ԿԸՀ երեկվա նիստում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը հայտարարել է, թե «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի ներկայացրած տեղեկանքի համաձայն, նա ՀՀ քաղաքացի է, բայց Երեւանում է ապրում 2006 թվականից: Այնինչ, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ ԱԺ պատգամավորը պետք է Հայաստանում ապրելիս լինի նվազագույնը 5 տարի: «Արդարության» ներկայացուցչի հավաստմամբ, սա վկայում է այն մասին, որ Ս. Բաբայանն իշխանությունների համար խոցելի է, քանի որ հենց Բաբայանն իշխանություններին քննադատի` նրա գրանցումն անմիջապես անվավեր կճանաչեն: Ֆ. Խաչատրյանն առաջարկեց Բաբայանին հնարավորություն տալ 48 ժամվա ընթացքում նոր տեղեկանք բերել: Թե 48 ժամվա ընթացքում ինչպես էր Ս. Բաբայանը դառնալու 5 տարի անընդմեջ ՀՀ-ում բնակված քաղաքացի, դժվար է ասել: Խաչատրյանի առաջարկին կողմ էին միայն «Արդարության» եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչները: Իսկ ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչ Հալմետ Աբրահամյանը, ով դեմ էր առաջարկին, լրագրողների հետ զրույցում ասել է. «Եթե Ս. Բաբայանը բերեր տեղեկանք, որ նա ՀՀ քաղաքացի է եւ բնակվել է Վանա Սուրբ Խաչ եկեղեցու կողքը, ես երկու ձեռքով կքվեարկեի»: