Թեեւ Հայաստանը հայտնի է որպես առավել միատարր` հայերով բնակեցված երկրամաս, այնուամենայնիվ, վերջին 10 տարիների ընթացքում մեր երկրում նկատվում է էթնիկ բազմազանություն: Հանրապետությունում տեղակայված նոր էթնիկ խմբավորումներն են բուլղարները, աբխազները, աբազները, պարսիկները:
Հայաստանի էթնիկական խճանկարի մեջ են մտնում նաեւ այլազգի ուսանողները` չիները, հնդիկները եւ այլն: Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրեր` ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը, եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների հարցերի համակարգող Սերգո Երիցյանն անդրադարձան Հայաստանում առկա ազգային փոքրամասնությունների` երկրի իշխանական մարմիններում, մասնավորապես՝ խորհրդարանում ներկայացուցիչ ունենալու անհրաժեշտությանը, ինչը, նկատենք, միջազգային կառույցների, մասնավորապես՝ Շրջանակային կոնվենցիայի շրջանակներում հանձնառած պարտավորություններից է: Հ. Խառատյանը տեղեկացրեց, որ վերջին մարդահամարի տվյալներով, Հայաստանի ազգային փոքրամասնությունները կազմում են երկրի բնակչության 2,2 %-ը, որոնց մեջ գերակշռում են եզդիները` 75 %: Հ. Խառատյանն ընդգծեց նաեւ, որ այս պահին որպես էթնիկ փոքրամասնություն կարող են հիշատակվել միայն եզդիները, ասորիները եւ ռուսները, իսկ ոչ հայազգիների թիվը ներկա դրությամբ 6 տասնյակից ավելին է: «Այդ 2,2 %-ն իր ներսում անհամամասն է բաշխված: Եվ խորհրդարանում բոլորին միասին 2 տեղ հատկացնելու դեպքում, որքան էլ ազգային փոքրամասնություններն իրենց ներսում փորձեն ուժերի հարաբերակցությունը բաշխել, այսպես թե այնպես, քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը գնալու է եզդիների օգտին, ինչը ենթադրում է ոչ թե ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծում, այլ միայն եզդիների ներքին խնդիրների տեղափոխում Ազգային ժողով»,- նկատեց Հ. Խառատյանը: Այս ամենը հաշվի առնելով, վարչության կողմից մշակվել եւ հաջորդ գումարման Ազգային ժողով կներկայացվի նոր` «Ազգային փոքրամասնությունների մասին» օրինագիծ, որի հիմնադրույթի համաձայն, ազգային փոքրամասնությունները կարող են ունենալ երեք անձից բաղկացած, համայնքի շահերն արտահայտող ընտրովի մարմին: Ներկայումս մշակվում են նաեւ այն մեխանիզմները, որոնցով այդ մարմինները կարող են ներգրավվել իշխանական բոլոր գերատեսչությունների աշխատանքներում: Օրենքի նախագծով առաջարկվում է նաեւ այն բնակավայրերում, որտեղ որեւէ ազգային փոքրամասնություն կազմում է բնակչության գոնե 15 %-ը, Տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) ընդգրկել այդ էթնիկ համայնքի ներկայացուցչին, «որպեսզի ՏԻՄ-ի որոշումներում համայնքի ճակատագրին առնչվող որոշումները լինեն ոչ թե կամային, այլ ներկայացուցչական»: Այսպիսով, երեկվա մամուլի ասուլիսից հետո, կարելի է ասել, որ առաջիկա խորրդարանական ընտրություններում քաղաքական կուսակցությունների ընտրացուցակներում առաջադրված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ընտրվելու դեպքում առաջին հերթին ընկալվում են իբրեւ ՀՀ քաղաքացիներ, այլ ոչ թե «խորհրդարանում որպես միայն մի էթնիկ խմբի շահերն արտահայտող ազգային խմբի ներկայացվածություն»: Տեղեկացնենք, որ մայիսին կայանալիք ընտրություններին առաջադրված են 4 այլազգի` եզդի եւ ասորի ներկայացուցիչներ: Իսկ հանդիպման մյուս բանախոս Սերգո Երիցյանը ներկայացնելով այլ երկրների կառավարման համակարգում ազգային փոքրամասնությունների ընդգրկվածության տարբեր մոդելներն, ասաց, որ Հայաստանի էթնիկ խմբավորումները չունեն քաղաքական խնդիրներ, նրանց խնդիրները հիմնականում կրթամշակութային են` կադրերի վերապատրաստում, դասագրքեր: Այս խնդիրներին համակարգված մոտեցում կցուցաբերվի միայն 2008թ. պետբյուջեով: Ընդառաջ գնալով հանրապետությունում բնակվող էթնիկ համայնքների ազգային ինքնության պահպանմանը, Ս. Երիցյանը տեղեկացրեց, որ 10 օր հետո մայրաքաղաքի կենտրոնական հատվածում տեղի կունենա ազգային փոքրամասնությունների համար նախատեսված կրթամշակութային կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որտեղ ապրիլի
1-ին նշվել է Հայաստանի ասորիների Նոր տարին` ասորական 6757թ.: Նա նաեւ տեղեկացրեց, որ 2007թ. ընդունելության քննությունների ընթացքում մեծ տեղ է հատկացվելու այլազգիներին, օրինակ, Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետում 2 տեղ կհատկացվի ասորական եւ եզդիական համայնքների համար: Իսկ Հ. Խառատյանը վերջում տեղեկացրեց, որ հայերի հետ միասին երկրից արտագաղթել են նաեւ այլազգիները. 3 անգամ նվազել է ռուսների թիվը: