Նախընտրական START

08/04/2007

Ապրիլի 8-ին կմեկնարկի ԱԺ ընտրությունների քարոզարշավը: ԱՄՆ Պետդեպարտամենտն աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարությանն ուղղված ծրագրերի եւ դիվանագիտական քայլերի վերաբերյալ իր տարեկան զեկույցում փաստել է, որ ՀՀ-ին տրամադրվող օգնությունը, մասնավորապես՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շարունակությունը, կախված է լինելու ՀՀ ԱԺ եւ նախագահական ընտրություններից: ԱՄՆ ռազմավարությունը կարեւորում է ժողովրդավարական ինստիտուտների, անկախ մամուլի, հանրահավաքներ անցկացնելու ազատության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների դերը: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)` դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆրլեցն օրերս կրկին հայտարարեց, որ ՀՀ ԱԺ ընտրությունները «միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են»: Նրանք հանդիպել են քաղաքական բոլոր ուժերի հետ: Բնականաբար, բոլորը պատրաստակամություն են հայտնել նպաստել ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: ԱՊՀ դիտորդները եւս հետեւելու են ընտրական գործընթացներին: Քաղաքական ուժերն ամեն կերպ փորձելու են միջազգային հանրության աչքին ժողովրդավար երեւալ: Սակայն այս ընտրություններն առավել կարեւոր են մեզ համար, որովհետեւ բոլորը գիտեն, որ այդ զեկույցները նաեւ արտահայտում են տվյալ երկրի հետաքրքրություններն ու շահերը: Այնպես որ, քաղաքական ուժերն առաջին հերթին մեր հասարակության առջեւ են պատասխանատու եւ ոչ թե գերտերությունների: