում ստանալու համար, թե ո՞ւր է իր նախաձեռնող խմբի անդամը: Թե ինչո՞ւ է Հակոբյանն իր կողմնակիցներով հետաքրքրվում միայն 6-7 օր հետո, այդպես էլ անհասկանալի մնաց: «Առաջին օրը միլիցիայում դիմում ենք ներկայացրել, ու հայտնել ենք, որ մեր շտաբի երկու անձնավորություններն անհայտ ուղղությունով գնացել են, գոյություն չունեն, անհանգստանում ենք իրենց հետագա կյանքով: Մեզ չեն կարող ասել՝ առեւանգել են, որովհետեւ մենք կորելու օրը դիմում ենք գրել»,- ասաց Հ. Հակոբյանը` հավելելով, որ տղաներից մեկը, ում տուն գնացել էր, իր հիմնարկներից մեկի տնօրենն է եղել նախկինում: «Ոստիկանությունը ոչինչ չի անում, նրանք զբաղված են ընտրություններով, հակաքարոզչությունով իմ դեմ, իմ կողմնակիցներին տանում են, պահում են, ծեծում են` հազար ու մի մեթոդներով,- ասում է Հ. Հակոբյանը։ -Օրերով իմ կողմնակիցներին պահում են միլիցիայում, որի իրավունքը չունեն: Մարզպետն ինքն ա կանգնած էդ ամեն ինչի հետեւում, նրանք աշխատում են Սեյրանի օգտին: Թող բոլոր լծակներով աշխատեն Սեյրանի օգտին, եթե Սեյրանը 21 տոկոս ձայն հավաքի, ես կհրաժարվեմ իմ պայքարից»:

Ավելի ուշ վերոնշյալ առեւանգման մասին տեղեկություն տեղադրվեց ՀՀ Գլխավոր դատախազության կայքում, որտեղ մեղադրանքն ուղղված է կոնկրետ Հակոբ Հակոբյանին: Ըստ հաղորդագրության, ապրիլի 7-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժինը Վաղարշապատի բնակիչ Ավագ Ս. Ղազարյանից դիմում է ստացել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15-ի սահմաններում ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, բռնություն գործադրելով, առեւանգել է իր հորը՝ Սահակ Ավագի Ղազարյանին: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ԱԺ պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանն իր վարորդի եւ ոմն Հայկազի հետ միասին, հարկադրաբար Ս.Ղազարյանին նստեցրել են Հակոբյանին պատկանող BMW մակնիշի սեւ գույնի ավտոմեքենան, ապա՝ տարել «Զվարթնոց» ռեստորանային համալիրի թիվ 4-րդ քոթեջը: Ըստ Ս.Ղազարյանի դիմումի՝ Հ.Հակոբյանը խոստացել է իրեն տալ 5000 ԱՄՆ դոլար, եթե իր որդին՝ Վանիկ Ղազարյանը չներկայանա Արմավիրի մարզի 1-ին ատյանի դատարանի երեկվա դատական նիստին եւ ցուցմունք չտա Հակոբյանի դեմ»: Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օր-ի 131-րդ հոդվածի հատկանիշներով: Հակոբյանը երեկ մեզ հետ զրույցում հերքեց, թե ինքը մարդ է առեւանգել` ասելով. «Ոչ մի առեւանգում չի եղել: Մեն-մենակ գնացել եմ իրանց գյուղ, հարեւանները ցույց են տվել տան տեղը, էդ մարդն իրա ոտով եկել-նստել է իմ մեքենան, ես էլ ռույլին եմ նստել, գնացել ենք իմ շտաբ: Ոչ խփել եմ, ոչ էլ բան եմ արել, որովհետեւ վրան քերծվածքներ չկան»: Հակոբյանի ասելով, երեկ իր կողմնակիցներից

7-ի բնակարաններում խուզարկություններ են կատարվել, խուզարկել են նաեւ Հակոբյանին պատկանող բոլոր հիմնարկությունները. «Զենք են ման գալիս: Ուզում են ապացուցեն, որ իմ վրա կրակողներն իմ մոտիկներն են եղել: Հանցագործ են ման գալիս իմ շտաբում: Իմ շտաբի մարդիկ էնքան ինտելիգենտ մարդիկ են, որ եթե նրանց ասեն` հանցագործ, կարող է իրենց կյանքին վերջ տան, ինքնասպանություն գործեն»,- վստահեցնում էր Հ. Հակոբյանը:

Նախընտրական հրդեհ

Կիրակի լուսադեմ ժամը 4:00-ի սահմաններում այրվել է նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սուսաննա Հարությունյանի նախընտրական շտաբը: Թեկնածու Հարությունյանն իր շտաբում տեղի ունեցած հրդեհի մասին իմացել է առավոտյան ժամը 9:30-ին: Ս. Հարությունյանը նույնպես այս ամենը վերագրում է Ս. Սարոյանին` բացառելով իր մրցակիցներ երկու Հակոբ Հակոբյաններին: «Մի մրցակիցը ձեւական է, նրա մասին չեմ խոսում: Մյուս մրցակցի վրա էլ մահափորձ է եղել նույն գիշերը: Խոսքը գեներալի մասին է»,- ասել է Ս. Հարությունյանը: Վերջինիս հավաստմամբ, այրվել են իր նախընտրական շտաբի այն 4 սենյակները, որտեղ ժամանակավորապես պահվել է իր ենթաշտաբների համար նախատեսված ամբողջ կահույքը: