Վերջին շրջանում Ղարաբաղում շատ է խոսվում առաջիկա նախագահական ընտրություններում ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի թեկնածության հնարավոր առաջադրման մասին:
Նրա անունը Ղարաբաղում կատարվող սոցհարցումների արդյունքներով միշտ գտնվում է առաջնային տեղերում: Մասնակցելո՞ւ է արդյոք Մ. Մայիլյանը նախագահական գալիք ընտրություններին: Այս հարցը պարզելու համար KarabakhOpen-ը դիմել է ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանին, որն ի պատասխան հարցի՝ նշել է, որ ԼՂՀ Սահմանադրությունն իրեն իրավունք տալիս է առաջադրելու թեկնածությունը: Եվ ավելացրել է, թե չի բացառվում, որ հանրության աջակցության հիման վրա բոլոր շահագրգիռ ուժերի հետ քաղաքական խորհրդատվությունների արդյունքում որոշում կայացվի իր թեկնածության առաջադրման մասին:
«Չլինելով որեւէ քաղաքական կուսակցության անդամ, ես, բնականաբար, կարող եմ քաղաքական առավել լուրջ դերակատարություն ակնկալել միայն այն դեպքում, եթե քաղաքական երկխոսության ու համագործակցության պարագայում ինձնից ակնկալվի նման դեր ու լինի դրա հասարակական-քաղաքական պահանջարկը: Այսպես թե այնպես, ես ուզում եմ ու պատրաստ եմ իմ ուժերի ներածին չափ ծառայել հայրենիքիս»,- ասել է Մ. Մայիլյանը: Խոսելով նաեւ անցկացված սոցհարցումների մասին, նշել է, որ շատ զուսպ է ընկալում անցկացված հարցումներում նրա՝ առաջնային տեղեր զբաղեցնելու ու հիմնական թեկնածուների շարքում հայտնվելու փաստը: Նա ասել է, որ դրական է վերաբերվում հարցումների ինստիտուտին. «քանի որ դրանք փորձում են այս կամ այն չափով երեւակել հանրային կարծիքը եւ յուրաքանչյուր քաղաքացու համար դրանք առաջին հերթին մտորումների ու վերլուծությունների հիմք են»: Հարցումների ժամանակ ի հայտ եկած երկրի ղեկավարի հնարավոր թեկնածուների լայն շրջանակը, ըստ փոխարտգործնախարարի, վկայում է այն մասին, որ պետական համակարգում, քաղաքական ընդդիմության մեջ ու հասարակական ոլորտում կան կայացած ու խոստումնալից ոչ քիչ գործիչներ, ինչը մեր նորանկախ երկրի քաղաքական դաշտի աստիճանական ու հետեւողական զարգացման վկայությունն է:
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հուլիսի 19-ին, ինչը մեծ աժիոտաժ է առաջացրել հարեւան ադրբեջանական հանրապետությունում: Մեր հարեւաններն ամեն կերպ ձգտում են, որ միջազգային հանրության կողմից Ղարաբաղում անցկացվող ընտրությունները չճանաչվեն: Գալիք ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ հարցեր են ուղղել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն օրերս, պատասխանելով հարցին, նշեց, որ մինչեւ հուլիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կարող են փոփոխություններ լինել: Ֆասյեն վաղ է համարել ընտրությունների մեկնաբանությունը, բացատրելով, որ մինչեւ հուլիս կայանալու է Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը եւ դեռ ժամանակ կա, ու մինչ այդ կարող են վերացվել հակամարտության կարգավորման մեջ առկա խոչընդոտները: Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նույնպես չի մեկնաբանել ընտրությունները եւ նշել է, որ մինչեւ այդ ընտրությունները ավելի կարեւոր հարցեր է պետք լուծել: Իսկ թե ինչ փոփոխությունների մասին է խոսում Բեռնար Ֆասյեն, դեռեւս հայտնի չէ: Իսկ թե այդ փոփոխություններն ընդհանրապես ի՞նչ կապ ունեն նախագահական ընտրությունների հետ` նույնպես անհասկանալի է:
Անկախ այն բանից, թե նախագահական ընտրությունների շուրջ ինչ աժիոտաժ է բարձրանում Ղարաբաղից դուրս, ղարաբաղցիները «պատրաստվում են» ընտրություններին: ԼՂՀ քաղաքական ուժերն այժմ էլ սկսել են խոսել հնարավոր միասնական թեկնածուի շուրջ բանակցությունների մասին:
Ապրիլի 6-ին գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահայտել նաեւ «Շարժում-88» կուսակցության վարչությունը, որը հանդես է եկել հայտարարությամբ: Վերլուծելով առաջիկա նախագահական ընտրություններին առնչված քաղաքական զարգացումները, մասնավորապես՝ հնարավոր միասնական թեկնածուի շուրջ քաղաքական ուժերի, ինչպես նաեւ՝ հանրային քննարկումները՝ «Շարժում-88» կուսակցության վարչությունը հայտնել է իր պատրաստակամությունը նպաստելու հանրապետությունում ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը, հանրային համաձայնության կայացմանը: Կուսակցությունը միաժամանակ կարեւորում է այն, որ քաղաքական ուժերին նախեւառաջ անհրաժեշտ է փոխհամաձայնություն ձեռք բերել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, երկրի անշեղ զարգացման, ժողովրդավարության իրական լծակների արմատավորման, սոցիալական արդարության ապահովման ծրագրի հիմնական սկզբունքների շուրջ: «Սկզբունքների շուրջ քաղաքական համաձայնության ձեռքբերումից հետո է նպատակահարմար քննարկել դրանց իրականացումն առավելագույն արդյունավետությամբ ապահովելու ունակ թեկնածուի աջակցության հարցը: Փոխհամաձայնեցված հիմնական սկզբունքների երաշխավորված իրականացման համար հարկ է պայմանավորվածություններ ձեռք բերել՝ քաղաքական ուժերի, ամբողջ հանրության մասնակցությունը երկրի կառավարմանը ու այդ սկզբունքների հետագա իրականացման վերահսկողությունն ապահովելու համար»,- նշվում է նրանց հայտարարության մեջ: