Ահաբեկչությունն արդարացում չունի

06/04/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը երեկ «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաեւ ապրիլի 2-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ կատարված մահափորձին ու դատապարտեց այն:

Սակայն դաշնակցական պատգամավորը դա արեց հետեւյալ ձեւակերպմամբ. «Դատապարտելի է ցանկացած ահաբեկչություն հայի նկատմամբ՝ Հայաստանում»: Բնականաբար, հարց է ծագում, թե մի՞թե, ըստ պարոն Կարապետյանի, այլազգիների նկատմամբ կատարված ահաբեկչությունը դատապարտելի չէ: Պատգամավորը սկզբում ձեւ արեց, թե չլսեց հարցը եւ շարունակեց իր խոսքը, սակայն երբ լրագրողներից մեկը նորից հարցրեց, թե մի՞թե այլազգիների նկատմամբ իրականացվող ահաբեկչությունը դատապարտելի չէ, Հ. Կարապետյանը պատասխանեց. «Տենց էլ գիտեի, որ հարցնելու եք»: Նրա հավաստմամբ՝ մեր երկիրը 40-ից ավելի հակաահաբեկչական բնույթ ունեցող միջազգային կոնվենցիաների է միացել, հետեւաբար «չենք կարող որեւէ ահաբեկչություն հովանավորել կամ քարոզել, եւ այլն»: Այնուհետեւ դաշնակցական պատգամավորը շարունակեց. «Այն ակնարկը, որ դուք արեցիք, դա ահաբեկչության հետ կապ չունի. Հայ Դատի համար պայքարը մեր ազգային-ազատագրական պայքարի մասն է, որն ահաբեկչության հետ որեւէ կապ չունի»: Այն, որ ՀՅԴ-ն Հայ Դատի «ծիրին մեջ» ընդունելի է համարում նաեւ ահաբեկչական բնույթի գործողությունները, նորություն չէ: Այս մասին ՀՅԴ-ի ղեկավարներն առաջին անգամ չէ, որ հայտարարում են: Իհարկե, նրանք «հանուն Հայ Դատի պաշտպանության» կատարվող ինչ-ինչ գործողություններն ահաբեկչություն չեն որակում, ինչպես երեկ այդ մասին հայտարարեց Հ. Կարապետյանը: Այսինքն՝ դաշնակցականներն առաջնորդվում են «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով, եւ, հետեւաբար, ըստ նրանց, այդ միջոցները ոչ մի դեպքում չեն կարող որակվել «ահաբեկչություն»: Սակայն այստեղ պրն Կարապետյանի այս թեզը, մեղմ ասած՝ խիստ վիճելի է: Օրինակ՝ ի՞նչ եք կարծում, երբ թուրք ազգայնական Օգյուն Սամաստը սպանեց Հրանտ Դինքին, դա ահաբեկչությո՞ւն էր, թե՞ ոչ: Ըստ դաշնակների տրամաբանության՝ ոչ, որովհետեւ Օգյուն Սամաստը Հրանտ Դինքին սպանել է «հանուն թուրք ժողովրդի արժանապատվության» կամ, այսպես ասենք, «Թուրք Դատի ծիրին մեջ»: Երբ Օսամա Բեն Լադենի գլխավորած Ալ Քաիդան պայթեցնում է շենքեր, սպանում պետական պաշտոնյաների, առեւանգում ու գլխատում մարդկանց, այդ ամենը կարելի՞ է որակել ահաբեկչություն: Ըստ դաշնակների տրամաբանության՝ միանշանակ ոչ, որովհետեւ Ալ Քաիդան էլ այդկերպ ինչ-որ մի շրջանակի դատն է հետապնդում: Երբ Շամիլ Բասաեւի զինյալները Բեսլանում դպրոց գրավեցին ու հարյուրավոր երեխաների սպանեցին, սա ահաբեկչությո՞ւն է: Ըստ դաշնակցականների տրամաբանության՝ ոչ, որովհետեւ Շ. Բասաեւն էլ շատ «ազնիվ մղումներով» է դա արել՝ «Չեչեն Դատի ծիրին մեջ», որն էլ հաստատ Բասաեւն ու իր համախոհները համարում են չեչենների ազգային-ազատագրական պայքարի մաս ու չեն համարում ահաբեկչություն: Երբ տասնյակ տարիներ շարունակ պաղեստինյան Համաս խմբավորումը, իռլանդական բանակը, բասկերը, «Հըզբոլլահ» խմբավորումն ու չգիտեմ էլ ինչերը տարբեր վայրերում ահաբեկչություններ են կազմակերպում, որոնց արդյունքում զոհվում են հազարավոր մարդիկ, սպանվում երկրների պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, դա ահաբեկչությո՞ւն է: Ըստ դաշնակցականների տրամաբանության, ոչ, ոչ ու էլի ոչ, որովհետեւ այդ ամենը տվյալ ահաբեկչական ակտերի հեղինակները համարում են իրենց ազգային-ազատագրական պայքարի մաս, դրանք նրանց համար տեղավորվում են «Պաղեստինյան Դատի», «Իռլանդական Դատի», «Բասկերի Դատի» ու էլի շատ ու շատ այլ դատերի շրջանակներում: Մի՞թե այն, որ ամեն օր տարբեր խմբավորումների իրականացրած պայթյունների արդյունքում Իրաքում մի քանի տասնյակ մարդ է զոհվում, ահաբեկչություն է: ՀՅԴ-ի տրամաբանությամբ՝ նորից ոչ. չէ՞ որ դա իրականացվում է «Իրաքցիների Դատի» շրջանակներում, «հանուն Իրաքի ժողովրդի պայծառ ապագայի եւ հանուն ազատ, անկախ ու միացյալ Իրաքի»: Ու ընդհանրապես, աշխարհում ոչ մեկը չի քնում ու վեր կենում՝ մարդկությանը վնաս տալու մոլուցքով, եւ բոլոր ահաբեկչություններն էլ ինչ-որ մի նպատակ ունեն ու այդ նպատակը հաստատ այնքան էլ վատը չէ եւ տեղավորվում է «կոնկրետ ժողովրդի դատի ծիրին մեջ» (ըստ տվյալ ահաբեկչական ակտի կազմակերպիչների): Եվ ամեն օր տասնյակ, հարյուրավոր մարդկանց մահն «ընդամենը» մեկ պատճառ ունի. նրանց սպանության պատճառ դարձած պայթյունների ու ահաբեկչական այլ ակտերի կազմակերպիչները պայքարի այդ ձեւը համարում են ընդունելի իրենց «դատն» իրականացնելու համար: Վերջապես հենց այդ մտածողությունն էր պատճառը, որ նախկին դաշնակ Նաիրի Հունանյանն իր խմբով իրականացրեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Նրանց թվում էր, թե իրենք «ազգի համար մեծ գործ են անում» ու պետք է դրա համար հերոսի կոչում ստանան: Այնպես որ, եթե ՀՅԴ-ն «Հայ Դատի ծիրին մեջ» ընդունելի է համարում ահաբեկչական բնույթի գործողությունները եւ դա համարում է ազգային-ազատագրական պայքարի մաս, ապա կամ պետք է նաեւ հայտարարի, որ Ալ Քաիդան, Համասը, «Հըզբոլլահը» ու էլի շատ այլ կազմակերպություններ ահաբեկչական կառույցներ չեն, կամ էլ պետք է հայտարարի, որի ինքն էլ է ահաբեկչական կառույց: Իրականում ահաբեկչությունը չունի եւ չի կարող ունենալ որեւէ արդարացում: