«ԲՀԿ-ն ընտրություն չի կեղծել»

08/04/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ԱԺ «Արդարություն» խմբակցության նախկին քարտուղար, երբեմնի թունդ ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանը երեկ ասուլիս էր հրավիրել: Հիշեցնենք, որ դեռեւս ամիսներ առաջ սկսեցին լուրեր շրջանառվել, թե Վ. Դալլաքյանը շուտով պետք է համալրի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) շարքերը, սակայն հետո նրա համար այնտեղ կարծեք թե տեղ չգտնվեց: Ինքը՝ Դալլաքյանը, մինչ օրս շատ բարյացակամ է արտահայտվել ԲՀԿ-ի ու դրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասին, սակայն համառորեն այդպես էլ ոչինչ չի ասում իր եւ ԲՀԿ-ի հարաբերությունների մասին:

Երեկ եւս Դալլաքյան-ԲՀԿ հարաբերությունների մասին Դալլաքյանից որեւէ խոսք կորզել չհաջողվեց: Սակայն մի բան, այնուամենայնիվ, նկատելի էր. ժամանակին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «զոլավոր շորեր հագցնող» Վ. Դալլաքյանը երեկ հնարավորինս խուսափում էր ուղղակի մեղադրանքներ հնչեցնել նրա հասցեին, ինչը մեծ հաճույքով անում էր ոչ այնքան վաղ անցյալում: Իսկ ի պատասխան դիտարկմանը, թե տեսակետ կա, որ ԲՀԿ-ի իրական հիմնադիրը հենց Ռ. Քոչարյանն է, ԱԺ պատգամավորը պատասխանեց, թե իրեն, Գ. Ծառուկյանից բացի, ԲՀԿ-ի այլ հիմնադիր հայտնի չէ: Վ. Դալլաքյանը երեկ հայտարարեց, թե ԲՀԿ-ն իշխանության համար պատասխանատվություն չի կրում, ընտրական հանձնաժողովներում տեղեր չի ունեցել, ընտրություններ չի կեղծել եւ որեւէ ընտրության չի մասնակցել: Եվ այն, որ ԲՀԿ-ն դեռ որեւէ ընտրության չի մասնակցել, Վ. Դալլաքյանին հիմք է տալիս հայտարարելու, որ այդ կուսակցությունը ո՛չ իշխանություն է, ո՛չ ընդդիմություն: «Իմ գնահատականով նա նոր քաղաքական ուժ է, եւ խորհրդարանի ընտրության ընթացքում կարող է իրեն դրսեւորել: Ես ուզում եմ ընդգծել, որ եթե ԲՀԿ-ն հանդես գա որպես, իրոք, լուրջ քաղաքական ուժ եւ ինքնուրույն քաղաքական ուժ, ապա նա կարող է խորհրդարանում ունենալ ծանրակշիռ ներկայություն: Ես կխնդրեի իմ բառերի յուրաքանչյուր դրվագին եւ շեշտադրումներին ուշադրություն դարձնել»,- հայտարարեց լոռեցի պատգամավորը: Վերջինս նշեց նաեւ, թե իր քաղաքական ծրագրերը համահունչ են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Դալլաքյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվել թիվ 30 ընտրատարածքում, որտեղ նրա մրցակիցն է լինելու ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Վ. Դալլաքյանը երեկ հայտարարեց, թե իր թեկնածությունը կպաշտպանեն ընդդիմադիր «լուրջ ուժեր», մասնավորապես՝ ՀԺԿ-ն ու ԱԺՄ-ն: Իսկ ԲՀԿ-ն կսատարի՞ Վ. Դալլաքյանին: Պատգամավորը նախ հարցրեց, թե ինչո՞ւ պետք է ԲՀԿ-ն սատարի իրեն, եւ ապա ավելացրեց, թե իր եւ ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանի հարաբերությունները փոխադարձ հարգալից են, ինչը ոմանց կաթվածի է հասցնում: Վ. Դալլաքյանի բնութագրմամբ՝ ԱԺ առաջիկա ընտրությունն ունի չորս կարեւոր առանձնահատկություն. 1990 թվականից ի վեր առաջին անգամ խորհրդարանն ընտրվում է նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետի սպառմանը զուգընթաց, առաջին անգամ ընտրվելու է խորհրդարան, որը նշանակելու է կառավարություն, ինչը կնշանակի, որ իշխանությունը ձեւավորվելու է խորհրդարանի ընտրությամբ, միջազգային հանրությունն այս անգամ ավելի հետեւողական է լինելու ընտրության որակի կապակցությամբ, եւ վերջապես՝ առաջին անգամ Հայաստանն ունի ընտրությամբ խաղաղ իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն: Դալլաքյանը նշեց նաեւ, թե չնայած արդար եւ ազատ ընտրությունների մասին իշխանական ճամբարից հնչող տեսակետներին, իշխանությունն այսօր հոգեբանորեն պատրաստ չէ թողնել իշխանությունը: Միաժամանակ, ըստ լոռեցի պատգամավորի, Ռոբերտ Քոչարյանն ունի ազատ եւ արդար ընտրության անցկացմանը նպաստելու եւ որպես ռեֆորմատոր հեռանալու շանս: «Այս պարագայում դեր է կատարում ոչ թե Քոչարյանի բարի լինելու հանգամանքը, այլ, իմ կարծիքով՝ մոտիվացիաները կարող են լինել օրինակ մի քանիսը»,- ասաց նա: Ըստ նրա, Ռ. Քոչարյանի համար ընտրություն չկեղծելու մոտիվացիա է այն, որ կեղծելու դեպքում ժողովուրդը դրան կարձագանքի ադեկվատ ձեւով, եւ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում: «Այսինքն՝ խորհրդարանի ընտրությունները կեղծելը կարող է հանգեցնել նախագահի պաշտոնանկության: Երկրորդ, ես չեմ կարծում, որ Քոչարյանը կցանկանա, որպեսզի հեռանա ժողովրդի կողմից բացասական գնահատականի արժանանալով: Միգուցե, դա արդեն նրա խնդիրն է, նա կարող է ցույց տալ, որ ինքը հեռանում է որպես ռեֆորմատոր: Այսինքն՝ նաեւ նման մոտիվացիա լինի»,- բացատրում է պատգամավորը: Արդար ընտրություն անցկացնելու հաջորդ մոտիվացիան, Դալլաքյանի դիտարկմամբ, Ղարաբաղի խնդրի կարգավորման հեռանկարն է: «Եթե ընտրությունները կեղծվեն, շատ լուրջ ճնշումներ կլինեն մասնավորապես ԼՂ հիմնախնդրի հետ կապված»,- գտնում է նա՝ հավելելով, թե ԼՂ խնդրի լուծման բանալին Հայաստանի օրինական ընտրության անցկացումն է: «Այսինքն՝ միգուցե Քոչարյանն առաջնորդվի նաեւ հայրենասիրական մոտիվացիայով: Այլ մոտիվացիաներ նույնպես կարող են լինել, բայց ես ուզում եմ ընդգծել, որ այդ շանսը ես տեսնում եմ»,- հայտարարեց նա: Վերջինս գտնում է, որ եթե նախագահն այդ շանսը չկարողանա օգտագործել, ապա այն պետք է կարողանա օգտագործել ընդդիմությունը, քանի որ բնակչության 75-80%-ը չի ընդունում գործող իշխանությանը: Ըստ Դալլաքյանի, կան ընդդիմադիր մի քանի ուժեր, որոնք կարող են առաջնորդել ժողովրդի ընդվզումը: Դրանք են՝ «Արդարություն» դաշինքի գրեթե բոլոր կուսակցությունները, Արթուր Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Կարապետյանը: Իսկ այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակը Դալլաքյանը բնորոշում է այսպես. «Ռոբերտ Քոչարյանը հեռանում է, իսկ Սերժ Սարգսյանը չի կարողանում գալ»: Իսկ Ս. Սարգսյանի՝ ՀՀ նախագահ դառնալու շանսերը Դալլաքյանը գնահատում է «նվազագույն»: Դալլաքյանը երեկ նաեւ դատապարտեց Գյումրիի քաղաքապետի դեմ կատարված մահափորձը: Նրա կարծիքով՝ նախընտրական շրջանում այդօրինակ միջադեպերը կարող են կրկնվել: Վ. Դալլաքյանը համարում է, որ Գյումրիի քաղաքապետի հետ պատահածը շատ ավելի մեծ քաղաքական հնչեղություն ստացավ, քան պետք էր: Նա նշեց, թե Վարդան Ղուկասյանը քաղաքական մեծ ազդեցություն ունեցող անձ չէր, եւ, բացի այդ, պետք չէ մոռանալ այն ռազբորկաների մասին, որոնք տեղի են ունեցել քաղաքապետ Ղուկասյանի եւ նրա հարազատների մասնակցությամբ: «Որպեսզի ասելս, թե այս մահափորձը ուղղված էր ՀՀԿ-ի դեմ, եւ այլն, դրա համար պետք է ունենալ հումորի մեծ զգացում»,- գտնում է նա: