Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց, թե ընտրություններից մեկ ամիս առաջ ամենամտահոգիչն «ամենաթողության մթնոլորտն է:
«Եթե կարելի էր ապրիլի 12-ին «Կոլցո» օպերացիա կազմակերպել եւ ծեծել ժողովրդին, եթե կարելի էր ձերբակալել Վարդան Մալխասյանին եւ Ժիրայր Սէֆիլյանին, ովքեր իշխանությունների համար վտանգ էին ներկայացնում, ապա ի՞նչն է խանգարում իշխանություններին օպերատիվ գործողություններ իրականացնել եւ գտնել բանդիտական խմբավորումներին»,- հարցնում է ՀԴԿ ղեկավարը: Վերջինս համոզված է, որ Շահեն Հովասափյանի եւ նաեւ այլ սպանություններն ու մահափորձերն իրականացրել են խմբավորումներ, որովհետեւ «10 դեպքից նույնիսկ մեկը չի բացահայտվել: Այլ բացատրություն, քան այն, որ գործում են հովանավորյալ բանդիտական խմբավորումներ եւ այս կամ այն անձի շահերը ներկայացնում՝ չկա»: Ընտրությունների օրինականությունը վերահսկելու համար Ա. Սարգսյանն առաջարկում է ստեղծել միասնական մարմին:
Հիշեցնենք, որ նմանօրինակ մի առաջարկ արել էր նաեւ Արտաշես Գեղամյանի «Ազգային Միաբանությունը»: Այս օրերին նաեւ շատ է խոսվում այս կամ այն ընտրատարածքում թեկնածուների կողմից արդար ընտրություններ անցկացնելու մասին հուշագիր ստորագրելու մասին: Նման առաջարկներ են անում հիմնականում իշխանական դաշտի մարդիկ, շատերն էլ հայտարարում են, թե պատրաստ են ստորագրել այդ հուշագիրը: Զարմանալի մարդիկ են այդ ընդդիմադիրները. նախ՝ չեն միավորվում, մեկ միասնական թիմ չեն սարքում «հայրենիքը փրկելու համար», բաժանվում են մի 20 կտորի ու հետո իրար հետեւից հայտարարում, թե՝ եկեք մի միասնական շտաբանման բան ստեղծենք: Ինքնին հասկանալի է, որ այդ մարմինը, եթե նույնիսկ այն ստեղծվի, զուտ ձեւական է լինելու եւ որեւէ լուրջ գործով չի զբաղվելու: Եվ ուշագրավ է, որ նման մարմնի ստեղծման առաջարկ առաջին հերթին անում են հենց այն ընդդիմադիրները, ովքեր դեռ «էն գլխից» բացառեցին ընդդիմության միավորվելն ու հայտարարեցին, թե ընտրություններին իրենք առանձին են մասնակցելու: Եվ հիմա, ընդդիմության չմիավորվելուց հետո մի անհասկանալի մարմնի ստեղծման առաջարկի հեղինակները թերեւս զուտ միավորվելու ջատագով երեւալու համար են դա անում:
Հետաքրքիր է նաեւ այն, որ զանազան արդար ընտրություններ անցկացնելու մասին հուշագրեր ստորագրելու առաջարկ անողներն էլ հիմնականում իշխանության դաշտից են: Եկեք հասկանանք, թե ի՞նչ են առաջարկում նրանք: Նրանք առաջարկում են հուշագիր ստորագրել, որ չեն խախտի խաղի կանոնները եւ ազնիվ ու արդար պայքար կմղեն՝ չշրջանցելով օրենքները: Հիանալի նպատակ է: Բայց ստացվում է հետեւյալը. իրավական ուժ ունեցող, կիրառման համար պարտադիր կանոնները (օրենքը) փորձ է արվում պահպանել իրավական ուժ չունեցող, կիրառման համար ոչ պարտադիր պայմանավորվածությամբ (որի անունը դրել են «հուշագիր»): Եվ, հետեւաբար, զանազան հուշագրեր ստորագրելն էլ զուտ ձեւական է, քաղաքական նպատակներ է հետապնդում, եւ ընտրությունների ընթացքի վրա որեւէ ազդեցություն թողնել չի կարող: Բայց վերադառնանք Արամ Գասպարիչի ասուլիսին: ՀԴԿ նախագահն ընտրությունների օրինականությանը նպաստելու կոչ-նամակ է ուղղել ԱՊՀ եւ ԵԱՀԿ դիտորդներին: ՀԴԿ-ն առաջարկում է դիտորդների մեկ խմբի ուղարկել մի ընտրատարածք, որտեղ նրանք կմնան վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո՝ մինչեւ ընտրության արդյունքների ամփոփման ավարտը:
Ըստ Ա. Սարգսյանի, սրանով նախ՝ մեկ տեղում կապահովվի օրինականություն, հետո հնարավոր կլինի այս տարածքի արդյունքները համեմատել հարեւան ընտրատարածքների արձանագրությունների հետ եւ ունենալ հնարավոր կեղծիքների պատկերը: Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 3-ին դիտորդներին ճիշտ նույն բովանդակությամբ առաջարկություն էր արել նաեւ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը: Ինչեւէ, դիտորդներն Ա. Սարգսյանի առաջարկին դեռ չեն պատասխանել, սակայն ԱՊՀ դիտորդների ղեկավար Վլադիմիր Ռուշայլոյի խոսքից ՀԴԿ ղեկավարը եզրակացրել է, որ նրանք «արդեն մեր հասարակությանը պատրաստում են, թե խախտումներ եղել են, բայց չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա»: Ինչպես հիշում եք, նմանատիպ հայտարարություն ԱՊՀ դիտորդներն արեցին 2003-ին մեր երկրում տեղի ունեցած՝ նախագահի եւ ԱԺ ընտրության ժամանակ: Ըստ Ա. Սարգսյանի, եթե նրանք հիմա էլ նույն բանն ասեն, ապա իրենք Վ. Ռուշայլոյի համար պատմության մեջ հատուկ պատվանդան կառանձնացնեն: