Անցյալ շաբաթ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցը կարելի է նշանակալից համարել: Բանն այն չէ, որ նա այցելել է հարազատ երկիր (ինչպես հայտնի է` նախարարը կիսով չափ հայ է), եւ ոչ էլ լուրջ խնդիրների քննարկումը: Ոչ էլ այն, որ նա Երեւան էր եկել ԱԺ ընտրությունների նախաշեմին: Բանն այն է, որ այս այցը ներկայացվեց իբրեւ 2 պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակին նվիրված այց: ՌԴ-ի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա ԱՊՀ ոչ մի երկիր այդ առթիվ չի այցելել, թեեւ բոլորի հետ էլ դիվանագիտական հարաբերություններ ունի արդեն 15 տարի: Այս փաստը վկայում է ոչ միայն ՀՀ-ի նկատմամբ ՌԴ-ի վերաբերմունքի մասին, այլ ավելի շատ այն մասին, որ Մոսկվան այդ հարաբերությունները օրինակելի է համարում: Թեեւ, ինչպես ասում էր նախագահ Պուտինը նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Ամոթ է, որ ՌԴ-ն առաջին տեղը չի գրավում ՀՀ-ի տնտեսական գործընկերների շարքում»: Այսինքն` խնդիրներ, իհարկե, կան, սակայն կան բոլոր նշանները, որ կողմերը պատրաստ են դրանք լուծել: Այս նշանակալից իրադարձությունից հետո Երեւանը կարեւոր հայտարարություն արեց: «Ֆիգարոյին» տված հարցազրույցում վարչապետ Սերժ Սարգսյանը, որին, ի դեպ, Մոսկվան դիտարկում է իբրեւ նախագահի ապագա թեկնածու, հայտարարեց, որ ՀՀ-ի արտաքին քաղաքական գերակայությունը շարունակում է մնալ ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունները, իսկ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու հարցն օրակարգում չէ: Այսպիսով, ՌԴ-ն Հարավային Կովկասում մեկ հավատարիմ դաշնակից ունի, որի միջոցով նա փորձելու է լուծել տարածաշրջանային խնդիրները: Այս լույսի ներքո Լավրովի այցը Երեւան չի կարող չմտահոգել Ադրբեջանին: Բաքվի հարաբերությունները Մոսկվայի հետ վատանում են: Գլխավոր պատճառն այն է, որ ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ էներգետիկ հակամարտության խնդրում Բաքուն անցել է վերջինիս կողմը: Դա անմիջապես անդրադարձավ գազա-էլեկտրամատակարարման վրա. ՌԴ-ը բարձրացրեց գները, եւ Ադրբեջանի իշխանությունները ստիպված եղան հրաժարվել «Գազպրոմի» ծառայություններից, իսկ ռուսական ՌԱՕ ԵԷՍ-ի հետ բանակցություններ սկսել էլեկտրաէներգիայի մատակարարման ուղղությամբ: Սակայն գնի հարցը դեռ բաց է մնացել: Եվ Մոսկվան չպետք է մոռանա, որ Բաքվի վրա չափից մեծ ճնշում գործադրելը կարող է իրեն զրկել դիվանագիտական մանեւրներ կատարելու հնարավորությունից: Այդ ժամանակ Ադրբեջանի վրա ազդեցությունը պահպանելու վրա կարելի է խաչ քաշել: Իսկ այդ ժամանակ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վիճակը կարող է ազդել Վրաստանի վրա. առանց Ադրբեջանի աջակցության նրա համար դժվար կլինի վարել ներկայիս միանշանակ արեւմտամետ քաղաքականությունը: Այս 2 հարավկովկասյան երկրների ռազմավարական դաշնակցության մեջ ճեղք է հայտնվել. Բաքուն հրաժարվեց ի վնաս իրեն երկարացնել արտոնյալ պայմաններով Թբիլիսիին գազ մատակարարելու ժամկետը: Հարեւան երկրների միջեւ այս փոքրիկ տարաձայնությունից հավանաբար կփորձի օգուտ քաղել Ռուսաստանը: Թեեւ իրականում դա հեշտ չի լինի: Ամեն դեպքում, ՌԴ-ն դեռ չի կորցրել Հարավային Կովկասն իր ազդեցության ոլորտում պահելու հնարավորությունը: Սրա ապացույց կարող է ծառայել Ադրբեջանի իշխանությունների վերջերս արված հայտարարությունը, թե երկիրը պատրաստ է բոլոր հնարավորություններն ու իր ունեցած բոլոր ենթակառուցվածքները տրամադրել ցանկացած երկրի` էներգետիկ նախագծեր իրականացնելու համար: Այդ երկրների ցանկի մեջ ՌԴ-ն առաջին տեղում է: