Քրիստոս յարեա՛ւ ի մեռելոց
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց
մահուամբ զմահ կոխեաց
Եվ Յարութեամբն իւրով
Մեզ զկեանս պարգեւեաց»
Շարական
Ապրիլի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին մեծ շուքով նշում է մեր տոնական տարվա թագ ու պսակ Ս. Զատիկը` Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Այն մեր Եկեղեցու հինգ գլխավոր` Տաղավար տոներից մեկն է եւ շարժական լինելով` միշտ նշվում է գարնան գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը: Այսպիսով Զատիկը տեղաշարժվում է մարտի 21-ից մինչեւ ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում` ըստ այդմ էլ հիմք դառնալով մեր տոնացույցի մյուս շարժական տոների համար:
«Զատիկ» բառը վերջնականապես ստուգաբանված չէ եւ տարբեր մեկնաբանություններով կապվում է «զատել», «ազատություն», «հատիկ» («զհատիկ»), «զենում» եւ այլ բառերի հետ: Հին Ուխտում Զատիկը նույնանում է հրեական Պասեքի (որ ծագում է եբր. բեսախ` «անցում», «ելք» բառից) հետ եւ խորհրդանշում Կարմիր ծովով հրեաների անցնելն ու եգիպտական գերությունից ազատագրվելը: Հրեա ժողովուրդն իր պատմության մեջ անչափ վճռորոշ այս իրողությունն ավանդաբար նշում է զատկական գառ մորթելու եւ բաղարջ հաց թխելու սովորությամբ: Հրեական այս տոնը նախօրինակ եղավ հանուն մարդկության Աստվածորդու սրբարար արյան հեղմամբ ու հրաշափառ Հարությամբ հաստատված քրիստոնեական Զատկի. «Այս բոլորը իբրեւ օրինակ պատահեց նրանց հետ, բայց որպես խրատ գրուեց մեզ համար» (Ա. Կորնթ. 10:11), «Քրիստոս` մեր զատիկը, մորթուեց» (Ա. Կորնթ. 5:7):
Մեղանչումով մարդկությունը զրկվեց Աստծու շնորհներից եւ ընկավ մեղքի ու մահվան իշխանության տակ: Մարդը, որ անմահ էր ստեղծված, մեղքի պատճառով մահկանացու դարձավ` այլեւս անկարող լինելով սեփական ճիգով վերականգնվելու իր նախաստեղծ շնորհի մեջ: Սակայն ամենագթածն Աստված մարդուն ընդմիշտ չզրկեց Իր ողորմածությունից, այլ Իր Միածին Որդուն տվեց, որ մարմնացավ, կրեց մարդկային կյանքի բոլոր նեղությունները, մահացավ խաչի վրա եւ հարություն առնելով` բացեց հավիտենական կյանքի դռները: Իբրեւ Արդար Դատավոր` Աստված պատժեց մարդու օրինազանցությունը, սակայն իբրեւ Սիրող Հայր` Ինքը հանձն առավ պատժի ծանրությունը եւ փրկագնեց մարդուն մահվան գերությունից: Եվ ինչպես հրեաների առջեւ ճեղքվեց Կարմիր ծովը, եւ բացվեց Ավետյաց երկրի ճանապարհը, այնպես էլ քրիստոնյաներիս առջեւ ճեղքվեց մեղքի ծովը, եւ բացվեց Երկնային Արքայության ճանապարհը:
«Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք, ով յավատում է Ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի» (Հովհ. 11: 22),- Փրկչի այս խոստումով տոգորված եւ Նրա Հարությամբ ոգեշնչված է, որ իրենց Վարդապետի մահվանից բարոյալքված, գրեթե ցրված մի խումբ առաքյալներ անխորտակելի վճռականությամբ ելան ի լուր աշխարհի քարոզելու Ավետարանը: Եվ հենց առաքյալներն էլ հաստատեցին Փրկչի Հարության հիշատակն անմար պահող եւ մարդու փրկության ավետիսը հռչակող Ս. Զատիկը, որն ըստ ամենայնի յուրացվեց ու հոգեհարազատ դարձավ նաեւ Խաչյալ եւ Հարուցյալ Փրկչին մեծապես հետեւող մեր ժողովրդի համար:
Եկեղեցու հայրապետների ու վարդապետների կանոններով Զատկից առաջ հաստատված Քառասնօրյա պահքն ու Ավագ շաբաթը լավագույն միջոց են մեր հավատացյալ ժողովրդին հոգեպես ու մարմնապես պատրաստելու Ս. Հարության տոնի արժանավոր դիմավորման համար: Զատկի նախորդ երեկոյան` Ճրագալույցի խթումի նավակատյաց ընթրիքին Մեծ պահքը մեղմանում է ձկնեղենով, կաթնեղենով ու ձվով:
Ավանդաբար զատկական սեղանների զարդն է համարվում կարմիր ներկած եւ եկեղեցում օրհնված հավկիթը, որը, ըստ Սբ. Գր. Տաթեւացու, խորհրդանշում է աշխարհը. «դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղինն էլ երկիրն է», իսկ կարմիր գույնը` Քրիստոսի արյամբ աշխարհի փրկագնումը:
Կմաղթեինք, որ Ս. Զատկի այս տոնը մեր ժողովրդի համար լինի ոչ միայն սոսկ մարմնական, այլ առավել` հոգեւոր ուրախության ու ցնծության տոն, քանզի մեր Փրկչի Հարությամբ մահն այլեւս պարտված է մեզ համար, ինչպես Պողոս Առաքյալն է ասում. «Ո՞ւր է, մա՛հ, քո յաղթութիւնը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը» (Ա. Կորնթ.16:25): Ուստի Սուրբ Հարության լույսով մաքրե՛նք մեր հոգին մեղքի խավարից` արժանիորեն մոտենալով Փրկչի Մարմնին ու Արյանը եւ հոգեւոր ուրախությամբ սրտանց միմյանց հաղորդենք զատկական երջանիկ ավետիսը` «Քրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։