Կարապետյանը փաստեր ունի

06/04/2007

Երեկ ասուլիս էր հրավիրել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը: Դաշնակցական պատգամավորն այդ ասուլիսում շատ թափանցիկ ակնարկներ արեց խիստ որոշակի ուժերի հասցեին: Նախ՝ պատգամավորը հերքեց շրջանառվող լուրերը, թե ՀՅԴ-ն Դավիթաշենում անձնագրեր է հավաքում՝ չորս ընտանիքի անձնագրերի հավաքումը՝ 200 դոլար սակագնով: «Սուտ է: Դա արվում է ՀՅԴ-ին վարկաբեկելու համար: Նախ զարմանում եմ, թե ընդհանրապես ինչո՞ւ են անձնագրեր հավաքում»,- նշեց նա: ՀՅԴ-ական պատգամավորն իր զարմանքը հայտնեց նաեւ այն կապակցությամբ, որ որոշ ուժեր մի քանի օր չհամբերեցին ու քարոզարշավի պաշտոնական մեկնարկից շուտ տարբեր տեղերում փակցրեցին իրենց պաստառները: Սակայն նա դա օրենքի խախտում էլ չորակեց: Միաժամանակ Հ. Կարապետյանը նշեց. «Օրինակ՝ ես ունեմ փաստեր, որ որոշ պատգամավորներ ենթադրենք ինչ-որ տաղավարներ են սարքում: Կարող եք ստուգել՝ Փափազյան 11-ում: Ես ունեմ տվյալներ, որ, օրինակ, Կոմիտաս 29/1 շենքում բոլոր շենքից անձնագրերը հավաքել են: Ես ունեմ տվյալներ, որ Մամիկոնյան փողոցի շրջակայքում ինչ-որ հագուստներ են բաժանել»: Պատգամավորն առաջարկում է «գործուն մեխանիզմներով» համատեղ ուժերով այս ամենի դեմ պայքարել: Ըստ նրա, բիզնեսն ու քաղաքականությունն իրար հետ համատեղելն անընդունելի է: Հ. Կարապետյանն ազնիվ կլիներ, եթե նաեւ իր կուսակցական ընկերների կառուցած տաղավարներն ու այլ օբյեկտները, գրաված բիզնես ոլորտներն ուրվագծեր:

Ինչո՞ւ են մարդիկ ուզում փող ծախսել ու հայտնվել խորհրդարանում: Իր առաջադրած այս հարցին Հ. Կարապետյանն ինքն էլ պատասխանեց. «Մեկ պատասխան կա. որպեսզի իր շահումները գերապատկի, իր բիզնեսը գերապատկի, որպեսզի իր մանդատն օգտագործելով, հարկեր չմուծելով՝ իր շահույթն ավելացնի: Այսինքն՝ այսօր մանրուքներ, փշրանքներ բաժանելով ժողովրդին, նրանք փշրանքների հազարապատիկը, միլիոնապատիկն ուզում են հանել հինգ տարվա ընթացքում»: Նրա խոսքերով՝ խոշոր հարկատուներն օրը ցերեկով հարկերը թաքցնում են ու «հպարտանում դրանով»: Ակնարկը թերեւս շատ թափանցիկ ստացվեց: