«Պետք է խորանալ երեւույթների էության եւ խնդիրների բարդության մեջ»

08/04/2007

Օրերս ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ներկայացրել էր 2006թ. ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը, որի հիմնական մասն ուղղված էր Երեւանի քաղաքապետարանի գործունեության դեմ: Երեկ Երեւանի քաղաքապետարանն այդ կապակցությամբ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է. «Երեւանի քաղաքապետարանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը մշտապես համարել է քաղաքացիական հասարակության հաստատման կարեւոր օղակ, իսկ նրա գործունեությունը՝ անփոխարինելի աջակցություն հասարակական երկխոսության գործընթացում։ Սակայն ուսումնասիրելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության 2006թ. արդյունքների ամփոփման պաշտոնական զեկույցում բերված տվյալները, չենք կարող համաձայնել այնտեղ կատարված եզրակացությունների, օգտագործված որակումների, կատարված ընդհանրացումների եւ, մանավանդ, այն քարոզչական ձեռագրի հետ, որ կիրառվում էր այդ կապակցությամբ սույն թվականի ապրիլի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում։

Այսօր Հայաստանի մայրաքաղաքում ընթանում է վերականգնման եւ զարգացման աննախադեպ գործընթաց։ Վթարային դարձած բազմաբնակարան շենքերի ամրացումը տասնամյակներ շարունակ չէր իրագործվում, եւ միայն վերջին տարիներին, երկրի տնտեսական աճին զուգընթաց, կառավարության կողմից հաստատված եւ հեռանկարային ծրագրերին համապատասխան այն իրականություն դարձավ եւ զարգանում է տարեցտարի աճող թափով։ Սա խոշոր եւ ծախսատար սոցիալական ծրագիր է, որի միակ ուղղվածությունը բնակչության ամենաանհրաժեշտ՝ բնակարանային անվտանգության եւ ապահովվածության խնդիրն է։ Մյուսը՝ քաղաքի կենտրոնի խարխուլ թաղամասերի իրացման եւ վերակառուցման ծրագրերն են, որոնց շնորհիվ այսօրվա դրությամբ արդեն շուրջ 1500 ընտանիք բարելավել է բնակարանային պայմանները։ Նրանց մեջ բողոքողների քանակը կազմում է 1-2%։ Շահերի բախում եւ դժվարություններ միշտ լինում են ցանկացած խոշոր իրագործումների գործընթացում։ Իհարկե, դա եւս պետք է բացառել, որովհետեւ խոսքը մեր քաղաքացիներին է վերաբերում։ Եվ մենք պատրաստ ենք համագործակցելու այս հարցում շահագրգիռ բոլոր կազմակերպությունների հետ։ Խնդիրը դրանք հավասարակշիռ կերպով քննարկելու եւ ճիշտ որակումներ տալու մեջ է։ Կատեգորիկ, ժխտողական մոտեցումները, առանձին դեպքերի բացարձակացումը ձեւավորում է հասարակական մի մթնոլորտ, որն ի վերջո ստիպում է ներդրողներին, համապատասխան կազմակերպություններին՝ հրաժարվել կամ հետաձգել Երեւանի հին բնակֆոնդի կառուցապատման ծրագրերը` մեծ հարված հասցնելով տեղի բնակչության ճնշող մեծամասնության սպասելիքներին եւ քաղաքի զարգացմանը։

Զեկույցում տեղ են գտել անհիմն ենթադրություններ ՀՀ Սահմանադրական դատարանի 18. 04. 2006թ. որոշման պահանջների կատարման ուղղությամբ, առանց նկատի առնելու, որ այդ որոշումից հետո ընդունվել են նոր իրավական ակտեր, որոնցով կարգավորվում եւ իրականացվում է իրացման գոտիներում օտարման գործընթացը, եւ պետբյուջեից վերադարձվել է բնակիչներից պահված եկամտահարկի գումարը:

Մենք օմբուդսմենի կոչումը պատկերացնում ենք ոչ թե քարոզչության, ոչ թե լրացուցիչ երկրորդ դատական համակարգի կամ դատական բարձրագույն ատյանի, այլ յուրաքանչյուր մարդու իրավունքների լրացուցիչ պաշտպանի, օրինական հարաբերությունները կարգավորողի դերում։ Այդ դեպքում նրա գործունեությունն առավել օգտակար կլինի ընդհանրապես հասարակության համար։

Մենք կարծում ենք, որ մեր հետագա համագործակցությունը կկրի ավելի կառուցողական, գործնական բնույթ, անսքող նեգատիվիզմի փոխարեն փորձ կարվի ավելի խորանալ երեւույթների էության եւ խնդիրների բարդության մեջ, կկարողանանք ճիշտ համատեղել մեր քաղաքացիների անձնական եւ հասարակության շահերը»։