Ձեւական հուշագիր

10/04/2007

ԱԺ նախորդ ընտրություններից այս մեկը տարբերվում է նրանով, որ տարբեր ընտրատարածքների թեկնածուներ իրենց մրցակիցներին առաջարկեցին հուշագիր ստորագրել, որով թեկնածուները կպարտավորվեն ընտրություններին խախտումներ չանել:

Մի քանի օր առաջ նման առաջարկով հանդես եկավ «Հայաստան» հանրախանութի սեփականատեր, թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հայրապետ Հայրապետյանը: Վերջինս, ի դեպ, չնայած այն բանին, որ կոչ էր անում հուշագիր ստորագրել ընտրակեղծիքներ չանելու, միմյանց նկատմամբ սեւ քարոզչություն (PR) չբանեցնելու համար, խուսափեց նույն ընտրատարածքում առաջադրված իրեն մրցակից մյուս թեկնածուների հետ միասին հանդիպել ԵԱՀԿ դիտորդներին: Իսկ այդ հանդիպմանը մասնակցել էին Սուրեն Մամիկոնյանը (ՕԵԿ), Արամ Մանուկյանը (ՀՀՇ), Զոհրաբ Զոհրաբյանը (ՀՀԿ) եւ ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը: ԲՀԿ ներկայացուցիչը երեկ թեկնածուներին հրավիրեց ստորագրելու «Թիվ 4 ընտրատարածքում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին հուշագիրը», որին, իրենից բացի, ներկա էին նաեւ Ա. Մանուկյանը, Զ. Զոհրաբյանը, Հ. Կարապետյանը: ՕԵԿ եւ ԱՄ ներկայացուցիչները թեեւ տեղյակ էին այդ մասին, սակայն չէին ներկայացել: Ստորագրությամբ այս ակցիային էր միացել նաեւ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված թեկնածուն: Ընտրապայքարի մեջ մտած թեկնածուները հուշագրով ընդամենը պատրաստակամություն են հայտնում խուսափել սեւ եւ կեղտոտ տեխնոլոգիաներից, ձեւավորել ընտրակեղծիքների դեմ պայքարող միասնական, օպերատիվ շտաբ, որը օպերատիվ տեղեկություններ կտրամադրի լրատվամիջոցներին: Ինչպես հայտնի է՝ ՀՀ Ընտրական օրենսգիրքն առանց որեւէ հուշագրի պարզապես պահանջում է անցկացնել առանց ընտրակեղծիքների, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Թե ով է հուշել ԲՀԿ-ական թեկնածուին ձեւական այդ հուշագրի միտքը՝ հայտնի չէ, քանի որ ընդամենը պետք է հետեւել օրենքի պահանջներին: Ըստ թեկնածուների՝ հայ իրականության մեջ տղամարդու խոսքը եւ ջենտլմենական համաձայնությունն ավելի մեծ կշիռ ունի, քան օրենքը, այդպիսով բոլորի առջեւ տրված տղամարդու խոսքը կարող է ինքնազսպման միջոց դառնալ: Երեկ ստորագրմանը ներկա ՀՀՇ ներկայացուցիչ Արամ Մանուկյանն ասել է, որ առանձնապես խանդավառված չէ հուշագիր ստորագրելու գործընթացով, եւ կարծում է եւ չի հավատում, որ այս հուշագիրը կաշխատի, քանի որ նախաձեռնության հեղինակը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամն է, որն իշխանական կուսակցությունն է, եւ արդեն մի քանի ամիս խախտումներով է մտել ընտրապայքար: «Բայց ստորագրում եմ, որովհետեւ ցանկացած փոքր, շատ չնչին հնարավորության, որ ընտրապայքարին դրական լիցք կբերի՝ կմիանամ: Չեմ հավատում, որ լինելու է արդար ընտրություն, որովհետեւ իշխանության լծակներն իմից 1000 անգամ ավելի են` արդար ընտրություններ անցկացնելու համար: Եվ եթե իշխանությունն ընդդիմությանը դիմում է արդար ընտրություն կազմակերպելու համար, դա մի քիչ աբսուրդային վիճակի է բերում: Չեմ հավատում, որովհետեւ օրեր շարունակ ընտրություններից առաջ մեր տանը հյուրեր ենք ունեցել եւ՛ ՀՀԿ-ից, եւ՛ ԲՀԿ-ից, որ իրենց կուսակցության անդամ դառնալ էին առաջարկում: Չեմ հավատում, որովհետեւ մենք այստեղ խոսում ենք, այնտեղ ասֆալտ են անում: Չեմ հավատում, որովհետեւ իմ հարեւան սեփականատերը հպարտանում է, թե ԲՀԿ-ն իրեն 30 հատ շիֆեր է խոստացել: Պոկել է նա այդ 30 շիֆերը: Ներքեւի շերտերում մարդիկ անում են իրենց գործը, վերեւի շերտերում ուզում են ցույց տալ, որ արդար է»: «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Հայրապետ Հայրապետյանը, հասկանալով, որ Ա. Մանուկյանի խոսքն իրենց կուսակցությանն է ուղղված, միջամտեց. «Մենք շիֆեր բաժանող չենք»: «Ա1+»-ի լրագրողի հարցը՝ «Իսկ տուկի թել կամ կարտոֆիլի սերմացո՞ւ», Հայրապետյանն անպատասխան թողեց: Վերջինս իր իսկ նախաձեռնած հուշագրի մասին երեկ ասաց. «Ստորագրում ենք, որ բոլորը հասկանան, որ թիվ 4-ում մենամարտի չենք գնում, որ թեկնածուներս կարող ենք իրար հետ համագործակցել»: ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը հիշեցրեց, թե առաջադրման պահից հայտարարել է, որ բոլոր ընտրատարածքներում ընտրությունները պետք է լինեն օրինակելի. «Դրա բոլոր նախադրյալները կան: Այս հանդիպումը նշանակում է, որ կա ձգտում այդպիսի օրինակ ցույց տալ թիվ 4 ընտրատարածքում: Այն, ինչ գրված է հուշագրում, գրված է ՀՀ Ընտրական օրենսգրքում»,- ձեռքի հետ ի գիտություն տեղեկացրեց հուշագրի հեղինակին: Լրագրողներից մեկի այն հարցին, թե չե՞ք կարծում, որ հուշագրի ստորագրումը բավարար հիմք չէ հավատալու համար, որ մայիսի 12-ին խախտումներ չեն լինելու, ՀՀԿ ներկայացուցիչ Զոհրաբ Զոհրաբյանը պատասխանեց. «Եթե չեք հավատում, ուզո՞ւմ եք գնանք նոտարական գրասենյակ՝ հաստատենք»: Ապա, թե՝ «Ես փողկապ կապել չեմ սիրում: Ինձ միշտ ասում են՝ հանդիպումների ժամանակ ինչի՞ չես կապում: Ասում եմ՝ ի՞նչ տարբերություն, ես փողկապո՞վ, թե՞ առանց փողկապի եմ խոստումներ տալիս: Կարեւորը մարդկանց չխաբելն է»: ՀՀՇ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը խախտումներով ընտրապայքարի դուրս գալու մասին խոսելով՝ նկատի ուներ նաեւ ԲՀԿ գովազդավահանակները, որ փակցվել էին քաղաքի տարբեր մասերում մինչեւ քարոզարշավի մեկնարկը: ԲՀԿ ներկայացուցիչ Հայրապետ Հայրապետյանին մի քանի անգամ հարց ուղղվեց, թե ԲՀԿ-ն արդեն խախտում է օրենքը, նախընտրական քարոզարշավից շուտ գովազդային բազմաթիվ պաստառներով ողողելով ողջ Հայաստանը: Հուշագիրը նախաձեռնողի պատասխանը հետեւյալն էր. «Ես դա խախտում չեմ համարում, դրանք կուսակցության գրասենյակի անունը եւ լոգոն են կուսակցության գրասենյակների վրա: Բնակելի շենքում էլ կարող է գրասենյակ լինել եւ այդ շենքի վրա` պաստառ: Եթե շենքում գրասենյակ չկա, պաստառ չի կարող լինել»: Իհարկե, ԲՀԿ-ն ճիշտ է վարվել, որ, օրինակ, թիվ 4 ընտրատարածքում փակցրել է Գ. Ծառուկյանի լուսանկարը, որովհետեւ իրենց թեկնածուի լուսանկարը փակցնելու դեպքում էֆեկտ չէր լինի, քանզի վերջինիս շատ քչերն են ճանաչում: Ի դեպ, սույն հուշագրով պատգամավորության թեկնածուները պատրաստակամություն են հայտնում խուսափել «սեւ PR»-ի եւ ընտրական կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումից՝ խոստանալով քաղաքակիրթ ընտրապայքար անցկացնել: Գիտե՞ն արդյոք նրանք, թե ի՞նչ է նշանակում՝ սեւ PR: Քաղաքական գործչի (նաեւ ապագա գործչի) կյանքը եւ գործունեությունը պետք է հրապարակային լինի, եւ ընտրողը պարտավոր է նրանց մասին ցանկացած տեղեկատվություն իմանալ: Ինչպե՞ս են տարբերելու սեւ PR-ն իրական փաստերից: