Այսօրվանից Հայաստանի օդանավակայաններում ուղեւորներին չի թույլատրվում ինքնաթիռ բարձրացնել իրենց չպատկանող պայուսակները:
Քիչ չեն այն դեպքերը, երբ օդանավակայանում ծանոթները կամ ընդհանրապես անծանոթ մարդիկ ուղեւորներին խնդրում են իրենց հետ տանել եւ մյուս օդանավակայանում սպասող բարեկամներին հանձնել փոքր պայուսակ, փաթեթ կամ փաստաթուղթ: Բոլորն էլ չեն մերժում եւ այդ փոքր խնդրանքը կատարում են: Բոլորիս հետ էլ հաստատ նման պահեր եղել են:
Բայց այսօրվանից օդանավակայանում այդպիսի պատահական ուղեւորաբեռի տեղափոխումն արգելվում է օրենքով: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի ասելով, դա բխում է ավիացիայի անվտանգությունից, որովհետեւ նման դեպքերում ուղեւորը չի էլ նայում, թե տոպրակի մեջ ինչ է: Միգուցե դրա տեղափոխելը չի թույլատրվում կամ վտանգավոր է:
Այսպիսով՝ այսօրվանից ուժի մեջ կմտնի «Ավիացիայի մասին» ՀՀ նոր օրենքը: Այն իր նախորդի համեմատ ենթարկվել է մոտ 80 տոկոս փոփոխության: Ա.Մովսեսյանի ասելով, օրենքի կարեւոր փոփոխություններից կամ նորություններից է նաեւ պարտադիր ապահովագրությունը, ուղեւորների իրավունքների պաշտպանության խնդիրը: Ավիացիայի ոլորտում ապահովագրությունը թեեւ պարտադիր չի եղել, բայց ընկերություններն իրենց ինքնաթիռներն ապահովագրել են: Հիմա ինքնաթիռից բացի պետք է կիրառվի եւս երկու տիպի ապահովագրություն՝ ուղեւորի եւ երրորդ անձի կողմից: Ա.Մովսեսյանի ասելով, պարտադիր ապահովագրությունն իրականացնելու են ավիաընկերությունները, եւ դա ուղեւորատոմսի վրա չի անդրադառնալու: Սրանում, կարծում ենք, բոլորն են կասկածում, որովհետեւ, ինչպես հայտնի է, մեր գործարարներն իրենց գրպանի հաշվին հաճախորդների համար երբեք ծախսեր չեն անում: Իսկ ինչ վերաբերում է ուղեւորների իրավունքների պաշտպանությանը, ապա այսուհետ այստեղ հստակ նորմեր են գործելու: Եթե թռիչքը հետաձգվում է 2 ժամով, ապա ընկերությունը պարտավոր է ուղեւորներին սննդով ապահովել: Եթե ուշացումը 4 եւ ավելի ժամեր է տեւում, ապա, բացի սննդից, պետք է ապահովի նաեւ հաղորդակցության միջոցներով: Իսկ եթե թռիչքը հետաձգվում է 8 եւ ավելի ժամերով, ապա ընկերությունը, սննդից ու հաղորդակցության միջոցներից բացի, պետք է ապահովի նաեւ իր ուղեւորների կացարանի հարցը: Իհարկե, օրենքի այս դրույթները մեզ համար օգտակար են, թեկուզ այն տեսակետից, որ ուղեւորը նման դեպքերում իրեն լքված եւ վիրավորված չի զգա: Սակայն դժվար է պատկերացնել, թե այդ ով կամ ինչպես պետք է պատժի հայրենական եւ միակ ավիափոխադրող «Արմավիային», երբ նա ուշացնի իր թռիչքը: Բոլորին է հայտնի, որ այդ ընկերությունը վայելում է իշխանությունների հովանավորությունը եւ երբեք ոչ մի բանի համար չի պատժվել: Իսկ ինչ վերաբերում է ընկերության ծառայությունների որակին, ապա դրանք հեռու են բավարար լինելուց, թեպետ շատ թանկարժեք են: Վերջերս այդ ընկերությունն այնպիսի գործելաոճ է ընտրել, որ գրեթե բացառել է նշված ժամերին թռիչքներ կատարելը: Ուղեւորներն օդանավակայանում ժամերով սպասում են: Միշտ դժգոհություններ են եղել նաեւ ավիասննդի որակից: Այս դժգոհությունների շարքը կարելի է երկարացնել, բայց մեր ընթերցողներն ավելի լավ են պատկերացնում հայկական ավիացիայում տիրող տխուր վիճակը: Իսկ թե վիճակն ինչքանով կշտկի նոր օրենքը, այս պայմաններում հնարավոր չէ պատկերացնել:
Վերջերս Համաշխարհային բանկը Հայաստանի մասին «Կովկասյան վագր» անունով հերթական զեկույցն էր հրապարակել: Այնտեղ բավականին մեծ անդրադարձ կար նաեւ ավիացիային: ՀԲ փորձագետները գտնում էին, որ մեր իշխանությունները պետք է անհապաղ բարեփոխումներ իրականացնեն այս ոլորտում, բարձրացնեն սպասարկման որակը եւ նվազեցնեն բեռնափոխադրման եւ ուղեւորափոխադրման սակագները: Այս զեկույցի հրապարակումից հետո լրագրողների հետ հանդիպեց ՀԲ փորձագետ Սաումյա Միտրան եւ հայտարարեց, թե ոչ մի երկիր իր ազգային ավիափոխադրողին այսքան արտոնություններ չի տալիս, որքան Հայաստանն է տվել «Արմավիային»: Երեւան-Անկարա չվերթն արժի 250-300 դոլար, մինչդեռ, փորձագետի ասելով, Եվրոպայում այդքան ճանապարհը կարելի է անցնել 40-50 դոլարով: ՀԲ մասնագետների կարծիքով, կարգավորող մարմինը՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչությունը, ոչինչ չի անում ոլորտը կարգավորելու համար: Ա. Մովսեսյանը, սակայն, համաձայն չէ ՀԲ փորձագետների հետ:
«Համաշխարհային բանկի զեկույցի շատ դրույթներ մեզ համար ընդունելի են,- ասում է պարոն Մովսեսյանը: -Մենք շատ անգամ հանդիպել ենք ՀԲ փորձագետների հետ եւ ներկայացրել ենք ֆինանսատնտեսական հիմնավորումներ: Ազգային փոխադրողի առկայությունը հիմնավորված է թե՛ տնտեսական նպատակահարմարության եւ թե՛ ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից»:
Իսկ ավիացիայի ոլորտում ամենահետաքրքիր փոփոխությունը վերաբերում է թերեւս ավիագործակալություններին՝ ավիատոմսեր վաճառող ընկերություններին: Նոր օրենքը սահմանել է, որ ավիագործակալությունները պետք է ապահովեն գործունեության այնպիսի չափանիշներ, ինչը պահանջում է «ԱՅԱՏԱ»-ն՝ միջազգային ավիափոխադրողների կազմակերպությունը: Չափանիշներից մեկն էլ այն է, որ ընկերությունը պետք է գործի 60 քմ տարածքում: Իսկ այդ գործակալությունները շատ հաճախ աշխատում են կրպակային պայմաններում կամ խանութներում առանձնացված ինչ-որ անկյունում: Պարոն Մովսեսյանի ասելով, այդպիսով իրենք նպատակ ունեն «բարձրացնել սպասարկման կուլտուրան եւ վերահսկողությունը»: Բայց անցյալի դառը փորձից մենք արդեն գիտենք, որ նման «բարեփոխումներն» ավելի շուտ ունեն դաշտը մաքրելու նշանակություն: Այսինքն՝ այսօրվանից սկսած կփակվեն ավիատոմսեր վաճառող շատ կետեր: Ոչ բոլոր կետերը հնարավորություն կունենան ապահովել այդ պահանջները եւ կդադարեցնեն իրենց գործունեությունը: Ավիատոմսերի վաճառքն այն եզակի ոլորտներից է, որը քիչ թե շատ գործում է բաց դաշտում: Սպասարկման կուլտուրայի եւ վերահսկողության բարձրացման միջոցառումների արդյունքում այս ոլորտն էլ կմոնոպոլիզացվի: Փաստորեն, մեր իշխանությունները որոշել են կենտրոնացնել նաեւ բիզնեսի այս ոլորտը, հաշվարկել յուրաքանչյուր վաճառվող տոմս եւ դրանից ունենալ իրենց մասնաբաժինը: Այս պատմությունը շատ նման է փոխանակման կետերի պատմությանը, երբ ԿԲ-ն նույն ձեւի չափորոշիչներ եւ վերահսկողություն սահմանեց նաեւ տարադրամի փոխանակման կետերի վրա: Արդյունքում՝ տարադրամի փոխանակման կետերի մեծ մասը փակվեց: Պարոն Մովսեսյանը համաձայն չէր այս համեմատության հետ: Նա ուներ իր օրինակը: «Սա ավելի շատ նման է դեղերի բիզնեսին, երբ մի քանի տարի առաջ այս դաշտն էլ կանոնակարգվեց»,- ասաց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը:
Նշենք, որ նույնիսկ այս դեպքում դաշտում որոշակի մոնոպոլիզացում տեղի ունեցավ: Դա արվեց ավելի շատ արտոնյալ դեղ ներկրողների բիզնեսը մեծացնելու, քան դաշտը կանոնակարգելու համար: Արդյունքում՝ որոշ ներկրողներ եւ դեղատներ չդիմանալով այդ խստացումներին՝ դադարեցրին իրենց գործունեությունը: