Կույր տղան եւ վաստակավոր բարեգործները

08/04/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

23-ամյա Արթուր Գյոգչյանն ինձ հրավիրեց իրենց տուն: Ուզում էր անկեղծանալ, մի քիչ կիսվել իր խնդիրների մասին:

Բայց նախապես զգուշացրեց. «Ճիշտ է, ես կույր եմ, բայց, խնդրում եմ, ինձ վերապահումով չմոտենաք»: Ասում է, որ մայրը խնդրել է ինձ չտխրեցնելու համար տեսողությունը կորցնելու իր պատմությունը չպատմել, սակայն Արթուրն ուզում է պատմել, որովհետեւ ժամանակին բոլորիս նման նա էլ է տեսել լույսը: Դպրոցում Արթուրը տեսողության հետ պրոբլեմներ է ունեցել, ինչի պատճառով մայրը նրան տարել է ակնաբույժի մոտ: Շատ պատահական տղայի մոտ ախտորոշվել է աչքի ներերակային ճնշում` գլաուկոմա հիվանդությունը, որից հետո նրա աջ աչքը 3 անգամ վիրահատել են: «Աչքս շարքից դուրս եկավ ու պայթեց: Ինձ ծանր վիճակում տարան հիվանդանոց եւ աչքս հեռացրին: Շատ չանցած` բակում երեխաների հետ խաղալիս մետաղալարը մտավ աչքս, հարվածից ձախ աչքս տեղն ու տեղը կուրացավ»,- պատմում է Արթուրը, ով այդ ծանր տրավմայից հետո ընդհանրապես կորցրել է տեսողությունը: Իսկ որոշ ժամանակ անց հեռացրել են նաեւ նրա ձախ աչքը, որը փտել էր: Այս դաժան դեպքից հետո նա չի կարողացել կրթությունը շարունակել: Ասում է, որ աջ ու ձախ իրեն ծաղրել, ստորացրել են: Կույրերի միավորումից իրեն ուղարկել են Կոմիտասի N 14 հատուկ գիշերօթիկ դպրոց: «Չեմ ուզում այդ տհաճ դեպքերը հիշել, բայց լկտիների միջավայր էր, որտեղ միայն մարդուն կարող են նվաստացնել: Գնալուս օրվանից միայն փողոցային, լկտի վերաբերմունքի արժանացա: Թե՛ սաները, թե՛ մանկավարժները բառիս բուն իմաստով լկտիներ էին: Իսկ մանկավարժները կույրերի անվան տակ տեսնողներին էին բերում դպրոց: Ինձ միշտ ծաղրում, ձեռք էին առնում, ասում էին` մարմնավաճառների հետ սենց-սենց բաներ անո՞ւմ ես: Ասում էի` չէ: Բա՛, ուրեմն` տղամարդ չես, ու սկսում էին ստորացնել: Անգամ մի օր ծեծ ու ջարդ սարքեցին»,- պատմում է Արթուրն, ով չդիմանալով այդ ծաղրուծանակին, հեռացել է դպրոցից: Զանգահարել է Կրթության նախարարության Հանրակրթական վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանին եւ տեղյակ է պահել, թե ինչ է կատարվում այդ հաստատությունում, սակայն անօգուտ: Ասում է, որ Ա. Մուրադյանն ինքը նման մանկավարժներին պարտակողն է: Մայրը` տիկին Անուշը, պատմում է, որ դրանից հետո Արթուրը ծանր սթրեսների մեջ է եղել, բարդույթներն իրեն խեղդել են, ու տարիներ շարունակ մեկուսացել-փակվել է: «Մարդիկ շատ աննրբանկատ են: Հետո էլ ասում են՝ եվրոինտեգրում, բայց Եվրոպայում որեւէ մեկն իրեն թույլ չի տա կույրին ծաղրել: Կույր մարդն այնտեղ հասարակության համար այս աստիճան անպետք իրեն չի զգա»,- վիրավորված ասում է նա, ում միջամտում է մայրը հորդորելով` «Արթո՛ւր ջան, մի՛ լարվիր, մի՛ նեղվիր, հանգիստ խոսիր»: Արթուրն ասում է, որ կրթություն ստանալու իր երազանքն այդ ամենից հետո հօդս է ցնդել: Փակվելով իրենց փոքրիկ տան մեջ` դրսի հետ նրա միակ կապը եղել է ռադիոն, որի միջոցով տեղեկացել է, թե ինչ է կատարվում Հայաստանում: Արթուրը շշմելու ճշգրտությամբ մեջբերում է, թե որ թվականի, որ օրվա հաղորդած մամուլի տեսությամբ ինչ մեջբերումներ է լսել թերթերից: Բառ առ բառ ասում է «168 Ժամ» թերթի հոդվածներից մեջբերած տեքստերը ու տիրապետում է այն տեղեկատվությանը, թե որ օրը որ ռադիոալիքով ինչ հյուր է եղել, ու ինչ հարցեր են քննարկվել:

Ասում է, որ շատ մարդիկ կան, ովքեր ոչ թե ի ծնե, այլ` դժբախտ պատահարի, Ղարաբաղյան պատերազմի կամ վթարի հետեւանքով են կուրացել ու իր նման հոգեբանական բարդույթի առաջ են կանգնել: Հայաստանում նրանք կարծես դատապարտված են կրթություն չստանալու, չաշխատելու եւ հասարակության կողմից մերժող վերաբերմունքի: «Ամբողջ աշխարհում կույրերը նորմալ ինտեգրվում են հասարակություն, որովհետեւ հեշտությամբ յուրացնում են բրալյան կրթությունը: Երբ ես իմացա, որ Մերգելյան ինստիտուտի փոխտնօրենը բրալյան կրթության ծրագիր է ներդրել, ինձ համար կարծես կյանքն իմաստ ստացավ: Մտածեցի, որ, անկախ իմ կուրությունից, հնարավորություն կունենամ կրթություն ստանալ, գիտելիքներով հարուստ լինել: Բացի դա, հոգեբանական ծրագրեր, գրքեր կուսումնասիրեմ, որպեսզի իմ վրա կարողանամ աշխատել»,- պատմում է Արթուրը, ում ոգեւորությունը, սակայն, կամաց-կամաց վերածվում է անհուսության: Արթուրն ապրում է մոր, տատիկի եւ քրոջ հետ, իսկ հայրը վաղուց մահացել է: Ընտանիքում միայն մայրն է աշխատում, ով մատուցողուհու աշխատանքի դիմաց ստացած գումարով կարողանում է ապահովել ամենօրյա հոգսերը: Բրալյան կրթություն ստանալու համար Արթուրին համակարգիչ է պետք, որը գնելու համար մայրն առնվազն մի քանի տարի պետք է աշխատի եւ գումար խնայի, ինչն ուղղակի անհնար է: 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող, տեսողությունից զուրկ այս երիտասարդը ստանում է ընդամենը 5500 դրամ հաշմանդամության թոշակ: Տիկին Անուշն ամաչում է մեծահարուստներից օգնություն խնդրել, սակայն Արթուրը կրթություն ստանալու համար ամեն ինչի պատրաստ է: Ասում է, որ Հայաստանում չկա մի մեծահարուստ, գերատեսչություն, կազմակերպություն կամ կուսակցություն, որին համակարգչի հարցում իրեն օգնելու համար դիմած չլինի: Ամենավիրավորականն Արթուրի համար եղել է ՀՀ նախագահին ուղղած նամակի պատասխանը, որը ստացել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից: «ՀՀ նախագահին ուղղած Ձեր դիմումը վերահասցեագրվել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Ինչ վերաբերում է համակարգչի տրամադրմանը, ապա տվյալ հարցի լուծումը դուրս է ՀՀ Սոցապ նախարարության իրավասության շրջանակներից: Հաշվի առնելով Ձեր ընտանիքի սոցիալապես ծանր վիճակը՝ նախարարությունն իր ֆինանսական միջոցներից հատկացրել է դրամական օգնություն 5000 դրամի չափով»: Ասում է, որ ինքը ողորմություն չի խնդրում, պարզապես կրթություն ստանալու համար խնդրում է համակարգչի հարցում աջակցել իրեն: Նախընտրական այս շրջանում բոլոր թեկնածուների, կուսակցությունների նախընտրական ծրագրերում մշտապես անդրադարձ է լինում հաշմանդամների հիմնահարցերի բարելավմանը, սակայն Արթուրը վստահեցնում է, որ այդ կետը պարզապես ծրագրերը հարստացնող մի ատրիբուտ է. «Եթե հաշմանդամների հիմնահարցերը կարգավորելու ծրագիր ունեն, ապա ես բոլորին դիմել եմ, խնդրել եմ ինձ օգնել` կօգնեին, չէ՞: Ամեն ինչ սուտ ու ձեւական է: Բոլորն էլ նման ծրագրով գալիս են իշխանության ու կեղեքում են երկրի եղածը: Նրանց համար մի կույր տղային համակարգիչ գնելու գումարն ի՞նչ է: Այդ գումարով ռեստորանում ամեն օր հաց են ուտում: Իսկ «Բարգավաճ Հայաստանին» երբ դիմեցի, ասեցին՝ պիտի գանք նկարենք ու հեռուստատեսությամբ ցույց տանք: Ասացի` պետք չէ, ուրեմն` անում են, որ ինձ ամբողջ երկրով ստորացնեն ու ցույց տան, իբր բարի գործ են արել: Բարի գործ անողն էդքան չի ասում, որ բարի գործ է արել»: Արթուրը ասում է, որ հաշմանդամ մարդն այսօր շատ խնդիրներ ունի` շփման, հարգալից վերաբերմունքի պակաս, հոգեբանական բարդույթներ, տագնապային վիճակներ, սոցիալական անպաշտպանություն, կրթական խնդիր, սակայն սարսափելին ոչ խնդիրներ ունենալն է, ոչ էլ հաշմանդամ լինելը. «Սարսափելին խնդիրների չլուծված լինելն է, որ ես այսօր 5.500 դրամ թոշակ եմ ստանում, իսկ մեր վաստակավոր ընտրակեղծարարները՝ 225.000 թոշակ»: Կույրերի «Արեւ» համակարգչային տեղեկատվական ծրագրով Արթուրը պարզապես ցանկանում է ինքնակրթությամբ զբաղվել: Նրա սոցիալական վիճակը թույլ չի տալիս թեկուզ մասնավոր պարապմունքների միջոցով կրթվել: