«Էլի Վիզել մարդկության համար հիմնադրամը» (The Elie Wiesel Foundation for Humanity) երեկ հրապարակել է Նոբելյան մրցանակի 53 դափնեկիրների ստորագրած կոչը, որում աշխարհի ամենահեղինակավոր մրցանակին արժանացած գիտնականները, գրողները եւ հասարակական գործիչները հանդես են գալիս հայ-թուրքական հաշտեցման օգտին: Կոչի նախաձեռնողն է «Էլի Վիզել» հիմնադրամի գործադիր տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսն, ով ժամանակին համակարգում էր Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքները: Դեյվիդ Ֆիլիպսն «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, թե Նոբելյան մրցանակակիրները Թուրքիայի կառավարությանը կոչ են անում վերջ տալ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականությանը եւ վերացնել երկրի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որը քրեական պատիժ է սահմանում «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար: Նրանք նաեւ Հայաստանին կոչ են անում փոխել «ավտորիտար ուղեգիծը, ազատ եւ արդար ընտրությունների հնարավորություն տալ եւ հարգել մարդու իրավունքները»: Նոբելյան մրցանակի դափնեկիրները Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին հորդորում են բացել հայ-թուրքական սահմանը՝ դրանով իսկ բարելավելով տնտեսական պայմանները սահմանի երկու կողմերում եւ մարդկային փոխգործողության հնարավորություն ընձեռելով, որն էական նշանակություն ունի մարդկանց փոխըմբռնման համար: Նրանք կառավարություններին կոչ են անում արագացնել երկկողմ շփումները եւ լիակատար դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սատարում են գործնական ծրագրերը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ, որոնք վերաբերում են ընդհանուր խնդիրներին: Կոչն իրավական մոտեցում է առաջարկում երկու ժողովուրդների կողմից Հայոց ցեղասպանության ընկալումների միջեւ առկա վիթխարի խզումը հաղթահարելու համար: Միաժամանակ, Նոբելյան մրցանակակիրները նշում են, թե ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիան երբեք հետադարձ կիրառում չի ունեցել, հետեւաբար՝ «չի կարող որպես հիմք օգտագործվել փոխհատուցումների կամ տարածքային պահանջների համար»: «Թուրքերի եւ հայերի միջեւ վիթխարի խզում կա Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընկալումներում: Այդ խզմանն անդրադառնալու համար մենք դիմում ենք 2003 թվականի «20-րդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի վերաբերյալ կոնվենցիայի կիրառելիության իրավական վերլուծությանը», որը հաստատում է ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների եզրակացությունները: Այն եզրակացնում է, որ «այդ իրադարձությունների վերաբերյալ կարելի է ասել, որ դրանք պարունակում են ցեղասպանության հանցագործության բոլոր տարրերը՝ ինչպես սահմանված է կոնվենցիայում»: Այն եզրակացնում է նաեւ, որ «Ցեղասպանության կոնվենցիան իր հետադարձ կիրառումը ենթադրող որեւէ դրույթ չի պարունակում»,- ասված է փաստաթղթում: Կոչը ստորագրող Նոբելյան մրցանակակիրների թվում են խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ Էլի Վիզելը, Մայրիդ Քորիգան Մագիրը, Ֆրեդերիկ դը Կլերկը, Բեթի Ուիլյամսը, Էդվին Քրեբսը, գրականության Նոբելյան մրցանակակիր Ուոլ Սոյինկան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ բժշկագիտության, տնտեսագիտության, քիմիայի, ֆիզիկայի բնագավառներում: Էլի Վիզելը հիմնադրամը ստեղծել է իր տիկնոջ՝ Մարիոնի հետ, 1986 թվականին Նոբելյան մրցանակ ստանալուց հետո: «Էլի Վիզել» հիմնադրամի առաքելությունը, որի արմատները գալիս են Հոլոքոստի մասին հիշողությունից, անհավասարության, անհանդուրժողականության եւ անարդարության դեմ պայքարն է՝ միջազգային երկխոսության եւ երիտասարդության շրջանում փոխադարձ ընկալմանը, փոխըմբռնմանը եւ հավասարությանը նպաստող ծրագրերի միջոցով»,- նշված է հիմնադրամի հաղորդագրությունում: